ԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգեցին Սպիտակի երկրաշարժի և պատերազմի զոհերի հիշատակը

ՀՀ Ազգային ժողովում մեկ րոպե լռությամբ հարգեցին 1988թ. դեկտեմբերի 7-ի Սպիտակ ավերիչ երկրաշարժի և Արցախյան երկրորդ պատերազմի զոհերի հիշատակը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նման առաջարկով ներկաներին «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած «Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակից դուրս գալու գործողությունների ծրագիր սահմանելու մասին» ԱԺ հայտարարության նախագծի քննարկման ընթացքում դիմեց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Ուզում եմ մինչև լսումները սկսելը բոլորով մեկ րոպե լռությամբ հարգենք 1988թ. դեկտեմբերի 7-ի երկրաշարժի զոհերի և վերջին պատերազմի մեր հերոսների հիշատակը»,- ասաց Մարուքյանը:

Հայաստանում 32 տարի առաջ տեղի ունեցավ խոշոր բնական աղետ, որը լուրջ մարտահրավեր դարձավ երկրի համար: Հաշված վայրկյանների ընթացքում ավերիչ երկրաշարժը հազարավոր շինությունների փլուզման, տասնյակ հազարավոր մարդկանց մահվան պատճառ դարձավ: 1988 թվականի դեկտեմբերի 7-ին տեղական ժամանակով ժամը 11-ն անց 41 րոպե 22,7 վայրկյանին Հայաստանի հյուսիսում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ՝ էպիկենտրոնում 10 բալ ուժգնությամբ: