Ամերիկյան երազանքից` Փոքր Վեդի. Ամերիկացի դիվանագետը` հայկական հյուրասիրությունից մինչեւ արտաքին քաղաքականություն

Ամերիկյան երազանքից` Փոքր Վեդի. Ամերիկացի դիվանագետը` հայկական հյուրասիրությունից մինչեւ արտաքին քաղաքականություն
Ամերիկյան երազանքից` Փոքր Վեդի. Ամերիկացի դիվանագետը` հայկական հյուրասիրությունից մինչեւ արտաքին քաղաքականություն

Հայերի հյուրասիրությամբ հիացած 29-ամյա դիվանագետ և միջազգային վերլուծաբան, ամերիկացի Մարկ Դիցենն աշխատում է ղարաբաղյան խնդրին նվիրված իր հաջորդ հոդվածի վրա:
Վերջին 2 տարվա ընթացքում նա  հրապարակել է վերլուծական հոդվածներ ինչպես Լեռնային Ղարաբաղի, հայ-ադրբեջանական, այնպես էլ հայ-թուրքական հարաբերությունների մասին: Նրա աշխատությունների նյութը տարածաշրջանային խնդիրներն են:
Դեռևս 2006-2008 թթ. Մարկն ապրել է Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղում և կամավորական սկզբունքով աշխատել տեղի դպրոցում որպես անգլերենի ուսուցիչ:

«Մինչև Հայաստան գալը միայն Ցեղասպանության մասին գիտեի, քանի որ բակալավրիատում պատմության բաժնում եմ սովորել: Հայաստանի մասին ուրիշ ոչինչ էլ չգիտեի: Հետո, երբ ԱՄՆ-ի Խաղաղության կորպուսից 52 կամավորներով եկանք Հայաստան, Վանաձորում 3 ամիս դասընթացներ անցանք, որի ընթացքում սովորում էինք և´ հայոց լեզու, և´ պատմություն, և´ ծանոթանում հայ մշակույթին»,- ասում է Մարկը:

Ապրելով հայ ընտանիքի հետ նույն հարկի տակ՝ սկսում է ջանասիրաբար աշխատել հայերենի իմացության և խորացման ուղղությամբ:

«Սկզբում ինձ համար շատ դժվար էր հայերեն սովորել, բայց ես հեռուստացույց էի նայում, մարդկանց հետ շատ շփվում ու մեկուկես ամսից սկսեցի քիչ-քիչ խոսել: Փափուկ, սիրուն, բարդ ու հարուստ լեզու ունեք: Դրա համար միշտ ուզել եմ լավ խոսել»,- ժպտալով ասում է Մարկը ու հպարտանում, որ այժմ կարողանում է և´ լավ հայերեն հասկանալ, և´ լավ խոսել:

Դասընթացներն ավարտելուց և Փոքր Վեդի տեղափոխվելուց հետո սկսում է անգլերեն դասավանդել 3-11-րդ դասարաններում: Ապրում է հայկական միջավայրում՝ ծանոթանալով հայերի ապրելակերպին, կենցաղին, մշակույթին ու մտահոգություններին:

«Փոքր Վեդիում շատ ֆիդայիներ կային, որոնք մասնակցել էին Ղարաբաղյան պատերազմին, ու ես նրանցից անընդհատ լսում էի այդ մասին: Ուզում էի հասկանալ, իմանալ` ի՞նչ է եղել, ու սկսեցի ավելի խորությամբ ուսումնասիրել կոնֆլիկտը, որպեսզի հասկանայի նաև, թե ինչպես պետք է այն լուծել»,- ասում է Դիցենը:

2008-ին վերադառնալով ԱՄՆ ու մագիստրատուրայում ուսումնասիրելով միջազգային հարաբերություններ՝ թեզը պաշտպանում է Լեռնային Ղարաբաղի թեմայով: Ուսման ընթացքում՝ 2009-ին, մի քանի ամսով գործուղման է գալիս նաև Հայաստանում Ամերիկայի դեսպանատուն:

Իսկ 2012-ին կրկին վերադառնում է Հայաստան և արդեն 2 ամիս է, աշխատում է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնում՝ ուսումնասիրելով Հայաստանը, Թուրքիան, Վրաստանը, Ադրբեջանն ու Իրանը:

Դիցենը, անդրադառնալով ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին Հունգարիայից Ադրբեջան տեղափոխելու և Ալիևի կողմից անմիջապես ներում ստանալու, ազգային հերոսի կոչման արժանանալու աղմկահարույց դեպքին, այն համարում է դիվանագիտական կոպիտ և սխալ քայլ Ադրբեջանի կողմից:

«Նրանք հետ բերեցին, ներեցին մարդասպան Սաֆարովին, ով 2004-ին Բուդապեշտում սպանել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին, և այսպիսով վերջնականապես կորցրեցին Ղարաբաղը, այն երբեք չի կարող վերադառնալ Ադրբեջանի ձեռքը: Այս ամենից հետո Ղարաբաղի ժողովուրդը ոչ թե չի ուզի, այլ չի կարող հայտնվել Ադրբեջանի ձեռքում: Հայաստանը նրան ընդհանրապես չի կարող վստահել»,- ասում է միջազգային վերլուծաբանը:

Նրա կարծիքով` եթե այս իրավիճակում Հայաստանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, հնարավոր է` նորից պատերազմ սկսվի Ադրբեջանի հետ, ինչը ձեռնտու չէ ո´չ Հայաստանին, ո´չ Ղարաբաղին, ո´չ Ադրբեջանին: Նրա խոսքով` Հայաստանի քաղաքականությունը պետք է այնպես փոխվի, որ նախ միջազգային հանրությունը ճանաչի ԼՂՀ անկախությունը, ապա նոր` Հայաստանը:

Մարկը Երեւանում իրեն լավ է զգում«Հիմա Ադրբեջանի հետ բանակցությունները պետք է շարունակել: Բայց Սաֆարովի դեպքը օգտագործելով` Հայաստանի ակնկալիքներն ու խաղաղության ծրագիրը պետք է փոխվեն: Այսօր Հայաստանն իրավունք ունի Ադրբեջանին ասելու, որ մենք ուզում ենք ձեզ հետ բանակցությունները շարունակել, բայց պայմանները պետք է փոխվեն: Այսօր Հայաստանն իրավունք ունի ավելի ուժեղ, ավելի շատ պահանջատեր լինելու, քանի որ այժմ ամբողջ աշխարհը գիտի, որ Ադրբեջանը սխալ քայլ է կատարել, նա մարդասպանին է արդարացրել, այլևս ո՞վ կվստահի նրան»,- ասում է Դիցենը և հավելում, որ սա նաև բարոյական հարց է:

Ադրբեջանի կողմից Սաֆարովին ազատ արձակելը նա որակում է որպես ստոր և դիվանագիտական առումով սխալ քայլ և´ Ղարաբաղի հարցով, և´ ՆԱՏՕ-ի, և´ Եվրոպայի:

«Ադրբեջանի հեղինակությունը վերջին տարիներին բարձրանում էր «Եվրատեսիլ» կազմակերպելով, ցույց տալով, որ իրենք դեպի Եվրոպա են գնում, հումանիստ են, մարդասեր, տուրիստներին են գրավում, նավթ ու գազ են արտահանում դեպի Եվրոպա: Բայց ամբողջ աշխարհը հիմա նրանց վատ հայացքով է նայում, քանի որ մարդիկ տեսան, որ Ադրբեջանը մարդասպանին ընդունում է որպես ազգային հերոս»:

Անդրադառնալով հայ դիվանագիտությանը՝ Դիցենը կարծում է, որ այս պարագայում հայ դիվանագետները պետք է ավելի հեռատես ու խորաթափանց լինեին:

«Սա Հայաստանի համար անակնկալ էր: Մինչդեռ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ավելի վաղ իմացել էր այդ մասին, բայց չէր փորձել ահազանգել, չէր փորձել հասկանալ` լավ, եթե Սաֆարովին Հունգարիայից Ադրբեջան տեղափոխեն, ապա ի՞նչ կարող է լինել: Սաֆարովը կշարունակի՞ բանտում նստել, թե՞ Ալիևը նրան ազատ կարձակի: Այսինքն` հայ դիվանագիտությունը պետք է նայի ոչ միայն, թե ի՞նչ է եղել և ի՞նչ է լինում, այլև` ի՞նչ կարող է լինել»,- ասում է Մարկը:

Բարձր գնահատելով հայ դիվանագիտության համարժեք արձագանքը Սաֆարովի ազատմանը՝ նա հետևում է զարգացող իրադարձություններին, թե ինչպե´ս է Հայաստանը փոխելու իր քաղաքականությունը:

Երկու անգամ այցելելով Ղարաբաղ, շրջելով Ստեփանակերտում, Շուշիում, Մարտակերտում, ինչպես նաև Հայաստանի տեսարժան վայրերում` Մարկը խոստովանում է, որ Հայաստան գալուց և հայերի հետ շփվելուց հետո իր համար բացահայտել է շատ ու շատ արժեքներ:

«Կենցաղային դժվարությունները, որ մարդիկ հաղթահարում են այստեղ, ամբողջովին փոխում են քո կյանքը: Ես նույնպես, 2 տարի Փոքր Վեդիում ապրելով, ապրել եմ նրանց դժվարություններով: Ինձ շատ է դուր գալիս, որ այստեղ ժողովուրդը հավատ ունի, բոլորը չեն, որ եկեղեցի են գնում, բայց Աստված, եկեղեցին կարևոր են նրանց համար, ու շատերը հավատում են»,- ասում է Մարկը:

Նա հիացած է նաև հայերի հյուրասիրությամբ, որ իր համար մարդկանց կողմից երբևէ հանդիպած ամենաջերմ ու ամենաանկեղծ հյուրասիրությունն է:

«Ընտանիքը շատ կարևոր է հայերի համար, և դա ինձ դուր է գալիս: Նրանք ամեն ինչ անում են ընտանիքի համար ու մտածում են, որ ընտանիքը պետք է ամուր լինի, որ երեխաները կարևոր են»,- ասում է Մարկը:

Նախատեսելով ևս 6 ամիս մնալ և աշխատել Հայաստանում՝ Դիցենը խոստովանում է, որ մեծ սիրով մշտապես կապրեր Հայաստանում, քանի որ իր ուսումնասիրությունների շրջանակում հենց այս տարածաշրջանն է: Նա հույս է հայտնում, որ միգուցե հետագա աշխատանքային առաջարկների դեպքում մնա Հայաստանում:

Լիլիթ Առաքելյան

Լուսանկարները` Փիրուզա Խալափյանի

© Medialab.am