Մանվել Գրիգորյանի լուսանկարի հրապարակման առնչությամբ ծառայողական քննություն է ընթանում

Մանվել Գրիգորյանի լուսանկարի հրապարակման առնչությամբ ծառայողական քննություն է ընթանում
Մանվել Գրիգորյանի լուսանկարի հրապարակման առնչությամբ ծառայողական քննություն է ընթանում

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը դատապարտելի է համարում կալանավորված անձին լուսանկարելն ու հրապարակելը` անկախ այդ անձի հանդեպ վերաբերմունքից՝ անվանելով դա իրավունքի խախտում: Այս մասին նախարարն ասել է լրագրողների հետ հանդիպմանը՝ անդրադառնալով գեներալ Մանվել Գրիգորյանի լուսանկարի հրապարակմանը:

«Կարծում եմ՝ սա իրավունքի խախտում է: Եթե նույնիսկ դատապարտյալն ազատազրկված է և տվել է իրեն լուսանկարելու և հրապարակելու իր համաձայնությունը, զանգվածային լրատվամիջոցը պետք է ծանր ու թեթև անի՝ հրապարակի այն թե ոչ, որովհետև ազատազրկման մեջ գտնվող անձի կամքը ազատորեն չի ձևավորվել: Այս սկզբունքից ելնելով է նաև, որ դատապարտյալներին ընտրական իրավունք չի տրվում»,- ասաց Զեյնալյանը:

Նախարարի խոսքով՝ լուսանկարն արվել է ոչ թե «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, այլ ավելի վաղ՝ ՁՊՎ-ում: Նախարարի հանձնարարությամբ՝ դեպքի առնչությամբ կատարվում է ծառայողական քննություն:

Նա լրագրողներին հորդորել է ուշադիր լինել այդպիսի հրապարակումների նկատմամբ:

«Եթե այդպիսի լուսանկար արվել էր, ճիշտ կլինի, որ լրատվամիջոցը զերծ մնար այն հրապարակելուց»,- ասել է Զեյնալյանը:

Հիշեցնենք, որ նախօրեին armtimes.com-ը հրապարակել էր Մանվել Գրիգորյանի լուսանկարը, որը քննադատության մեծ ալիք էր բարձրացրել։

Այսօր լրատվամիջոցը ներողություն է խնդրել և հեռացրել լուսանկարը։ «Մենք մեր աղբյուրը չենք բացահայտի, իհարկե, սակայն հուսով ենք՝ պատկան մարմինները կհայտնաբերեն և կպատժեն այդ լուսանկարի «հեղինակներին»։ Լուսանկարի հրապարակումը լրագրողական գայթակղություն էր մեր կողմից, որի համար կրկին ներողություն ենք խնդրում», – ասված է խմբագրության տարածած հայտարարությունում։