Արցախում մարդիկ աշխատելով շարունակում են կյանքը, հստակ զատում են իրական ու ձևական հայրենասիրությունը. Ռուբեն Բաբայան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հովհ.Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը

– Պարո՛ն Բաբայան, «Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն» խորագիրը կրող ծրագրի շրջանակներում, որն իրականացվում էր ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, չորս օր հանդես եկաք արցախցի հանդիսատեսի առաջ: Ինչպիսի՞ տպավորությամբ եք վերադարձել Արցախից:

– Արցախ այցն այս ծրագրի շրջանակներում այս տարվա վերջին այցն էր: Մենք եղանք Ստեփանակերտում, Մարտունիում և Մարտակերտում: Ստեփանակերտում, ընդ որում՝ երկու անգամ ենք խաղացել ներկայացում, որից մեկի ժամանակ դահլիճում ներկա էին բացառապես Շուշիի ու Հադրութի երեխաները: Դժվարանում եմ բառերով փոխանցել երեխաների ոգևորությունը, այն արձագանքը, որ մենք ստացանք: 

Շատ հուզիչ էր ամեն բան, ու թատրոնի համար ևս կարևոր այց էր, քանի որ սա պատերազմից հետո մեր առաջին այցն էր Արցախ: Այս ամենը պետք է շարունակական լինի, մենք՝ մեծերս, իրավունք չունենք չարդարացնելու մանուկների հույսերն ու սպասումները, պետք է շարունակել կյանքը բոլոր ձևերով, որովհետև եթե չշարունակենք՝ պարտության կդատապարտենք ինքներս մեզ:

 – Չորս օրում հասցրեցի՞ք նկատել, թե պատերազմից հետո կյանքն ինչպես է ընթանում Արցախում: Ի՞նչ հույսերով, սպասումներով ու զգացմունքներով է ապրում արցախահայությունը:

– Շատ տարբեր՝ ինչպես և Երևանում, բայց ի տարբերություն Երևանի՝ իսպառ բացակայում է դեմագոգիան: Ավելի սթափ, գուցե, ավելի իմաստուն են դատում այնտեղ, հիմնականում, իհարկե, բոլորին մտահոգում է ապագայի հանդեպ անորոշությունը, բայց մարդիկ, որոնք սովոր են աշխատել ու նույնիսկ ամեն ինչ կորցրել են Շուշիում, փորձում են դա վերականգնել արդեն նոր տեղերում: 

May be an image of 3 people, people standing and indoor

Ինձ շատ ուրախացրեց փաստը, երբ իմացա, որ Մարտակերտի երկու դպրոցում սովորում է մոտ 900 աշակերտ: Իրավունք չեմ վերապահի ինձ այդ չորս օրվա տպավորություններով ընդհանուր գնահատական հնչեցնել Արցախում կատարվողի վերաբերյալ, ես կարող եմ պարզապես խոսել մեր պարտականությունների մասին, որ պետք է անենք ամեն ինչ, որպեսզի Արցախում կյանքը որևէ բանով չտարբերվի նախորդից, դեռ մի բան էլ՝ ավելի լինի: 

Այդ մարդիկ պետք է զգան, որ իրենք ուշադրության կենտրոնում են, որ իրենք ներգրավված են ամեն ինչում, որ իրենց մասին հիշում են, որովհետև տրամադրություններն այնտեղ շատ տարբեր են: Կան մարդիկ, որոնք ապրում են ինչպես Հռոմեական կայսրության վերջին օրերին՝ քեֆ, ուրախություն և այլն, մարդիկ կան, որոնք փորձում են պետական աջակցությունը յուրացնել, կան մարդիկ, որոնք իսկապես աջակցության կարիք ունեն: 

Արցախի հանդեպ ուշադրությունը պետք է տասնապատիկ ավելացնել, որովհետև կարելի է շատ երկար նայել քարտեզին, բայց կարելի է փորձել ինչ-որ բանով օգտակար լինել: Կարծում եմ, որ հայրենիքը սիրում են կոնկրետ հողի քառակուսի մետրով, այլ ոչ թե պատմական քարտեզի տասնյակ հազարավոր կիլոմետրերով: 

– Դեմագոգիայի մասին ասացիք, որ խնդրեմ, կմանրամասնեք՝ ի՞նչ նկատի ունեք, պարո՛ն Բաբայան:

– Արցախում ես չէի լսում դավաճան, ծախեցին մեր հողերը բովանդակությամբ խոսակցություններ, շատ ավելի մեծ ցանկություն կար ամեն ինչ վերլուծելու: Շփվում էի նաև զինվորականների հետ, նրանք, երևի, ամենասթափ մտածող մարդիկ են, իրենք իրական պիտակն ավելի լավ գիտեն: 

Մեկ հասարակ օրինակ բերեմ. հայտնի աղմկահարույց դեպքը, որ տարածեցին, թե պայթուցիկ նետողը զոհվածի բարեկամն է, հարազատը, եղբայրը՝ սուտ, իրականում հարբեցող է եղել, որի մասին ամբողջ Ստեփանակերտը գիտի, իսկ այդ արարքն այնտեղ ոչ ոք չի արդարացնում, որովհետև մեծ վտանգ առաջացրեց այդ արարքը: 

Իրական հայրենասիրությունը ոչ թե մի շիշ կոնծել ու նման անհեռանկարային քայլ անելն է, այլ այն, որ բազմաթիվ մարդիկ Շուշիում կամ այլ վայրերում կորցրել են ամեն ինչ, փոխարենը եկել են Մարտունի, Ստեփանակերտ կամ այլ վայր ու փորձում են նորից ամեն ինչ ստեղծել, կյանքը շարունակել: Իրական ու ձևական հայրենասիրությունը պետք է կարողանալ զատել:

– Արցախում տեսա՞ք այդ իրական հայրենասիրությունը:

– Այո՛, հայտնի գյուտարար ու գիտնական Գագիկ Ներսիսյանը Շուշիում բացել էր մի շատ հետաքրքիր դեղերի լաբորատորիա, որն ամբողջությամբ մնաց Շուշիում, ադրբեջանցիները քարուքանդ արեցին: Հիմա տեղափոխվել է Ստեփանակերտ ու այստեղ նորից է հիմնել այդ լաբորատորիան: Ե՛վ գործ է դրել, և՛ մարդկանց է աշխատատեղով ապահովել: Ա՛յ սա եմ համարում իրական հայրենասիրություն, իր օրինակով ցույց է տալիս, որ եթե դու ուզում ես ապրել, քեզ հնարավոր չէ սպանել: 

Նման օրինակներ շատ կային: Զարմացա, երբ Մարտունիում տեսանք մշակույթի տունը: Մենք եղել ենք այնտեղ 17 թվականին, ու այն անմխիթար վիճակում էր, պատերազմի ժամանակ թիրախավորված է եղել, երեք անգամ 2-3 մետր հեռավորության վրա ռումբեր են պայթել, բոլոր ապակիները թռել են, պատերի վրա դեռ թարմ էր հետքերը: Վերանորոգել էին, փայլուն փոքրիկ օպերային թատրոն էր դարձել, դա Թամանյանի նախագիծն է եղել, մաքուր, սիրուն, նոր ապակիներով: 

Այս տեսակ օրինակներով պետք է առաջնորդվենք: Մարդիկ, չնայած անորոշություններին, շարունակում են գործել ու աշխատել, կյանքը շարունակում են: 

Շատ կարևոր է, որ մեր այս ծրագիրն էլ շարունակական լինի, որովհետև այն կարևոր ծրագիր է, երբ ուշադրության կենտրոնում են սահմանամերձ բնակավայրերը: Երբ մենք Վարդենիսում ու Ստեփանակերտում էինք, լսում էինք կրակոցների ձայներ, ոչ մեկիս անվտանգությունն էլ այսօր ապահովված չէ, բայց պետք է աշխատել, միակ ելքը դա է: Արդեն մյուս տարի, հուսամ, կընդլայնենք բնակավայրերի ցանկը, կարևոր է նաև ԿԳՄՍ նախարարության աջակցությունն այս հարցում, որը, հուսամ՝ հաջորդ տարի էլ կլինի:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am