Գեղարքունիքի մարզպետը մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ քննարկեց մարզի կրթական համակարգին վերաբերող խնդիրներ

Հունվարի 22-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը խորհրդակցություն անցկացրեց մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ, որի ընթացքում քննության առնվեցին կրթական համակարգի առաջնահերթ խնդիրները։

Խորհրդակցության սկզբում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան պատերազմում զոհված հայորդիների հիշատակը։ Ապա մարզպետը Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ շնորհավորեց տնօրեններին եւ կրթական համակարգի աշխատակիցներին:

Մինչ օրակարգային հարցերի քննարկումը՝ Գնել Սանոսյանը խոսեց կրթական համակարգում առկա խնդիրների բարելավման մասին:

«Իմ պատկերացմամբ Արցախյան պատերազմում մեր անհաջողությունների հիմնական պատճառներից մեկն այն է, որ մենք շատ բաց ու թերի կողմեր ունենք մեր կրթական համակարգում ու բոլորս ընդհանուր ուժերով պետք է փորձենք հնարավորինս արագ շտկել իրավիճակը, նորովի մոտեցում ցուցաբերենք արդի աշխարհի կրթական պահանջներին։

Արագ զարգացող աշխարհում որպեսզի մենք կարողանանք դիմագրավել արտաքին մարտահրավերներին, պետք է հզորանանք,ինչն անհնար է պատկերացնել առանց մրցունակ կրթական համակարգի ձեւավորման։ Իսկ այդ կարևորագույն պահանջի իրականացումը կախված է մեզանից յուրաքանչյուրից »,-նշեց մարզպետը։

Այնուհետև Գնել Սանոսյանը շնորհակալություն հայտնեց հանրակրթական դպրոցների տնօրեններին, մանկավարժներին, աշակերտներին ու ծնողներին՝ Արցախին ու առաջնագծին ցուցաբերած աջակցության, ինչպես նաեւ ռազմական գործողություններին մասնակցություն ցուցաբերելու համար։

«Ուզում եմ անձամբ շնորհակալություն հայտնել առաջին հերթին մեր դպրոցների այն տնօրեններին եւ ուսուցիչներին, ովքեր անձամբ ներգրավված են եղել մարտական գործողություններում։

Նաեւ իմ երախտագիտությունն եմ հայտնում բոլոր տնօրեններին, մանկավարժներին, ծնողներին ու աշակերտներին, ովքեր տարբեր կերպ օժանդակել են Արցախին և Արցախից մարզ տեղափոխված ընտանիքներին։

Խնդրում եմ, որ առանձնակի ուշադրություն դարձնեք Արցախից տեղափոխված ընտանիքների երեխաներին, անեք հնարավորը, որպեսզի նրանք լիարժեք ներգրավվեն կրթական գործընթացում, ստանան հոգեբանական աջակցություն, հարմարվեն նոր միջավայրին։

Կխնդրեմ նաեւ՝ անձամբ այցելել զոհված, վիրավորում ստացած կամ անհետ կորած մեր զինվորների ընտանիքներ, զրուցել նրանց հետ, սփոփել նրանց, նաեւ մեզ հուշել, թե ինչ կարգի օժանդակություն կարող է ցուցաբերել մեր կողմից։

Միաժամանակ առաջարկում եմ մեր զոհված զինվորների պատվին դպրոցներում ստեղծել փառքի անկյուններ, կազմակերպել Հայոց բանակի օրվան նվիրված միջոցառումներ»,-հանձնարարեց մարզպետը։

Գնել Սանոսյանը խոսեց նաև դպրոցներում համավարակի դեմ պայքարի կանոնների պահպանման մասին: «Շատ կարեւոր է նաեւ դասասենյակներում բավարար ջերմաստիճանի ապահովումը։

Ճիշտ է, որոշ դպրոցներում մենք դրա համար բավարար պայմաններ դեռ չունենք, սակայն պետք է անհրաժեշտ ջանքեր գործադրենք, որպեսզի խուսափենք սուր շնչառական հիվանդություններից ու դրանց տարածումից»,-շարունակեց մարզպետը։

Խոսվեց նաեւ օրենքով սահմանված կարգով դպրոցական շենքերի տարածքները վարձակալությամբ տրամադրելու, առարկայական օլիմպիադաների մարզային ու հանրապետական փուլերում բավարար արդյունք ապահովելու, տնտեսված միջոցները նպատակային օգտագործելու, փաստաթղթաշրջանառությունն ու գործավարությունը բարձր հիմքերի վրա դնելու, ուսուցիչների մրցույթների կազմակերպման նպատակով տրվող հայտարարությունները ժամանակին հրապարակելու եւ այլ հարցերի մասին։

Ապա մարզպետը լսեց դպրոցների տնօրենների կողմից բարձրացված հարցերն ու առաջարկները՝ տեղում քննարկելով դրանք ու տալով համարժեք պատասխաններ ։

Հայոց բանակի 29-րդ տարեդարձի առթիվ 2020 թվականի Արցախյան պատերազմի մարտական գործողություններին մասնակցելու համար Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով պարգեւատրեց դպրոցների տնօրենների եւ ուսուցիչների։