ԱՄՆ-ն ու Իրանն այս փուլում ցուցաբերում են ողջամտություն ու դիվանագիտության բարձր մակարդակ։ Ներկա փուլում, թեև կողմերի միջև լարվածությունը նվազում է, բայց վտանգը պահպանվում է։ «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է անում ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։
«Մենք կարող ենք արձանագրել, որ երկու երկրները ցուցաբերեցին ողջամտություն և բարձր դիվանագիտական արվեստ, այնպիսի գործողություններ իրականացրեցին, որոնք ավելի վատ զարգացումները բացառեցին։ Ես կարծում եմ, որ այս փուլում, փառք Աստծո, ամեն ինչ լավ ավարտվեց։ Բայց դա չի նշանակում, որ երկրների միջև հակամարտությունը դադարում է»,- «Մեդիալաբին» ասում է Սաֆրաստյանը։
Սաֆրաստյանի կանխատեսումներով՝ առաջիկայում ավելի կուժեղանա կողմերի հակամարտությունը, բայց դա հիմա տեղափոխվում է դիվանագիտական, տնտեսական, քաղաքական ու աշխարհաքաղաքական դաշտ։
«Եվ երկրորդ, իհարկե, ամեն րոպե վտանգ կա, որ իրավիճակը դարձյալ կարող տեղափոխվել ռազմական իրավիճակների ոլորտ։ Այսինքն՝ վտանգը պահպանվում է»,- ասում է նա։
Անդրադառնալով հարցին, թե երկու երկրների միջև անմիջական ռազմական բախումներ կարո՞ղ են լինել, Սաֆրաստյանն ասում է.
«Դե տեսնում ենք, որ եղան, հարվածներ եղան։ Վտանգը մնում է, և հույս ունենանք, որ հետագայում ևս այդ երկրները կգտնվեն նույն ողջամտության շրջանակներում»։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-Իրան հարաբերությունները վերջին օրերին սրվեցին այն բանից հետո, երբ Իրաքում ԱՄՆ դեսպանատան վրա հարձակումից հետո Բաղդադում ԱՄՆ ավիահարվածների հետևանքով սպանվեց Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանին։
ԱՄՆ զինված ուժերը հայտարարել էին, որ դա իրենց կողմից պաշտպանողական գործողություն է եղել՝ կանխելու ԱՄՆ շահերի դեմ հետագա հարձակումները։
Իրանական կողմը ԱՄՆ-ին սպառնացել էր վրեժ լուծել։ Դրանից հետո Իրանը հրթիռակոծել էր Իրաքում ամերիկյան ուժերի ռազմաբազան։ Իրանական կողմը հայտարարել էր, որ այդ հարվածը պատասխանն է գեներալ Սոլեյմանիի սպանության։
Հայաստանի վարչապետը երկու բարեկամ երկրներին՝ Իրանին ու ԱՄՆ-ին կոչ է արել պահպանել խաղաղությունը։ Ռուբեն Սաֆրաստանն ասում է, որ այս իրավիճակում Հայաստանի որդեգրած չեզոք դիրքորոշումը ճիշտ է, քանի որ գործ ունենք երկու բարեկամ պետությունների հետ։
«Ես կարծում եմ, որ Հայաստանի դիրքորոշումը ճիշտ է, և պետք է կարողանալ այդ դիրքորոշումը պահպանել։ Ես չեմ կարծում, որ հնարավոր լինի Հայաստանը միջնորդի դեր ստանձնի կողմերի միջև, որովհետև այս խնդիրների մեջ ավելի մեծ ուժեր են ներգրավված։ Մեր զուսպ դիրքորոշումը, կարծում եմ, շատ ճիշտ է։ Եվ այդ քաղաքականությունը պետք է շարունակել»,- հավելում է Սաֆրաստյանը։
ԱՄՆ-Իրան հարաբերությունների լարվածությունը, մասնագետի խոսքով, անմիջական բացասական ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի վրա, քանի որ Իրանը մեզ սահմանակից երկիր է։
Ըստ Սաֆրաստյանի՝ «Հայաստանի համար վտանգը կարող է անմիջական լինել, որովհետև Իրանի հետ մեր սահմանը շատ կարևոր է։ Դա շատ վտանգավոր կարող է լինել։ Իհարկե, ուրիշ վտանգներ էլ կան, բայց դա ամենաերևացողն է կարծես»։
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հունվարի 9-ի լրագրողների հետ զրույցում ասել է, որ Հայաստանը միշտ պատրաստվում է վատթարագույն սցենարին։
«Մենք հույս ունենք, որ մոտակա օրերին հանգստություն է լինելու, բայց, իհարկե, մենք միշտ վատթարագույնին ենք պատրաստվում»,- ասել է նա։
Ըստ ԱԽ քարտուղարի՝ Հայաստանում լայնածավալ անվտանգային միջոցառումներ են իրականացվել, և՛ մեր ինստիտուցիոնալ կարողություններն են ավելացել, և՛ մշակվել է տարհանման ու ճգնաժամին արձագանքելու պլան։
Ռուբեն Սաֆրաստյանն ասում է, որ պետք է պատրաստ լինել ամեն սցենարի։ «Մեր ռեսուրսներն այդքան շատ չեն, բայց պետք է պատրաստ լինել ամեն ինչին դիմակայելու։ Եվ հույս ունենանք, որ դա արվել է»,- հավելում է նա։
Ռոզա Հովհաննիսյան
MediaLab.am