«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը
– Տիկի՛ն Սամսոնյան, իշխանությունը սկսել է աշխատել նոր Սահմանադրության տեքստի վրա, ոչ մի փակագիծ չբացելով, ասում են, որ նոր Սահմանադրությունը պետք է լինի խաղաղությունը և խաղաղության պայմանագիրը չվտանգող։ Կարո՞ղ եք ենթադրել, թե ինչպիսի Սահմանադրության տեքստ է լինելու։
– Ես այդպես էլ կանխատեսում էի, երբ Սահմանադրական հանձնաժողովի աշխատանքները դեռ ընթանում էին։ Վստահ էի, որ hանձնաժողովից անկախ իշխանությունը առանձին աշխատելու է Սահմանադրության նոր տեքստի վրա, և ոչ մի անդամ այդ մասին չի իմանալու։ Այդ մասին նույնիսկ իմ գործընկերների հետ եմ վիճել։ Սա իշխանության գործելաոճն է։ Ձևավորել բուտաֆորիա հանձնաժողովներ, իրականացնել քննարկումների իմիտացիա, բայց վերջում անել այն, ինչ իրենց պետք է։
Նախ՝ Սահմանադրության նոր տեքստը գրվելու է արտաքին ազդեցության ներքո, այսինքն` Ադրբեջանի պահանջով, իսկ Ադրբեջանը, կասկած չունենք, Հայաստան պետությունը քարտեզից վերացնելու պլաններ ունի։ Երկրորդ՝ ստացվում է, որ մենք ուզում ենք մեր Սահմանադրությունը հարմարեցնել ինչ-որ խաղաղության պայմանագրի տեքստի, որի բովանդակությանը ծանոթ չենք։
Բայց դա մի կողմ, որ տեքստին ծանոթ չենք։ Ինքնիշխան և նորմալ երկրներում հակառակը պետք է լինի․ ցանկացած միջազգային բազմակողմ և երկկողմ պայմանագիր պետք է համապատասխանի Սահմանադրությանը և ոչ հակառակը։ Սա իշխանության հերթական վտանգավոր մեկնաբանությունն է կամ թեզը, որը մեր երկիրը պետականության և սահմանադրականության առումով լավ տեղ չի տանում։ Երրորդ՝ Սահմանադրության նոր տեքստի տակից հանվելու է Անկախության հռչակագիրը, և այդ տեքստը գաղափարական-արժեքային հենք չի ունենալու։ Նիկոլ Փաշինյանի՝ իրական Հայաստանի մասին ցնդաբանությունները չեն կարող և չպետք է նոր Սահմանադրության հիմք դառնան։
Այսպիսով արձանագրում ենք, որ Ադրբեջանը Հայաստանի իշխանությունների միջոցով քանդում է մեր պետության սահմանադրաիրավական, արժեքային և գաղափարական հիմքերը։ Ամեն ինչ տանում է նրան, որ մենք պետություն և պետականություն չենք ունենալու։
– Հայկական կողմը պատրաստակամ է հրաժարվել միջազգային դատարանում Ադրբեջանի դեմ հայցերից, իհարկե փոխադարձության սկզբունքով։ Միջազգային իրավունքի մասնագետները ահազանգում են, որ սա վտանգելու է բացառապես ՀՀ-ին։ Ինչո՞ւ, չնայած մասնագիտական այս կարծիքներին, իշխանությունը չի հրաժարվում այս մտքից։
– Մեր իշխանության համար այդ դատական հայցերը ռազմավարական նշանակություն չունեն, այնինչ պետք է ունենային։ Ադրբեջանը փակել է Լեռնային Ղարաբաղի տարածքային հարցը, հիմա էլ ուզում է փակել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցը՝ վերջնականապես ջնջելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը՝ բոլոր իմաստներով։ Պետք է նշեմ, որ մեր իշխանությունները բավականաչափ օգնեցին այս հարցում և շարունակում են օգնել։
