«Էլարդ»-ի մասնագետները դաշտային աշխատանքներ չեն իրականացրել, փաստաթղթաբանական փորձաքննություն է իրականացրել

«Էլարդ»-ի մասնագետները դաշտային աշխատանքներ չեն իրականացրել, փաստաթղթաբանական փորձաքննություն է իրականացրել
«Էլարդ»-ի մասնագետները դաշտային աշխատանքներ չեն իրականացրել, փաստաթղթաբանական փորձաքննություն է իրականացրել

Քննչական կոմիտեի քննիչ, Ամուլսարի հարցով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանն այսօր հրավիրած ասուլիսում ասաց, որ մեղմման ու լրացուցիչ միջոցառումների կիրառման դեպքում Ամուլսարի հանքավայրի շահագործումը ռիսկեր չի պարունակում:

Ըստ Lragir.am-ի՝ քննիչը հիշեցրեց, որ Ամուլսարի վերաբերյալ քրեական գործով նախաքննական մարմինն ի սկզբանե նշանակել է համալիր փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ԳԱԱ-ին, և 22 գիտնականներ նշանակվել են փորձագետներ։ Մրցույթի արդյունքում որպես փորձաքննություն իրականացնող ընտրվել է «Էլարդ» կազմակերպությունը։

Փորձաքննության շրջանակներում գնահատվել են ոչ միայն ջրային ռեսուրսները, այլև օդի որակը, կենսաբազմազանությունը և այլն: Ըստ փորձաքննության՝ ծրագրի տարածքի և Ջերմուկի տերմալ աղբյուրների միջև որևէ կապ չկա, երկրորդ, Ամուլսարի ստորգետնյա ջրերի և Սևանի ավազանի միջև որևէ կապ չկա, սակայն, երկրաշարժի պարագայում հնարավոր է թթվային դրենաժի ինչ-որ կոնցենտրացիայի ներթափանցում Սպանդարյան-Կեչուտ ջրամբարի միջոցով Սևանա լճի ավազան: Բայց այդ կոնցետրացիայի համակցությունը Սևանա լճի ծավալներում աննշան կլինի

Ըստ քննիչի՝ փորձաքննության եզրակացության մեջ նշվում են մի շարք բացթողումներ, սակայն պետք է ելնել հետևյալ եզրահանգումից՝ բնապահպանական ռիսկերը կառավարելի՞ են ի վերջո, թե ոչ, և ընդհանրապես, այս ամենի արդյունքում շրջակա միջավայրին վնաս լինելո՞ւ է, թե ոչ: “Ես նորից կարող եմ կրկնել, որ առաջնային պլան է գալիս մեղղման լրացուցիչ միջոցառումների ողջ համակարգը: Եթե այդ մեղմման միջոցառումները լրացուցիչ միջոցառումների հետ կիրառվեն միաժամանակ, ապա բնապահպանական ռիսկերը կլինեն կառավարելի”,- նշեց նա:

Իվանյանն ասաց, որ առաջնային պլան է մղվում այն միջոցառումների համակարգը, որոնք պետք է կանխեն առկա վնասները և վտանգները:

Քննչական կոմիտեն, այսինքն՝ վարույթն իրականացնող մարմինը, նրա խոսքով, Լիդիան ընկերության ներկայացրած պարզաբանումները, հիմնավորումներն ու փաստարիկները քննարկել է, վերլուծել է քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համակցության մեջ և եկել է եզրահանգումների: Ինչ վերաբերում է  Լիդիանին գործում որպես կողմ ներգրավելուն, ապա Յուրա Իվանյանն ասաց, որ Քրեական դատավարության օրենսգիրքը պարտադիր է համարում ընկերությանը որպես կողմ ներգրավելը, որովհետև, եթե ընթանում է փորձաքննություն և կասկածի տակ է դրվում նրա գործունեությունը, գործ ունենք պետության պոզիտիվ իրավունքի հետ, երբ պետությունը պետք է ապահովի հնարավոր բոլոր միջոցները, որպեսզի ընկերությունը հնարավորություն ունենա ներկայացնելու իր պարզաբանումները: Իսկ վերջնական գնահատականը, նրա խոսքով, տալիս է վարույթն իրականացող մարմինը, թե դրանք ինչքանով են հիմնավոր, ինչքանով՝ ոչ:

Իվանյանն անդրադարձավ նաև այն քննադատություներին, որ «Էլարդ» ընկերությունն ուղղակի նստել, «Լիդիանի» թղթերը կարդացել է, այլ աշխատանք չի կատարել և եկել է եզրակացությունների: Այնինչ, ըստ մասնագետների, պետք է կատարվեին դաշտային աշխատանքներ և այլն: «Ես նշեմ, որ փորձաքննությունները տարաբնույթ ու տարատեսակ են, և փորձաքննություններ կան, որոնք իրականացվում են հենց փաստաթղթերի ուսումնասիրությամբ և եզրակացություններն ու իրականացված հետազոտությունները միմյանց հետ համեմատելով»,- ասաց Իվանյանը:

Նա հաստատեց, որ «Էլարդ»-ի մասնագետները դաշտային աշխատանքներ չեն իրականացրել, փաստաթղթաբանական փորձաքննություն է իրականացրել: