Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին և հայ ժողովրդին. Պաշտոնական

Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին և հայ ժողովրդին. Պաշտոնական
Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին և հայ ժողովրդին. Պաշտոնական

Այսօր կայացել է Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի հեռախոսազրույցը: Այս մասին հայտնում է ՌԴ Նախագահի պաշտոնական կայքէջը:

Ըստ աղբյուրի՝ ՌԴ Նախագահը ևս մեկ անգամ ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին և ողջ հայ ժողովրդին՝ Գյումրիում մի քանի օր առաջ տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որի զոհ է դարձել մի ամբողջ ընտանիք:

Ռուսաստանի Նախագահը համոզմունք է հայտնել, որ անհրաժեշտ բոլոր քննչական գործողությունները կիրականացվեն ամենասեղմ ժամկետներում և մեղավորները կկրեն օրենքով նախատեսված պատիժը:

«Վ.Պուտինը նաև հույս է հայտնել, որ Գյումրի ժամանած ռուսաստանցի բժիշկները հայ գործընկերների հետ միասին բարձրորակ օգնություն կցուցաբերեն այդ ողբերրգության ժամանակ ողջ մնացած 6-ամսյա Սերյոժա Ավետիսյանին»,-մասնավորապես նշված է հաղորդագրության մեջ:

Նշվում է նաև, որ ՌԴ ղեկավարը Սերժ Սարգսյանին վստահեցրել է, որ անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը պատրաստ է բժշկական մասնագիտացված ինքնաթիռ ուղարկել՝ Մոսկվայում երեխայի հետագա բուժումը կազմակերպելու համար:

ՌԴ Նախագահի մամլո ծառայության փոխանցմամբ՝ Վ.Պուտինն ու Ս.Սարգսյանը հեռախոսազրույցի ընթացքում, բացի այդ, քննարկել են ռուս-հայկական հարաբերություններին վերաբերող ընթացիկ հարցեր:

Հեղինակ: «Փաստինֆո»