64-ամյա Ռուզաննա Գալստյանը հուզմունքով է հիշում պայմանագրային զինծառայող որդու տնից դուրս գալու պահերը. «Ոչ մի անգամ առանց համբուրելու դուրս չէր գալիս։ Ձեռքերս էր անընդհատ համբուրում, ես էլ ասում էի՝ ոնց որ պաչիկ ձյաձյա լինես»։
Մայրն ասում է՝ միշտ ականջներում է նաև որդու քաղցր խոսքերը՝ «Մամուլկին, բարև, սրբություն»։
Ռուզաննան 21-ամյա տղային կորցրել է պատերազմի երրորդ օրը՝ սեպտեմբերի 29-ի առավոտյան։ Նախորդ օրը երեկոյան որդին՝ Էդգար Գալստյանը, զանգել է մորն ու ասել՝ եթե գիշերը լուսացնի, լավ կլինի։
«Ախպորս աղջիկն ասեց՝ աղոթում ենք ձեր համար, տղես ասեց՝ ձեր աղոթքներն են, որ ինձ 9 անգամ փրկել են։ Առավոտյան որդիս մինամյոտից զոհվեց»,- պատմում է ու հուզվում մայրը։
Էդգար Գալստյանը մեկ տարի է՝ պայմանագրային զինծառայող է եղել Քարվաճառում, դիրքերում է եղել, երբ պատերազմն սկսվել է։ Մայրն ասում է՝ որդին անվախ էր, զինակից ընկերները պատմել են, որ չի փորձել թաքնվել․ «Ասել ա՝ թուրքն ով ա, որ ինձ խփի, 3 վայրկյան հետո խփել են»։
Որդու զոհվելու լուրն իմանալուց հետո Ռուզաննայի կյանքը, իր խոսքով, վերածվել է դժոխքի։ Ասում է՝ ավագ որդի ունի, բայց Էդգարի հետ շատ կապված էր։
«Ես մի տղա էլ ունեմ, ինքն էլ ապրիլյանի ժամանակ ա պատերազմի մասնակից էղել, բայց Էդգարի հետ կապը մի ուրիշ ձև էր, ուրիշ ձև էր վերաբերվում։
Մեծ տղաս անգամ մեկ-մեկ ծաղրում էր եղբորը, ասում էր՝ ոնց որ մամայի բալա լինես, անընդհատ մամայիդ կպած»,- պատմում է մայրը։
Ռուզաննան և երկու որդիները մինչ պատերազմը Քարվաճառում են ապրել, վերաբնակեցման ծրագրով Երևանից Քարվաճառ էին տեղափոխվել։ Մայրն ասում է՝ որդին երազում էր տունը վերանորոգել, անասուն գնել, պահել։
«Ու միշտ ասում էր՝ քեզ տանելու եմ քո Երևանը, դու թոշակի անցնես, չես աշխատելու, տունը կնստես, քեզ թագուհու նման կպահեմ»,- հիշում է ու հուզվում մայրը։
Էդգարը սիրում էր սպորտը, հատկապես ֆուտբոլը։ Մոր խոսքով՝ որդու երազանքներից էր նաև ընդունվել ֆիզկուլտ ինստիտուտ։
«Ֆուտբոլ էր շատ սիրում, իր տարիքային խմբում երկու անգամ ճանաչվել ա Արցախի լավագույն դարպասապահ։ Ուզում էր ֆիզկուլտ ինստիտուտ ընդունվել, գումարս չէր հերիքում, ասում էր՝ մամա՛ ջան, իմ փողերով իմ վարձը կտամ»:
Ռուզաննան ասում է՝ ցավը խորն է, անդիմանալի։ Հաճախ է որդու նկարի հետ զրուցում, խորհուրդ հարցնում․
«Անընդհատ խոսում եմ, կիսվում, խորհուրդ եմ հարցնում՝ էս ճի՞շտ արեցի, առանց իմ հետ խորհրդակցելու ինքն էլ ոչինչ չէր անում»,- ասում է մայրը։
Ռուզաննան ասում է՝ չի կարողանում համակերպվել էն մտքի հետ, որ որդին այլևս չկա։
«Մինչև հիմա ուղեղս չի ընդունում, չբացեցին, որ տեսնեմ, ուղեղումս չի տեղավորվում»։
Էդգար Գալստյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով։
Մարտական ծառայության մեդալը շնորհվում է մարտական առաջադրանքների կատարմանը նպաստող հմուտ, նախաձեռնող, համարձակ գործողությունների, զորքերի մարտական պատրաստվածության ապահովման, երկրի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած ծառայությունների համար:
Արփինե Արզումանյան
MediaLab.am