«Կոնկրետ ես չեմ տեսնում, որ այդ ավտոբուսը գերբեռնված է»․ «Գլորիա» ֆաբրիկայի տնօրեն Բագրատ Դարբինյան

Լուսանկարը՝ Azatutyun.am-ի

Պարետի որոշմամբ՝ 72 ժամով կասեցվել է Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատանքը։

«Մեդիալաբը» զրուցել է ֆաբրիկայի տնօրեն Բագրատ Դարբինյանի հետ։

– Պարո՛ն Դարբինյան, վարչապետն իր Ֆեյսբուքի էջում լուսանկար էր հրապարակել, թե ինչպես են «Գլորիայի» աշխատակիցները աշխատանքից տուն գնում գերբեռնված ավտոբուսով։ Ինչո՞ւ անվտանգության կանոնները չեն ապահովվում։

– Այդպիսի արձանագրություն չի եղել, որ կանոնները խախտվել են։ Մեկը նկարել է, թե բնակիչ է, տեսուչ է թե ով է, ուղարկել է վարչապետին։ Ընդ որում, այդ նկարը ես նայեցի՝ մարդիկ են, իրենց համար բարձրանում են ավտոբուս։ Այդ մարդն էլ երևի վրդովվել է, ասում է՝ ահա թե ովքեր են տարածում կորոնավիրուսը։ Թե ո՞նց ենք տարածում՝ չգիտեմ, այն դեպքում, երբ հանրապետությունում վարակված 10 հազար մարդ կա, մեզ մոտ՝ 3 մարդ։

Եթե դուք այդ նկարը նայեք, եթե այս կողմից նայում եք, ավտոբուսը թափանցում է, փողոցի այն կողմի շենքի դուռը երևում է, եթե գերբեռնված լինի, այդ ապակիների միջից կարո՞ղ եք դիմացի շենքը տեսնել։ Այո՛, մարդիկ մի քիչ անպատասխանատու են, մեր հայ ազգը կանոններին չի հետևում, իրար հետևից մտնում են։ Բայց կոնկրետ ես չեմ տեսնում, որ այդ ավտոբուսը գերբեռնված է։

Եթե մի բանը կողքից նկարում են, թող միջից էլ նկարեն։ Այդ վարորդը եկավ ասաց՝ պարո՛ն Դարբինյան, հլա մի հատ նայիր, եթե իմ ավտոբուսը գերբեռնված լիներ, դիմացի շենքը ապակու միջից ո՞նց է երևում։

Ես չեմ հերքում, կան գերբեռնված ավտոբուսներ։ Ամբողջ քաղաքում 26 ավտոբուս կա, այդ 26-ն էլ ներգրավել ենք մեր աշխատակիցներին տեղափոխելու համար, էլ ուրիշ ավտոբուսի տեղ չգիտենք։ Մեր աշխատակիցների թիվը 2700 է, բայց ոչ բոլորն են ավտոբուսով երթևեկում։

Մենք վարորդներին էլ ենք ասում, բանվորներին էլ, բայց, դե, շատերը չեն ենթարկվում։ Շատերն ասում են՝ կորոնավիրուս չկա, կորոնավիրուսը հնարովի է։ Կոնկրետ այդ ավտոբուսի պարագան է ինձ հետաքրքիր՝ ո՞նց ենք ենթադրում, որ ավտոբուսը գերբեռնված էր։

– Չկարողացա՞ք հակափաստարկներ ներկայացնել։

– Դե ո՞նց ներկայացնեմ, ավտոբուսն արդեն գնացել էր։ Հետո՝ նկարեի՝ ինձ կրակը գցեի՞, հիմա էլ ասեին՝ մեր ասածին չես հավատում։

Վարչապետն ասաց, որ «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցներից 36-ի մոտ կորոնավիրուս է հաստատվել։ Վարակը տարածվո՞ւմ է։

– Հնարավոր է, եթե ամբողջ հանրապետությունում կան տասնյակ հազարավոր դեպքեր, այդ 36-ը չի բացառվում, որ կան։ Բայց եթե հիմա վերցնենք ցանկացած մարզի մի օբյեկտ ու մասսայաբար թեստավորենք, շատերը կհայտնաբերվեն։ Այսօր շատերը վարակված են, բայց դա չեն էլ զգում։

– Արտադրության գործընթացում անվտանգության կանոնները պահպանվե՞լ են։

– Այո՛, մենք պահպանել ենք բոլոր կանոնները։ Եթե մի հատ նորմալ ավտոբուսի նկար դնեին, միջից նկարեին, որ իրոք ծանրաբեռնված էր, կհասկանայինք։ Մարդիկ իրար հետևից բարձրանում են ավտոբուս։ Ի՞նչ անենք, չեն պահպանում կանոնները։ Հիմա նայում ենք, բակերում էլ է նույն վիճակը։

Այդ մարդկանց մանկապարտեզից սկսած պետք է դաստիարակել, որ կանոնները պահպանեն, որ մի 20 տարի հետո այդ արդյունքն ստանանք։

Ինչպե՞ս եք գնահատում պարետի որոշումը՝ 72 ժամով ձեր ֆաբրիկայի գործունեությունը կասեցնելու վերաբերյալ։

– Համաձայն եմ թե համաձայն չեմ՝ չեմ էլ քննարկում դա։ Ես անարդարությունից եմ խոսում։ Մի հատ ճիշտը դրեք դեմս, ասեք՝ ախպե՛ր ջան… Այո՛, վարակվածներ կան, ընդունում եմ, բայց եթե վարակվածների տեսանկյունից նայենք, ուրիշ ընկերություններում էլ կան դեպքեր։ Օրինակ՝ ընկերություն կա, կարի ոլորտում չէ, անունը չեմ ուզում տալ, 300 հոգի վարակված ու մեկուսացված են, 150-ն էլ աշխատում են։

Հիմա շատերը կան այդ ձևի։ Բայց ես այն եմ ասում, որ ա՛յ ախպեր ջան, մի հատ ինձ ցույց տայիք, ես էլ տեսնեի։ Ես այդ ավտոբուսի շոֆերին երեկ ժամը 10-ին կանչել եմ, ասեցի՝ ա՛յ ոչխար, էս ինչի՞ ես էսքան մարդ նստեցրել։ Ասաց՝ որտե՞ղ եմ նստեցրել, հլա ցույց տուր։ Դե հիմա պարետը որոշել է, ինքը գիտի, որ դեպքերում որոշի։

Այս օրերին ձեր կրած տնտեսական վնասերը մե՞ծ կլինեն։

– Այո՛, բա ինչ։ Ավստրիական ընկերության մի ներկայացուցիչ կար, առավոտյան զանգեց, ասաց՝ ես հետ եմ թռնում, որովհետև անկանխատեսելի է, թե երբ կբացվի։ Ասաց՝ եթե վարակվածները շատ են, երևի երեք օրում չեն բացի, գնանք, երբ կբացեն՝ հետ կգանք։ Մենք էլ կիսաֆաբրիկատ վիճակով բեռն ուղարկում ենք Սլովակիա, որ այնտեղ շարունակեն։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am