«Չեմ կարծում, թե ՌԴ-ն մեր հաճոյանալու կարիքն ունի». Ինչու ռուսերենը պաշտոնական լեզու դարձնելու նախագծի համահեղինակը չմասնակցեց քվեարկությանը

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Արցախի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը

– Տիկի՛ն Հակոբյանը, նախօրեին Արցախի խորհրդարանն ընդունեց օրենք, որով ռուսերենը Արցախում համարվում է պաշտոնական լեզուն: Դուք չեք մասնակցել քվեարկությանը, թեև ինքներդ նախաձեռնության հեղինակներից էիք: Ո՞րն է պատճառը, ինչ է եղել վերջին պահին:

– Անկեղծ ասած, դա վերջին րոպեին չի եղել, ես երկար ժամանակ այս հարցի շուրջ անընդհատ քննարկումներ եմ ունեցել: Նախ՝ ուզում եմ սկսել նրանից, որ երբ ռուս խաղաղապահները սկսեցին մեզ հետ համատեղ ապրել, մեր անվտանգությունն ապահովել, իհարկե մեր զինվորի հետ միասին, հենց առաջին օրից հասկանալի էր, որ այդ հարաբերություններն օրենքի դաշտում կարգավորվեն: Ես ունեի իմ պարզաբանումները, թե ինչու է պետք «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ անել, որը չէր համապատասխանում իմ գործընկերների տեսակետին, որոնք նույնպես կողմնակից էին փոփոխություններին:

Իհարկե, մենք ռուս խաղաղապահների հետ պատրաստ ենք համագործակցության ռազմական, սոցիալական, տնտեսական, առողջապահական և այլ ոլորտներում, եթե ավելի ճիշտ ասեմ՝ արդեն համագործակցում ենք նոյեմբերի 10-ից հետո:

Այս հիմնավորումներից ելնելով՝ անհրաժեշտ էր այդ աշխատանքային հարաբերությունները բերել օրինական դաշտ, որովհետև ինչքան էլ մեր հանրության մեջ տեսակետներ հնչեն, որ պարտադիր չէր օրենքի ուժ տալ, սակայն պատերազմից հետո ես՝ որպես օրենսդիր մարմնի անդամ, շատ զգայուն եմ, և մենք պետք է աշխարհին էլ ցույց տանք, որ պետություն ենք:

Մենք ամեն վայրկյան պետք է ընդունենք, տեսնենք, ապրենք, որ կայացած ինստիտուտներ ունենք, և, ի վերջո, մինչև 2018 թվականը նաև ունեցել ենք պետական կառավարման համակարգ: Հետևաբար այս հարաբերությունները ևս պարտադիր պետք է բերվեին օրինական դաշտ: 

Ես՝ որպես պատգամավոր, որպես Արցախի Հանրապետության օրինահարգ քաղաքացի, ողջունել եմ այդ նախաձեռնությունը, ներգրավվել եմ աշխատանքային խմբում, սակայն իմ երկու գործընկերները՝ Արամ Հարությունյանն ու Գագիկ Բաղունցը, օրենքի նախագծում պնդեցին իրենց ձևակերպումը, այն է՝ ԼՂՀ պաշտոնական լեզուներն են գրական հայերենն ու ռուսերենը:

Ես անմիջապես գրավոր առաջարկ եմ արել, խմբագրել այդ կետը: Մասնավորապես, առաջարկել եմ թողնել հին ձևակերպումը, որ «ԼՂՀ պաշտոնական լեզուն գրական հայերենն է», բայց ավելացնել հետևյալ նախադասությունը. «Կարող է գրական հայերենի հետ մեկտեղ օգտագործվել նաև ռուսերենը»: Դրանք իրավաբանորեն նույնական են, հետևաբար, ինձ համար անհասկանալի է այն բուռն հակադարձումը, որ ես ստացա: 

Նաև պատշաճ չկազմակերպեցին հանրային քննարկումներ, չքննարկվեցին ներկայացված առաջարկները, որոնք կային և քիչ չէին:

Չտրվեցին պարզաբանումներ, նրանց հիմնավորումները ևս համոզիչ չէին, շատ հաճախ այդ հիմնավորումները հակասական էին: Այդ պարագայում ես հասկացա, որ կրկին իշխանական թևը բացահայտ արհամարհանք ցուցաբերեց հանրության նկատմամբ և կրկին փաստեց, որ ժողովուրդն իր համար ընտրազանգված է, և ինքն իրեն չի տեսնում որպես այդ ժողովրդի հավաքական կերպար:

Ինձ այլ բան չէր մնում, քան կանգնել ժողովրդի կողքին, որովհետև երբևէ չեմ մոռանում, որ ինքս էլ ժողովրդի մասնիկն եմ և պարտավոր եմ յուրաքանչյուր պարագայում ականջալուր լինել, ինչը չարեցին իմ գործընկերները, ըստ էության, մեջքով կանգնեցին:

Դա էր պատճառը, որ ես, համաձայն լինելով, որ օրենքում կատարվի փոփոխություն, դուրս եկա համահեղինակների խմբից, ինչի մասին հայտարարել եմ նիստերի դահլիճում, և չմասնակցեցի քվեարկությանը: 

– Սա ձեր համահեղինակների նախաձեռնությո՞ւնն էր, թե՞, այդուհանդերձ, կար որոշակի պարտադրանք:

– Ես ինքս չեմ տեսել, ինձ վրա չեմ զգացել պարտադրանք: Ինձ որևէ մեկը չի մոտեցել, ոչինչ չի պարտադրել: Բացի այդ, ինձ ճանաչողները գիտեն, որ իմ տեսակին որևէ բան պարտադրել հնարավոր չէ:

Չեմ կարող ասել երկու գործընկերներիս մասին, ճիշտ կլինի նրանց հարցնեք, բայց ինձ համար էլ հասկանալի չէր, թե ինչու չընդունվեց այն տարբերակը, որը հանրային հարթակում ավելի ընդունելի էր: 

– Կարծում եք՝ որոշակի ճնշում կարո՞ղ էր լինել, որ չընդունվեց ձեր առաջարկը:

– Չեմ կարող ասել, ես չեմ ուզում դրան հավատալ, քանի որ չեմ կարծում, թե ռուսական կողմն այստեղ է, որ ճնշումներ գործադրի:

Եթե որևէ ճնշում էլ լինի, դա կլինի իշխանական թևի որոշումով՝ ճնշել ժողովրդին՝ հաճոյանալով կապ չունի ում: Մենք արդեն երեք տարի տեսնում ենք, որ հաճոյանում են սկսած Թուրքիայից, վերջացրած ցանկացածով:

Բայց ժամանակ առ ժամանակ չփորձեցին հաճոյանալ սեփական ազգին:

– Այսինքն հնարավոր չէ՞, որ սա Ռուսաստանի իշխանություններին հաճոյանալու քայլ էր:

– Չեմ կարող ասել, որ նաև Ռուսաստանն այդ հաճոյանալու կարիքն ունի: Ինչպես երեկ ԱԺ նախագահը նշեց, հուսով ենք, որ այս օրենքն ընդունելով վնաս չենք տա մեր պետությանը, այլ որպես քաղաքական օրենսդիր մարմին, օգուտ կբերենք:

Ես նույնպես այդ հույսը ունեմ, չնայած չեմ կարծում, թե օգուտը կամ վնասը այս օրենքով պետք է չափվի:

Ըստ իս, կոնկրետ այն հանգամանքը, ինչի համար ես եմ մասնակցել այդ գործընթացին, եղել է ամեն ինչ օրինական դաշտ բերելու ցանկությունը: Ինձ համար օրենքում չկա մանրուք, եթե որևէ բան հակասում է օրենքին, չի կարող լինել փոքր կամ մեծ և չպետք է լինի:

Ես կարծում եմ, որ ավելի լավ է օրենքում փոփոխություն կատարել, քան օրենքը խախտել: Եվ պետք է դա անել այնպես, որ հանրությունն իրեն մասնակից զգա, քանի որ այդ օրենքները գրվում են նաև հանրության համար: 

– Հնչում է քննադատություն, որ արդյոք Արցախի պատգամավորները ռուսերենը պաշտոնական լեզու դարձնելով հասկանո՞ւմ են, թե ինչպես է Ռուսաստանը հպատակեցնում Արցախը, սկսում իր վաղեմի ծրագրի իրագործումը: Դուք համամիտ չե՞ք այս քննադատությանը:

– Համամիտ չեմ, դա ծայրահեղ գնահատական է, որովհետև խոսքը ռուսերենին պաշտոնական լեզվի կարգավիճակ տալու մասին է:

Եթե նայում ենք պաշտոնական լեզվի սահմանումը, այն գործավարական շփումների համար է: Եթե ես կամ ցանկացած քաղաքացի, ընդհուպ մինչև նախագահը պետք է ինչ-որ կերպ առնչվի ռուսական կողմի հետ, ըստ մեր «Լեզվի մասին» օրենքի, մենք իրավունք չէինք ունենալու ռուսերեն դիմելու:

Պետք է գրեինք հայերեն, ինչը հետո տեխնիկական սխալ էր առաջացնելու: Հիմա էլի անպայման հայերեն պետք է ուղարկենք գրությունը, ուղղակի պետք է կցենք նաև ռուսերենը:

Պաշտոնականը այդ կարգավիճակն է տալիս: Եթե ես տեսնեի մեր լեզվին կամ ինքնությանը ստորացնող ինչ-որ մի բան, ոչ թե կլինեի համահեղինակների շարքում, այլ ինքս կպայքարեի դրա դեմ: Այն կուսակցությունը, որի շարքերում եմ ես, ազգային գաղափարախոսության շուրջ ստեղծված կուսակցություն է, որտեղ որևէ ոտնձգություն չի կարող լինել մեր հայրենիքի, մեր լեզվի, մեր արժեհամակարգի նկատմամբ: 

Մանե Հարությունյան

Medialab.am