Տեղեկացվածության պակասի հետևանքով բազմաթիվ քաղաքացիներ կարող են համացանցում տարածվող խաբեության զոհ դառնալ: «Արմենպրես»–ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գևորգ Հայրապետյանը նշեց, որ համացանցում խաբեություններ տարբեր ժամանակաշրջանում ու տարբեր ակտիվությամբ լինում են, պարզապես ժամանակ առ ժամանակ դրանց «փաթեթավորումն» է փոխվում: Թե քաղաքացիների ահազանգերից, թե ուսումնասիրություններից մասնագետն առանձնացեց վերջին օրերին առավել տարածված կեղծիքները, որոնց արդյունքում սոցիլական ցանցերի օգտատերերը թիրախում են հայտնվում:
«Մարտի վերջին օրերին երեք տարբեր ոճով առերևույթ խաբեության դրվագների ականտես եղանք: Դրանցից մեկն այն էր, որ «Ֆեյսբուքում» հաղորդագրություն էր եկել առցանց աշխատանքի մասին, որն առաջարկում էր հեռախոսում համապատասխան ծրագիր ներբեռնելու արդյունքում գումար վաստակելու հնարավորություն տալ: Առաջարկ անողներն ինչ-որ կարգավորումների պատրվակով վերցնում են «զոհի» էլեկտրոնային փոստի հասցեն և փորձում են գաղտնաբառը ստանալ: Երբ քաղաքացին ուշադիր չի լինում, ուղարկում է գաղտնաբառը, զեղծարարը հասանելիություն է ստանում անձի նկարներին ու դրանց չհարապարակելու դիմաց գումարներ է փորձում կորզել»,- ասաց Գևորգ Հայրապետյանը:
Մեկ այլ դեպք, երբ «Ֆեյսբուքի» օգտատիրոջ անունով կեղծ էջ էին բացել, գրել էին իր ընկերներին ու զինվորի համար գումար էին փորձել ստանալ: Մասնագետի խոսքով՝ այստեղ, փաստորեն, որպես գործիք օգտագործել են այլ մարդու տվյալները, այսինքն՝ ինքնության գողություն է տեղի ունեցել:
«Նման դեպքում միշտ խորհուրդ է տրվում կապի այլընտրանքային միոջոցով ճշտել այդ նամակն իսկապես ընկերոջից եք ստանում, թե ոչ: Հիշեք, համացանցը հարմար տեղ է ինքնության գողություն իրականացնելու ուրիշի անունից հանդես գալու համար»,- ասաց մասնագետը:
Հաջորդ դեպքն այն է, որ զեղծարարները հանդես էին եկել e-dram օնլայն դրամապանակի անունից և առաջարկել էին գրանցվել որպես օգտատեր՝ պատրվակով, որ նոր գրանցվող օգտատերերի համար ակցիա կա: Նաև նշվում էր, որ եթե օգտատեր եք, ապա ուղարկեք հեռախոսահամարը ճշտելու հաշվի կարգավիճակը, ու խնդրում էին հեռախոսին եկած վավերացման կոդը: Արդյունքում, հասանելիություն էին ստանում մարդու օնլայն դրամապանակին ու առկա բոլոր միջոցներին:
«Հորդորում ենք ոչ մի դեպքում անձնական հարթակի գաղտանաբառը չտրամադրել որևէ մեկին: Չի կարելի փոխանցել նաև այնպիսի վավերացման կոդեր, որոնք հասանելիություն են տալիս գաղտնաբառին կամ հարթակին: Անպայման կիրառել երկփուլանի վավերացման հնարավորությունը: Դրա իմաստն այն է, որ անգամ եթե որևէ մեկը հաջողացնում է գաղտանաբառը ստանալ, միևնույն է, չի կարող մուտք գործել, քանի դեռ երկրորդ փուլում չի ստացել վավերացնող կոդը: Համացանցում կասկածով մոտեցեք հեշտ ճանապարհով գումար աշխատելու ցանկացած առաջարկին»,- հավելեց մասնագետը: