«Ցանկացած փաստաթղթից կարելի է խուսափել, որովհետև հարցերը որոշվում են հողի վրա, ոչ թե պայմանագրի կամ փաստաթղթերի միջոցով». Հակոբ Հակոբյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը 

Պարո՛ն Հակոբյան, նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթուղթն ի՞նչ տվեց հայկական կողմին: Երկու տարի անց ի՞նչ ունենք:

– Երկու տարի առաջ կնքված այդ հայտարարության հիման վրա կանգնեցվեց 44-օրյա պատերազմը, որի հետևանքով ունեցանք հազարավոր զոհեր, տարածքների կորուստ: Դա համարվում է կապիտուլյացիոն պայմանագիր, որի հետևանքով մենք պատերազմի ընթացքում կորցրած տարածքներից բացի պարտավորվեցինք ու թշնամուն հանձնեցինք ավելի շատ տարածքներ, քան պատերազմի ընթացքում կորցրել էինք:

Սակայն ամենավտանգավորն ու կապիտուլյացիոնը համարվում է այն, որ երկու տարվա ընթացքում հայկական կողմը բոլոր կետերով նախատեսված պարտավորությունները կատարել է, իսկ ադրբեջանական կողմը գրեթե բոլոր կետերը խախտել է ու որևէ պայմանավորվածություն չի պահպանել՝ սկսած շփման գծում նոյեմբերի 9-ի դրությամբ կանգ առնելուց, վերջացրած գերիների վերադարձով:

Այս երկու տարվա ընթացքում թշնամին որևէ տեսակի պայմանավորվածություն ընդհանրապես չի կատարում, ու երբ դրան էլ գումարվում է Հայաստանի իշխանությունների այն մտադրությունը, որ ցանկանում են պայմանավորվածություններ չպահող երկրի հետ կնքել խաղաղության պայմանագիր, որը կարծես թե ավելի շատ երկրորդ կապիտուլյացիոն փաստաթուղթը լինի, արդեն հասկանում ես, որ Հայաստանի իշխանությունները ինչպես պատերազմի ժամանակ, այնպես էլ այս երկու տարվա ընթացքում որևէ հայանպաստ գործողություն չեն կատարել, ամեն օր զիջում են բանակցային դիրքեր, տարածքներ:

Այս երկու տարվա ընթացքում ունեցած բացթողումները կարո՞ղ էր հայկական կողմը չունենալ:

 – Միանշանակ կարող էինք չունենալ այսպիսի բացթողումներ ու երկու տարվա ընթացքում չհայտնվեինք այս իրավիճակում, եթե երկիրը պարտության տարած իշխանությունները չշարունակեին պաշտոնավարել: Մենք շատ լավ հասկանում ենք, որ պատերազմը սկսվեց ոչ թե սեպտեմբերի 27-ին ու ավարտվեց նոյեմբերի 9-ին, այլ այս իշխանությունները պատերազմը հրահրեցին մինչև սեպտեմբերի 27-ը, ու արդեն այդ օրը մենք պարտված վիճակում էինք, ու, ամենակարևորը՝ այս իշխանություններն այդպես էլ չկարողացան բանակցային առարկայից դառնալ բանակցող կողմ:

Նոյեմբերի 9-ի դրությամբ Հայաստանն իր պահվածքով հայտնվեց այնպիսի իրավիճակում, երբ սեղանին դրվեցին Հայաստանն ու Արցախի Հանրապետությունը, ու Ռուսաստանը կամ արևմտյան մի շարք գերտերություններ սկսեցին Ադրբեջանի հետ բանակցել մեր մասին: Այս ընթացքում չտեսանք հայկական կողմի մի առաջարկ, որը դրվեր բանակցային սեղանին, մենք տեսանք հավաքական Արևմուտքի, Ռուսաստանի, Ադրբեջանի առաջարկները, բայց չտեսանք հայկական առաջարկը, որով աշխարհին ցույց կտայինք մեր ցանկություններն ու կարմիր գծերը:

– Այդուհանդերձ, պարո՛ն Հակոբյան, ի՞նչ արդյունքի սպասենք այս ակտիվ հանդիպումներից, քննարկումներից:

– Երբ իշխանությունները չեն կարողանում իշխանավարել ու երկիրը տանել նորմալ հունով, մի քանի անգամ մեծանում է ընդդիմության ու ժողովրդի դերակատարությունը երկրում, որովհետև ընդդիմությունը ևս համարվում է պետության մաս, ու նրա հիմնական սահմանադրական իրավունքն է զսպել իշխանություններին ու հարկ եղած դեպքում փոխել այդ իշխանություններին:

