«Մեկ վայրկյան անգամ չեմ կասկածում, որ Սերժ Սարգսյանը պետք է առաջադրվի վարչապետի պաշտոնում»․ Վերլուծաբաններ

«Մեկ վայրկյան անգամ չեմ կասկածում, որ Սերժ Սարգսյանը պետք է առաջադրվի վարչապետի պաշտոնում»․ Վերլուծաբաններ
«Մեկ վայրկյան անգամ չեմ կասկածում, որ Սերժ Սարգսյանը պետք է առաջադրվի վարչապետի պաշտոնում»․ Վերլուծաբաններ

Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե չի բացառվում, որ կառաջադրվի վարչապետի պաշտոնում, նշանակում է, որ նա է գլխավորելու ՀՀԿ ցուցակը: Այս կարծիքին է «Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» տնօրեն Աղասի Ենոքյանը:

«Արդեն սկսվել է նախընտրական քարոզարշավը, և Սերժ Սարգսյանն ասում է, որ ինքն է գլխավորելու ՀՀԿ ցուցակը: Այդ հայտարարությունը դա է նշանակում»,- «Մեդիալաբին» ասում է Աղասի Ենոքյանը:

«Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը չի բացառել, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքներից կախված՝ ինքը կարող է առաջադրվել վարչապետի պաշտոնում:

«Ես շատ վաղ եմ համարում այդ խոսակցությունները վարելը։ Դա նույնն է, որ մենք, ձուկը ջրում սկսենք խոսել նրա օգտագործման մասին։ Ասելս ինչ է, որ մենք հաջորդ տարի ունենալու ենք խորհրդարանական ընտրություններ: Եվ որպեսզի ես այդպիսի տարբերակ դիտարկեմ, առնվազն մեր կուսակցությունը պետք է ընտրություններում շատ լավ քվե ստանա»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Իսկ նախքան սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացումը Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ չի հավակնում ոչ նախագահի, ոչ էլ վարչապետի պաշտոնին:

«Պաշտոնապես հայտարարում եմ, որ ես՝ Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնի համար: Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին»,- հայտարարել էր նա:

Աղասի Ենոքյանն ասում է, որ նշանակություն չունի, թե Սերժ Սարգսյանը նախկինում հայտարարել է վարչապետի պաշտոնին չառաջադրվելու մասին:

«Ինքը կարող է ասել, որ քաղաքական իրավիճակ է փոխվել, մենք էլ կարող ենք ասել, որ այն ժամանակ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով էր նման հայտարարություն անում: Անձամբ ես մեկ վայրկյան անգամ չեմ կասկածում, որ նա պետք է առաջադրվի վարչապետի պաշտոնում»,- ասում է Ենոքյանը:

Նրա խոսքով՝ այսօրվանից արդեն հանրությանը պատրաստում են այդ գործընթացին:

«Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» նախագահ Ստյոպա Սաֆարյանը նկատում է, որ Սերժ Սարգսյանի՝ ժամանակին արված հայտնի նախադասությունը, թե չի առաջադրվի ոչ նախագահի, ոչ էլ վարչապետի պաշտոնին, պետք է դիտարկել ամբողջական պարբերության մեջ:

«Նրա ասածի իմաստը հետևյալն է, որ Սերժ Սարգսյանը պայմանով էր դա ասել, այսինքն՝ նա հասկացրել էր, որ եթե խոշոր առումով քաղաքական դաշտում խորհրդարանական կառավարման համակարգին անցում կատարելու հարցում կոնսենսուս լինի, ապա ինքը չի առաջադրվի նաև վարչապետի պաշտոնում: Այսինքն, ինչպես նկատում ենք, խոսքը վերաբերում է այդ կոնսենսուսի առկայությանը, եթե բոլորը համաձայն լինեն: Բայց ինչպես հիշում ենք, խորհրդարանական հիմնական քաղաքական ուժերը կողմ չարտահայտվեցին այս առաջարկությանը: Եվ հավանաբար Սերժ Սարգսյանը նկատի ունի, որ քանի որ պայմանը չի ընդունվել, բնականաբար, ինքը նույնպես իր մասով պարտավորված չէ վարչապետ նշանակվելու հեռանկարը հերքելու հարցում»,- «Մեդիալաբին» ասում է Ստյոպա Սաֆարյանը:

Նրա խոսքով՝ այն, որ որևէ մեկը չկարողացավ մինչև վերջ հերքել, որ սահմանադրական փոփոխություններն արվում են իշխող կուսկացության կառավարման ժամկետը երկարացնելու, հատկապես Սերժ Սարգսյանի՝ իշխանության մեջ մնալու խնդիրը լուծելու համար, դա փաստ է: Դա որոշ չափով ապացուցվեց նաև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, երբ հանրապետության երկրորդ ու երրորդ քաղաքաներում իշխանությունը պահվեց:

«Սա նշանակում է, որ, այո, դա բացառված չէ, և այդ խոսակցությունները միանգամայն տեղին են»,- ասում է Սաֆարյանը:

Էմմա Մանուկյան

MediaLab.am