Արշակ Զաքարյանի կենսագրության հայտնին և անհայտը. Fip.am

Ռեժիսոր Արշակ Զաքարյանն այս տարվա փետրվարի սկզբին հայտնվեց հանրության ուշադրության կենտրոնում իր ռեստորանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար ՀԴՄ կտրոն չտպելու հետ կապված միջադեպից հետո։ 

Նիկոլ Փաշինյանը Սոթք-Քարվաճառ ճանապարհին գտնվող Ari Resort ռեստորանում հաշիվը վճարելուց հետո ՀԴՄ կտրոն չէր ստացել, պահանջել էր, սակայն, աշխատողները պատճառաբանել էին, որ սարքը չի աշխատում։ Զաքարյանն էլ նշել էր, թե Արցախում, անկախ շրջանառության ծավալներից, վճարվող հարկը նույնն է, քանի որ վճարում են հաստատագրված վճար։ Ի դեպ, Fip.am-ը պարզել էր, որ Զաքարյանի այս պնդումը չի համապատասխանում իրականությանը։ 

Այս միջադեպից հետո սոցցանցերում լուրեր տարածվեցին, որ Զաքարյանը դատապարտված է եղել ԱՄՆ-ում։ «Փաստերի ստուգման հարթակը» ընթերցողներից հարցադրումներ է ստացել՝ այս լուրերը ճշտելու խնդրանքով։ 

Ստորև ներկայացնում ենք բաց աղբյուրներով արված ուսումնասիրության արդյունքները։ 

Ո՞վ է Արշակ Զաքարյանը

Արշակ Զաքարյանը ծնվել է 1968-ի օգոստոսի 8-ին Երևանում և ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը: Զաքարյանն առնվազն երկու կարճամետրաժ ֆիլմերի հեղինակ է՝ «Կինը» (2012) և «Անպետքը» (2013): 2013-ին նա «Բոյկոտ» վերնագրով հոլովակ էր նկարահանել, որը ուղղված էր Հայաստանում թուրքական ապրանքների օգտագործման դեմ և նպատակ ուներ խթանել տեղական արտադրությունը։

2016-ի մայիսից մինչ 2018-ի մայիսը Զաքարյանը «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Դիրքերում» հաղորդաշարի վարողն էր։ 

Զաքարյանը՝ իր անցյալի մասին

Արշակ Զաքարյանն իր կենսագրության որոշ փաստերով կիսվել էր 1in.am լրատվական կայքի հետ։ 1in.am-ը դեռ 2013-ին գրել էր, որ Զաքարյանը «վարձու սպանության կազմակերպման համար 7 տարի (1999-2006 թթ.) անցկացրել է ամերիկյան դաշնային բանտում, որից 3-ը մեկուսացված մենախցում»։ 

Ըստ 1in.am-ի հետ ունեցած զրույցի՝ Արշակ Զաքարյանը 1992-94 թթ. իր եղբոր հետ «բարերարների օգնությամբ Լոս Անջելեսից Հայաստան արցախյան ազատամարտիկների ընտանիքների համար օգնություն են տեղափոխել»։ Զաքարյանի պնդմամբ՝ պատերազմից հետո ինքը և ընտանիքը ՀՀՇ իշխանությունների կողմից ճնշումների են ենթարկվել՝ իրեն առևանգել են, տանջել, տունն այրելու փորձ արել և նույնիսկ թունավորելու միջոցով մահափորձեր իրականացրել։ Այդպիսով ստիպված են եղել լքել Հայաստանը և մեկնել ԱՄՆ։ Զաքարյանի խոսքով՝ 1996-ին վերադարձել է Հայաստան, բայց երեք տարի հետո՝ 1999-ին, կրկին մեկնել է ԱՄՆ՝ բանտարկված եղբորը օգնելու համար։

