Վերջին օրերին հնչեղություն ստացած «Կոնվերսբանկ» ՓԲԸ –ի չարաշահումների փաստով քրեական գործ է հարուցվել: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Ըստ ոստիկանության, նոյեմբերի 29-ին ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում էր ստացվել, թե «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ում կատարված ստուգումներով պարզվել է, որ բանկի «Արմավիր» և «Մեծամոր» մասնաճյուղերում չարաշահումներ են հայտնաբերվել: Ժամեր անց մասնաճյուղերի երկու ոսկերիչ-գնահատողներ բերման ենթարկվեցին ոստիկանություն:
«Պարզվեց, որ «Մեծամոր» մասնաճյուղի ոսկերիչ-գնահատող Արմեն Գալստյանը կատարել է 9 միլիոն դրամի չարաշահում: Նա գործել էր հետևյալ մեխանիզմով. բանկում գրավ էր դրել համապատասխան ոսկեղեն եւ դրա դիմաց տարբեր անձանց անուններով գումարներ վերցրել: Հետո պահանջել էր վերադարձնել ոսկեղենն ու տեղը սովորական մետաղ էր դրել»,-նշված է ՀՀ ոստիկանության հաղորդագրության մեջ:
Ոստիկանության կայքը տեղեկացնում է, որ նույն սցենարով էր գործել նաեւ «Արմավիր» մասնաճյուղի ոսկերիչ-գնահատող Արման Գրիգորյանը: Այս դեպքում յուրացվել էր 15 միլիոն դրամ:
«Եթե չլիներ բանկի անվտանգության աշխատակիցների զգոնությունը, «վարկավորման» այս գործընթացը հավանաբար կշարունակվեր,-տեղեկացնում է ոստիկանությունը` նշելով, որ ոսկերիչ-գնահատողները ձերբակալված են:-Փաստի առթիվ ոստիկանության Արմավիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն»:
© Medialab.am



















