Խաչատուրյան քույրերին իրենց հոր զոհ են ճանաչել

Խաչատուրյան քույրերին իրենց հոր զոհ են ճանաչել
Խաչատուրյան քույրերին իրենց հոր զոհ են ճանաչել

ՌԴ Քննչական կոմիտեի աշխատակիցները Խաչատուրյան քույրերի պաշտպաններին են հանձնել նրանց հոր՝ Միխայիլ Խաչատուրյանի նկատմամբ դուստրերին խոշտանգելու և սեռական ոտնձգության համար քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը՝ կապված նրա մահվան հետ:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է իրենց հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերի փաստաբան Սերգեյ Պարշինը: Միաժամանակ, այս արարքների փաստը քննությունը հաստատել է:

Փաստաբանների կարծիքով՝ սա աղջիկներին հնարավորություն կտա ապացուցել, որ գործել են անհրաժեշտ ինքնապաշտպանության սահմաններում, և նրանց նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի: «Նախաքննությունն ապացուցել է Խաչատուրյան քույրերի ցուցմունքների ճշմարտացիությունը: ՌԴ ՔԿ աշխատակիցները պաշտոնապես Խաչատուրյան քույրերի փաստաբաններին են ներկայացրել նրանց հոր՝ Միխայիլ Խաչատուրյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը: Դրա տեքստից պարզ է դառնում, որ քննիչները պարզել են աղջիկների նկատմամբ բարոյական և սեռական բռնությունը, իսկ քրեական գործի հարուցումը մերժելը սպասելի էր՝ կապված կասկածյալի մահվան հետ»,- ասել է փաստաբանը:

Անցյալ տարվա հուլիսին 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանի սպանության փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Մեղադրյալներն ու նրանց փաստաբանները ծանոթանում են գործի նյութերին: Խաչատուրյան քույրերին մեղադրում են նախնական համաձայնությամբ հորը սպանելու մեջ:

Միաժամանակ, մեղադրանքում նշվում է, որ քույրերի գործողությունների պատճառը տուժող Միխայիլ Խաչատուրյանի գործողություններն են եղել: Փաստաբանները պնդում են, որ աղջիկներն այդ քայլին դիմել են, քանի որ տարիներ շարունակ բռնության են ենթարկվել հոր կողմից: 

Աղբյուրը՝ factor.am