Անպայման քավության նոխազներ կլինեն, այդ նարատիվներն արդեն գցել են, չէ՞, մենք բոլորս ենք մեղավոր. Հայկ Սահակյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ, քաղաքագետ Հայկ Սահակյանը

– Պարո՛ն Սահակյան, իրավապահները քրեական գործ են հարուցել ԼՂ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցրած հայտարարությունների ու հոկտեմբերի 6-ին ներկայացրած հաղորդման հիման վրա։ Ինչպե՞ս եք գնահատում մեկը մյուսին մեղադրելու այս գործընթացներն ու ի՞նչ ակնկալիքներ ունեք այս քրգործից:

– Նորմալ է, որ քրեական գործեր են հարուցվում, որովհետև պետք է պարզաբանվի, պատճառահետևանքային կապերն ամբողջությամբ պարզվեն, բոլորի մասնակցությունն ու դերակատարումները բացահայտվեն, ոչ մի գաղտնի բան չպետք է մնա: 

Մենք պետք է իմանանք՝ ով ի՛նչ է արել, որովհետև մի ամբողջ պետություն վերացավ, որի համար հազարավոր մարդիկ իրենց կյանքն ու առողջությունը զոհեցին, 30 տարի այդ պետությունը կար, լավ-վատ՝ այլ խնդիր է, բայց կար, տարածաշրջանային գործոն էր, ու մեկ էլ ինչ-որ ստորագրությամբ չկա, ու բոլորը հանգիստ նստած են, բայց սա նորմալ չէ, այսպես չի կարող լինել: 

Եթե Արցախի այս դիպվածն այսպես հանգիստ անցնի գնա, նույն հաջողությամբ Հայաստանն էլ կարող է մեկ ստորագրությամբ լուծարվել: Արցախը կարող է շատ վատ նախադեպ լինել, հետևաբար պետք է օրենքի ողջ խստությամբ պատժվեն բոլոր մեղավորները: 

Որ ասում եք՝ ի՞նչ ակնկալիք ունեմ, մեծ հաշվով, ակնկալիք չունեմ, որովհետև այսօրվա կառավարող ուժը ու միմյանց փոխադարձ մեղադրողները նույն համակարգն են, Հայաստանի ու Արցախի իշխանություններն իրենց համաձայնությունն են տվել, իրենց մասնակցությունն են ունեցել այս գործընթացին, իսկ իրենք ո՞նց կարող են իրենց արածները հետաքննեն ու մեղավորներին պարզեն: Պետք է իշխանափոխություն լինի, մտածողություն փոխվի, իրականությունը ջրի երես հանելու նպատակը պետք է դրվի, թե չէ այսպես ուղղակի ծածկադմփոց կանեն, կգնա:

 – Կոնկրետ այս հարուցված քրգործը ծածկադմփոցի միտո՞ւմ ունի:

– Իհարկե, 2016-ի Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի բացահայտած իրականությունից ո՛վ տեղյակ եղավ, նույնը այս 2020 թվականի պատերազմի դավաճանությունների վերաբերյալ հարուցած քրգործերը: Հայտարարում են այդ մասին, մարդկանց ուղեղները լցնում, ժամանակն անցնում է, ու ոչինչ իսկապես չի բացահայտվում, իրենք իրենց գործը շատ լավ էլ գիտեն, կազմակերպում ու անում են: 

– Մեղադրյալներ կամ քավության նոխազներ կլինե՞ն այս գործի շրջանակներում, թե՞ ոչ, պարո՛ն Սահակյան:

– Իհարկե, դա պարտադիր է, այդ համակարգն առանց դրանց չի գործում: Քավության նոխազներ կլինեն անպայման, նրանք արդեն նշանակում են մեղավորներին, այդ նարատիվներն արդեն գցել են, չէ՞, մենք բոլորս ենք մեղավոր, այս կարգի բաներ են խոսում, բայց կան հստակ պատասխանատուներ, ու դրանք օրվա իշխանություններն են: Գնում բանակցում են, ստորագրություններ են դնում, հայտարարություններ են անում, որոնք ունենում են հետևանքներ, դրանց մասին խոսվելո՞ւ է քրեական վարույթում, իհարկե ո՛չ: 

Ճշմարտությունը բացահայտելու համար պետք է որոշում կայացնողներն իրենք չլինեն, պետք է լինի անկախ դատական համակարգ: Նիկոլ Փաշինյանը չի կարող կտրել այն ճյուղը, որի վրա նստած է: Բայց այս նվաստացած վիճակի համար պետք է, չէ՞, մեկին մեղավոր կարգեն, թեև լավ գիտեն, որ սա իրենց վարած քաղաքականության հետևանք է, բայց, դե, իրենք իրենց չեն դատի: Քանի դեռ իրենք են իշխանության, մեկին կգտնեն ու մեղավոր կկարգեն, բայց առաջնային ու գլխավոր մեղավորները չեն բացահայտվի:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am