Խնդիրն այն է, որ եթե Հայաստանի իշխանությունները քաղաքական մակարդակով չեն խոսում արցախահայերի՝ իրենց պատմական հայրենիք վերադառնալու իրավունքի և անհրաժեշտության մասին, բայց այս դատական հայցերը իրավական առումով ստեղծում են ամուր հիմքեր այդ իրավունքի պաշտպանության և և այդ հարցը օրակարգում պահելու համար, հատկապես եթե այդ հայցերով Հայաստանը գրանցում է դրական արդյունքներ։ Իշխանությունը չի հրաժարվում այդ մտքից, որովհետև զօրուգիշեր Նիկոլ Փաշինյանի մտքին այն է՝ թե էլ ի՛նչ զիջի Ադրբեջանին, որ մնա իշխանության։
– Տիկի՛ն Սամսոնյան, ՔՊ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն ասում է, թե մինչ օրս Հայաստանը ոչ մի զիջման չի գնացել, այդ դեպքում ինչո՞ւ եք նաև դուք ասում, որ իշխանությունը անընդհատ միակողմանի զիջումների է գնում։
– Արթուր Հովհաննիսյանը իշխանության բարձրախոսն է, ոչ ավելին, այս հարցով նրան որևէ բան բացատրելը ևս անիմաստ է։ Բայց որպեսզի մարդիկ, որոնք ստիպված Ֆեյսբուքի նյուզվիդում հանդիպում են Արթուր Հովհաննիսյանի մտքերին, խաբված չլինեն, պետք է արձանագրեմ հետևյալը. Տավուշում սահմանազատում արեցին, մեր ռազմավարական դիրքերը թուլացրեցին, բայց Ադրբեջանը դուրս չեկավ մեր օկուպացված տարածքներից նույնիսկ մեկ միլիմետրով։
Հայաստանը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և հրաժարվեց Արցախից, բայց Ադրբեջանը մինչև օրս չի ճանաչել մեր տարածքային ամբողջականությունը և մի բան էլ տարածքային լուրջ հավակնություններ ունի Հայաստանի նկատմամբ։ Մենք ուզում ենք հրաժարվել միջազգային ատյաններում մեր հայցերից, բայց Ադրբեջանը չի հրաժարվում իր հայցերից, մի բան էլ Հայաստանի դեմ 11 մլրդ դոլարի հայցեր է նախապատրաստում։
Մենք հրաժարվում ենք մեր Սահմանադրությունից և Անկախության հռչակագրից, բայց Ադրբեջանի Անկախության հռչակագրի նկատմամբ պահանջներ չունենք։ Մենք ուզում ենք հանել Հայաստանից երրորդ երկրների ուժերին, բայց չենք ասում՝ բա թուրքերն ինչ գործ ունեն հայ-ադրբեջանական սահմանին։ Մենք համաձայն ենք լուծարել Մինսկի խումբը և դրա դիմաց ոչինչ։ Մենք վախենում ենք մեր գերիներին ուզել, նրանց մասին խոսել, բայց Ադրբեջանը լկտիաբար մեզնից նոր գերիներ է ուզում։ Եվ այսպես շարունակ։ Ո՞ր մի միակողմանի զիջման մասին խոսես։ Այդ մասին խոսելիս էլ ջղայնությունից ցանկություն է առաջանում շուրջդ գտնվող ամեն ինչ ջարդուփշուր անել։
– Ունենք հաստատված խաղաղության պայմանագրի տեքստ, ի վերջո, ե՞րբ կողմերը կկնքեն այն։
– Ես չեմ տեսել որևէ խաղաղության պայմանագրի տեքստ, և ոչ մեկը չի տեսել այդպիսի տեքստ։ Քանի այդ տեքստը հրապարակված չէ, ես համարում եմ, որ խաղաղության պայմանագրի տեքստ գոյություն չունի։ Եթե այդքան ուժեղ և հայանպաստ տեքստ են բանակցել՝ ինչու չեն հրապարակում։ Դուք գիտեք իշխանականներին, երբ նրանց կատուն նույնիսկ ձագ է ունենում, մտնում են եթերներ և մի շաբաթ հպարտությամբ խոսում այդ մասին։ Բա ինչո՞ւ հիմա տեքստի թուղթը չեն վերցնում ու տիկտոկներում մեր աչքը մտցնում։ Դե թող անեն։
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am

















