Պեսկով. Հայաստանը կարող է դուրս գալ ՀԱՊԿ-ից, եթե այլևս դրա կարիքը չի տեսնում

Հայաստանը կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ), եթե Երևանն այլևս անհրաժեշտ չի համարում անդամակցությունը։ Այս մասին լրագրողներին հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե Երևանը «շատ գոհ» կլինի, եթե ՀԱՊԿ-ը որոշի հեռացնել Հայաստանին։

«Եթե Երևանը, ելնելով իր ազգային շահերից, այլևս կարիք չունի անդամակցելու տարածաշրջանային անվտանգության ապահովման համար կարևոր այդ կազմակերպությանը, ապա ազատ է համապատասխան որոշում կայացնելու և դուրս գալու կազմակերպությունից»,- ասել է Պեսկովը։

Նրա խոսքով՝ Հայաստանը տարբեր մակարդակներով հայտարարել է, որ ՀԱՊԿ-ում իր անդամակցությունը սառեցված է, սակայն առայժմ դուրս գալու մտադրության մասին չի հայտարարել։

Պեսկովը նաև նշել է, որ Կրեմլը դեռևս չի ստացել որևէ պաշտոնական ծանուցում կամ փաստաթուղթ Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ։