Վարդան Այվազյան. «Եթե մեղք եմ գործել` թող ձերբակալեն» (տեսանյութ)

Վարդան Այվազյան. «Եթե մեղք եմ գործել` թող ձերբակալեն» (տեսանյութ)
Վարդան Այվազյան. «Եթե մեղք եմ գործել` թող ձերբակալեն» (տեսանյութ)

ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը, որին ԱՄՆ Նյու Յորքի Դաշնային դատարանը հօգուտ «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ընկերության տուգանք է նշանակել 37, 5 միլիոն դոլոր, այսօր «Հայելի» ակումբում չբացառեց, որ այս ամենն իր դեմ սկսված արշավի շրջանակներում է: Ըստ ՀՀԿ պատգամավորի, պատահական չէ, որ 2008 թվականին կայացված վճիռը հիմա են մեջտեղ բերել: Ըստ նրա, դա գուցե կապված է օրերս ԱԺ-ում արած այն հայտարարության հետ, որ գունավոր մետաղներ օգտագործողները պետք է հավելյալ հարկ վճարեն` որպես վտանգավոր թափոններ արտանետողներ:

Պարոն Այվազյանի խոսքերով, ինքն այդ վճռի երեսն էլ չի տեսել, ուստի հաստատ չի կարող ասել, նման վճիռ կա, թե ոչ. «Մեր երկու հասցեներով ոչ մի ծանուցում չի եկել այդ մասին, ինչպես որ լրատվամիջոցներով է գրված»: Ըստ նրա, Միջազգային արբիտրաժային դատարանը մերժել է այս գործը եւ անգամ վարույթ չի ընդունել. «Դեռեւս 2008 թ.-ից սկսած՝ Վրադան Այվազյանին փորձել են դարձնել արբիտրաժային կողմ, սակայն միջազգային արբիտրաժը մերժել է այդ անհեթեթ որոշումը: Ի՞նչ վնաս եմ ես տվել նրանց, որ վնասի փոխհատուցում են ուզում, կարող է իրանց խաբված ավանդատուների վնա՞սն են ուզում ինձնից կամ այն, որ իմ երկրի շահե՞րն եմ պաշտպանել, որ չեմ թողե՞լ թալանեն: Վաղը դուք կարող եք նման վճիռ Մոզամբիկից ստանալ կամ Թուրքիայից: Որոշ լեշակերներ, ոհմակներ, անձնական շահագրգռվածությունից ելնելով, փորձում են բարի համբավս արատավորել»: Հարցին, թե ինչպե՞ս է պատրաստվում պայքարել իր բարի համբավը արատավորողների դեմ, պարոն Այվազյանը հայաստանյան լրատվամիջոցներին կոչ արեց պահանջել տվյալ վճիռը եւ գործը միասին ուսումնասիրել: Այսինքն`«Գլոբալ Գոլդ Մայնինգ»-ը կաշառե՞լ է Նյու Յորքի դատարանին հարցին, պարոն Այվազյանն ասաց` հետեւությունները թողնում եմ ձեզ: Լրագրողները հետաքրքրվեցին՝ հնարավո՞ր է ԱՄՆ մուտք գործելու դեպքում ձերբակալեն ՀՀԿ պատգամավորին, Վ. Այվազյանն ասաց` «Եթե մեղք եմ գործել` թող ձերբակալեն»: Առայժմ Վարդան Այվազյանը չի դիմել Հայաստանում գործող ԱՄՆ դեսպանատուն, որպեսզի տեսնի՝ նրան վիզա կտրամադրեն, թե ոչ, բայց մի բանում վստահ է, որ նրա վրա դրված տուգանքը չի վճարելու. «Ես ոչ մի բանում մեղավոր չեմ: Թող գնան հանքերն էլ նայեն, կատարված աշխատանքներն էլ նայեն»:

Ըստ բնապահպանության նախկին նախարարի, տվյալ ընդերքի տեղամասը տրամադրված է եղել «ՍՀԱ» կազմակերպությանը, որն ունեցել է 2 լիցենզիա` Հանքավանի եւ Մարջանի հանքավայրերի, եւ «Գլոբալ Գոլդ Մայնինգ»-ը նրա հետ պայմանագիր է կնքել. «Տալով չնչին գումար՝ «գցել է» այդ ընկերության բաժնետերերին: Այն ժամանակ ես, լինելով բնապահպանության նախարար, կասեցրել եմ այդ ընկերության լիցենզիան` պարտավորությունները չկատարելու համար»: Հարցին, թե Այվազյանը ԱՄՆ-ում ինչ ունեցվածք ունի, անասուններ ունի,՞ ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Ինչ որ ունեմ՝ նրանց եմ տալիս, անասուններն էլ եմ նրանց տալիս»:

Դիտել տեսանյութերը