Ցավոք սրտի, երկու տարվա ընթացքում դա չի հաջողվում, ու այստեղ արդեն իր խոսքը պետք է ասի համախմբված ժողովուրդը, որովհետև իշխանության իրական կրողը ժողովուրդն է: Ժողովուրդը պետք է ինքնակազմակերպվի, իշխանությունը վերցնի իր ձեռքը ու ցույց տա աշխարհին իր ցանկությունները, որի վառ օրինակը հոկտեմբերի 30-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքն էր, երբ 50 հազարից ավելի արցախաբնակ հայեր ողջ աշխարհին ցույց տվեցին, թե անկախ իրենց բանակցածից, մենք ունենք մեր պայմանները, ու ոչ ոք չի կարող դրանք ոտնահարել: Այս տարբերակով պետք է հետայսու առաջնորդվենք:

– Իսկ ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում տեղի ունեցած հանրահավաքը, որը կայացավ ձեր նշած հանրահավաքից մեկ շաբաթ հետո՝ ի պաշտպանություն արցախցիների:

– Բովանդակային առումով հանրահավաքը շատ տեղին էր ու համապատասխանում էր այն իրավիճակին, որում հայտնվել ենք: Իհարկե ցավալի է, որ այնտեղ հավաքվել էր շուրջ 10 հազար մարդ, ես՝ որպես Արցախի Հանրապետության քաղաքացի, պատկերացնում էի, որ մի քանի տասնյակ հազար մարդիկ պետք է հավաքվեին, բայց գուցե այդտեղ կազմակերպչական ու տեխնիկական թերացումներ կային, որովհետև միանշանակ համոզված եմ, որ հայերի ճնշող մեծամասնության համար կարմիր գիծ է Արցախը Ադրբեջանի կազմում տեսնելը, նրանք ոչ մի կերպ չեն համաձայնի դրան:

Կարծում եմ, որ նմանօրինակ գործողություններով պետք է կարողանալ զսպել կամ փոխել երկիրը կործանման տանող իշխանություններին ու միևնույն ժամանակ ցույց տալ աշխարհին, որ այն հայկական իշխանությունները, որոնք կհամաձայնեն, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում, երկրում լեգիտիմ իշխանություն չեն, ու այդ միջազգային կառույցները, գերտերությունները չպետք է լուրջ ընդունեն նրանց:

 – Լիահո՞ւյս եք, որ այդ ճանապարհով հնարավոր կլինի իրավիճակը բեկել, խուսափել, ինչպես ընդդիմությունն է ասում, դուք էլ ասացիք՝ երկրորդ կապիտուլյացիոն փաստաթղթից:

– Այնպես չէ, որ սա մեկ կամ երկու օրվա պայքար է, սա երկարատև պայքար է, որին պետք է բոլորս պատրաստ լինենք: Այո՛, լիահույս եմ, որ հայ ժողովուրդը, լինելով հայկական երկու պետությունների իշխանության իսկական կրողը, պետք է կարողանա ճնշել իշխանություններին, որպեսզի վերջիններս կատարեն ժողովրդի պահանջը:

Բայց սա, կրկնում եմ, մեկ-երկու օրում չի լինելու ու պայմանավորված չէ մեկ անգամ հրապարակում բազմամարդ հավաք անելով: Ես միանշանակ կարծում եմ, որ հայ ժողովուրդը կարողանալու է ուղղել իր մեջքը և իր վրայից թոթափել այն բոլոր պարտություններն ու դժվարությունները, որոնք, ցավոք սրտի, այս երկու տարի շարունակվում են:

Ցանկացած փաստաթղթից կարելի է խուսափել, որովհետև հարցերը որոշվում են հողի վրա, ոչ թե պայմանագրի կամ փաստաթղթերի միջոցով: Իհարկե, լրացուցիչ փաստաթղթեր կնքելով է՛լ ավելի է դժվարանալու ուղղել մեջքը, բայց այս իշխանությունները պետք է հասկանան, որ ցանկացած ոչ հայանպաստ պայմանագրի կնքումն արագացնելու է իրենց իշխանությունը սրբելու ու տանելու գործընթացը, որովհետև Արցախի հարցը 30 տարի շարունակ եղել է Հայաստանի գոյաբանական իմաստը, և ոչ մի իշխանություն չի կարողանալու առանց Արցախի կամ Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու պայմանով Հայաստանի համար որևէ պայմանագիր կնքել: Հետևաբար ես վստահ եմ, որ ժողովուրդը, եթե նման բան լինի, դա թույլ չի տա:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am