Արշակի եղբայրը՝ Կարեն Զաքարյանը, ըստ 1in.am-ի, 1994-ին 74 տարվա ազատազրկման է դատապարտվել Կալիֆորնիայի դատարանում։ Ըստ Արշակ Զաքարյանի՝ ինքը ԱՄՆ դատախազության հետ պայմանագիր է կնքել, որով իր վրա է վերցրել մեղադրանքների մի մասը և այդպիսով ազատազրկվել յոթ տարով։ 1in.am-ին Զաքարյանը պատմել էր, որ ինքը յոթ տարի անցկացրել է բանտում, որպեսզի ունենա ընտանիք վերադառնալու հնարավորություն, իսկ եթե պայքարեր մինչև վերջ, ապա այսօր էլ բանտում կլիներ։ «Ես երբեք չեմ ժխտել, չեմ թաքցրել իմ անցյալը և չեմ հասկանում՝ ի՞նչ կապ ունի այս ամենը այն ամենի հետ, ինչ ես անում եմ»,- վերջում հավելել էր Արշակ Զաքարյանը։

Ի՞նչ են ասում ամերիկյան աղբյուրները

Ստորև ներկայացնում ենք ամերիկյան մամուլում՝ հիմնականում «Լոս Անջելես Թայմզում» (Los Angeles Times) հրապարակված տեղեկություններն Արշակ Զաքարյանի և նրա եղբոր՝ Կարենի դատավարությունների մասին։

Արշակ Զաքարյանի եղբայրը՝ Կարենը (Garen Zakarian), 85 տարվա ազատազրկման է ենթարկվել 1997-ի փետրվարին՝ դաշնային դատարանի կողմից։ Չնայած որ բոլոր մեղադրանքները կապված էին 1994-ի հոկտեմբերի 5-ին Բենիտա Միքայելյանի (Benita Mikailian) սպանության հետ, Կարենը չէր դատապարտվել հենց սպանության համար։ Ավելին՝ սպանության գործով նա անմեղ էր ճանաչվել 1995-ի դեկտեմբերին, քանի որ երդվյալ ատենակալները համաձայնության չէին եկել սպանության գործով։ 

Ըստ մեղադրող կողմի, Կարենը 1994-ի հոկտեմբերի 5-ին հինգ կրակոցով սպանել էր Բենիտա Միքայելյանին, որը բնակվում էր Կալիֆորնիայում՝ Լոս Անջելեսի արվարձան Գլենդեյլում (Glendale)։ Նրանք երկուսն էլ ունեցել են զբոսաշրջային գործակալություններ։ Ըստ դատախազների՝ Կարեն Զաքարյանը Բենիտա Միքայելյանին սպանել է այն բանից հետո, երբ վերջինս հրաժարվել էր Զաքարյանի՝ չվացուցակի փոփոխությունների պատճառով Փարիզում մնացած 80 հայ ուղևորի համար դեպի Լոս Անջելես տոմսեր տրամադրել։ Կարեն Զաքարյանը 42,000 դոլարի չեկ էր ուղարկել Միքայելյանին, սակայն վերջինս, իմանալով, որ նա չունի այդքան գումար, հրաժարվել էր Զաքարյանի ուղևորների համար 80 տոմս գնել։ Մեղադրող կողմը պնդում էր, որ Կարեն Զաքարյանն այդ գիշեր սպանել էր Միքայելյանին՝ հինգ կրակոց արձակելով նրա կրծքավանդակին։ Կարեն Զաքարյանը Միքայելյանի գրասենյակից իր հետ էր վերցրել փաստաթղթեր՝ մտածելով, որ դրանք տոմսեր են, բայց իրականում հաշվապահական փաստաթղթեր էին եղել։

1996-ի հոկտեմբերին Կարեն Զաքարյանը երդվյալ ատենակալների կողմից մեղավոր էր ճանաչվել Միքայելյանի սպանության հետ փոխկապակցված հոդվածներով՝ կողոպուտ, միջպետական/միջնահանգային առևտրի խոչընդոտում (obstruction of interstate commerce) և խլացուցիչով ատրճանակի օգտագործում։ Իսկ 1997-ի փետրվարին դաշնային դատարանի կողմից դատապարտվել էր 85 տարվա ազատազրկման։

Կարեն և Արշակ Զաքարյանների քույրը՝ Անահիտը, ևս մեղադրվել էր Բենիտա Միքայելյանի սպանության մեջ, սակայն սխալմամբ ազատ էր արձակվել և փախուստի դիմել։ 

Կարեն Զաքարյանի պաշտպանը պնդում էր, որ սպանության համար մեղավոր է հայկական քրեական խմբավորման անդամ ոմն Սիսակ Մինուկյանը (Sisak Minukian)։ Պաշտպանը պնդում էր, որ Կարեն Զաքարյանը շուկայականից էժան գնով Լոս Անջելես-Երևան չվերթների տոմսեր էր վաճառել և այդպիսով անցանկալի անձ դարձել հայկական մաֆիայի համար։ Իրավապահները, սակայն, սույն պնդման որևէ ապացույց չէին գտել։

Ինչ վերաբերում է Արշակ Զաքարյանին, ապա նա դատապարտվել էր 1999-ին՝ ոմն Արթուր Սիմոնյանի (Artur Simonian) սպանության կազմակերպման համար, որը ձախողվել էր։ Արշակը, որն այդ ժամանակ 30 տարեկան էր, և Սիմոնյանի կինը՝ Քրիստինե Հարությունյանը (Kristine Arutunyan), ձերբակալվել էին 1999-ի հուլիսին այն բանից հետո, երբ Արշակ Զաքարյանը ստացել էր իբրև թե սպանված Սիմոնյանի դիակի լուսանկարը։ Սիմոնյանը, սակայն, իրականում չէր սպանվել, այլ սպանված էր ձևացել և լուսանկարվել ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) իմացությամբ, որը նախօրոք տեղեկացել էր Սիմոնյանին սպանելու Արշակ Զաքարյանի մտադրության մասին։ Այդ լուսանկարը Զաքարյանը պատվիրել էր վարձու մարդասպանից՝ որպես ապացույց, որ Սիմոնյանն իրոք սպանվել է։

Ըստ դատախազների՝ բանտում գտնվող Կարեն Զաքարյանը Արշակի միջոցով փորձել էր ալիբի ձեռք բերել և իր համար նոր դատի հնարավորություն ստեղծել։ Ըստ FBI-ի, Կարենի հետ նույն բանտում ազատազրկված մեկ այլ դատապարտյալ իրենց հայտնել է, որ Կարեն և Արշակ Զաքարյանները փորձել են Հայաստանից մի տղամարդու բերել ԱՄՆ, որը 100,000 դոլարի դիմաց կստանձներ Բենիտա Միքայելյանին սպանելու պատասխանատվությունը։

Գործը վերաբացելու համար Զաքարյան եղբայրները նաև մի քանի այլ մարդկանց տարբեր չափի գումար էին առաջարկել, որպեսզի նրանք իրավապահներին ասեն, որ Կարեն Զաքարյանը Բենիտա Միքայելյանի սպանության ժամանակ այլ տեղ է եղել։ Այդ մարդկանցից են եղել նաև Արթուր Սիմոնյանը և նրա կինը՝ Քրիստինե Հարությունյանը, որոնց 50,000 դոլար են առաջարկել ցուցմունք տալու համար։ 

Սակայն ինչ-ինչ պատճառներով Սիմոնյանը դարձել է թիրախ Զաքարյանների համար։ Սիմոնյանի կինը՝ Քրիստինեն, Գլենդեյլի մի սուպերմարկետի ավտոկայանատեղիում 3,500 դոլար էր փոխանցել վարձու մարդասպանին՝ իր ամուսնուն սպանելու համար։ Մարդասպանն այդ մասին հայտնել էր և՛ FBI-ին, և՛ Սիմոնյանին, որը դրանից հետո պատրաստակամություն էր ցուցաբերել FBI-ի հետ աշխատելու, այդ թվում՝ սպանությունը բեմադրելու։

Հարցաքննության ժամանակ Քրիստինե Հարությունյանը թաքցրել էր Արշակ Զաքարյանի հետ իր սիրավեպը։ Հարությունյանն Արշակ Զաքարյանին ասել էր, որ ամուսինը՝ Արթուր Սիմոնյանը, իր և իր երեխայի հանդեպ բռնություններ է գործադրում, որին Զաքարյանը պատասխանել էր, որ նրա «հարցերը կլուծի» («take care» of Simonian)։ 2000-ի դեկտեմբերին Քրիստինե Հարությունյանն ընդունել էր իր մեղավորությունը հարցաքննության ժամանակ Արշակ Զաքարյանի հետ սիրավեպը թաքցնելու գործով։

2001-ի հոկտեմբերին Արշակ և Կարեն Զաքարյաններն ընդունել են իրենց մեղավորությունը Արթուր Սիմոնյանի սպանության կազմակերպման գործում։ Ըստ դատախազների՝ Զաքարյանները Սիմոնյանին սպանելու մասին որոշում էին ընդունել այն բանից հետո, երբ վերջինս հրաժարվել էր ցուցմունք տալ Կարենի օգտին։ Ըստ  դատախազների հետ կնքած մեղավորության ճանաչման մասին պայմանագրի՝ Զաքարյանները Սիմոնյանին սպանելու համար վարձու մարդասպանին պատրաստ են եղել վճարել 10,000-15,000 դոլար՝ պայմանով, որ սպանված Սիմոնյանի լուսանկարը կփոխանցվի իրենց։ 

Մարդասպանը, սակայն, դաշնային իրավապահների հետ կապ էր հաստատել, որից հետո Սիմոնյանին տարել էին Հոլիվուդ՝ կինոստուդիա, որտեղ նրա վրա աշխատել էին դիմահարդարներ, որպեսզի նրան սպանված մարդու տեսք տան։ Մարդասպանը դրանից հետո հանդիպել էր Արշակ Զաքարյանի հետ Գլենդեյլի մի ռեստորանում և նրան փոխանցել բեմականացված սպանության լուսանկարը։ Արշակ Զաքարյանը ձերբակալվել էր այդ ռեստորանի կայանատեղիում՝ «սպանված» Սիմոնյանի լուսանկարը ձեռքին։ 

2002-ի ապրիլին Կարեն Զաքարյանը, որը արդեն իսկ 85 տարվա ազատազրկման էր դատապարտվել, ստացել է ևս ինը տարի՝ Սիմոնյանի ձախողված սպանությունը կազմակերպելու համար։ 

Ըստ Los Angeles Times-ի, Արշակ Զաքարյանի դատավճիռը պետք է հայտարարվեր 2002-ի հունիսին, սակայն որևէ տեղեկություն նրա դատավճռի մասին համացանցում չկա։ Այսինքն՝ բաց աղբյուրներում մենք չկարողացանք գտնել որևէ տեղեկություն, թե քանի տարվա ազատազրկման էր դատապարտվել Արշակը։ 2013-ին 1in.am-ի հետ զրույցում նա նշել էր, որ ազատազրկվել է յոթ տարով։ 

Այսպիսով, ռեժիսոր Արշակ Զաքարյանը դեռ յոթ տարի առաջ խոսել և հաստատել է ԱՄՆ-ում իր դատվածության մասին լուրերը։ Ըստ ամերիկացի դատախազների, փաստացի, 1999-ին նա փորձել է 85 տարվա ազատազրկման դատապարտված եղբոր համար ալիբի ստեղծել և այդպիսով փորձել նրան ազատ արձակել։ 2001-ին Զաքարյանը ճանաչել է իր մեղավորությունը, ըստ իր պնդումների՝ պատիժը մեղմացնելու նպատակով, և ազատազրկման ենթարկվել յոթ տարով։ 

Հովհաննես Նազարեթյան

www.Fip.am