Մի մուլտիկի պատմություն. Օձունից Նարեն՝ ընդդեմ կորոնավիրուսի

Օձունի համար 1 միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանի աշակերտ Նարե Պետրոսյանի պատրաստած անիմացիան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հայտարարած «Մնա տանը» տեսահոլովակների մրցույթի հաղթող տեսանյութերից է։

Նարե Պետրոսյանը, որը պայծառ ժպիտ ունի և անիմացիա պատրաստելու մեծ ոգևորություն, պատմում է, որ դեռ փոքր հասակից է սիրել անիմացիան, ոգևորության հիմնական աղբյուրը եղել է ռեժիսոր հայրիկի պատրաստած մուլտերը։ «Հայրս ծավալային մուլտեր էր նկարում, մայրս էլ փոքր դետալներ էր պատրաստում, ու դա ինձ շատ էր դուր գալիս, ոգեշնչում էր։

Մինիատյուրայով էի ես սկզբում զբաղվում, փոքր բաներ էի պատրաստում, հետո այդ փոքր բաները սկսեցի այնպես պատրաստել, որ ընդունակ լինեն շարժվել»,- ասում է Նարեն։

Ըստ նրա՝ անիմացիան կարևոր առավելություններ ունի․ «Յուրաքանչյուր առարկա դու կարող ես գլխավոր հերոս սարքել, կյանք ներշնչել, ու նա կարող է ճակատագիր ունենալ, հակառակորդներ ունենալ»,- նշում է Նարեն։ 

Նա պատմում է, որ մրցույթի մասին մայրիկից է իմացել և ոգևորությամբ մասնակցել, սկզբում տարբեր սցենարներ մշակել․ «Մտածում էի, որ ոչ թե հիմնական հերոսը կորոնավիրուսը լինի, ինչպես վերջում ստացվեց, այլ մարդիկ լինեն, որ իզուր տեղը տնից դուրս են գալիս, չեն պահպանում «մնա տանը» ռեժիմը:

Սկզբում որոշել էի, որ բոլորը վարակվում են, հետո որոշեցի ավելի հետաքրքիր դարձնելու համար հիմնական կերպարը լինի հենց կորոնավիրուսը, այդպես սցենարը գրվեց»։

Սցենարի պատրաստման համար Նարեն մի քանի օր է ծախսել, մի քանի օր էլ՝ էսքիզները պատրաստելու համար։ «Տարբեր սցենարներ էի մտածում, հետո ինձ հոգեհարազատը ընտրեցի։ Երաժշտությունը հայրիկս է օգնել, որ դնենք, իսկ ձայնագրություններն էլ, ըստ սցենարի, ես ձայնագրել եմ իմ ձայներով, ու դրել ենք վրան մոնտաժով»,- պատմում է Նարե Պետրոսյանը։

Անիմացիան պատրաստելու համար Նարեն նախ նկարում է, պատրաստում էսքիզները։ «Ես տիկնիկները շարում եմ, կամերան ամրացնում եմ վերևից, իսկ եթե ծավալային է լինում, պետք է լինում՝ նաև կողքից էլ եմ դնում։ Այս մի անիմացիայի ժամանակ ես կամերան վերևից էի դրել, ես իրեն շարժում էի, կադր առ կադր նկարում:

Այն մասերը, որոնք չեն շարժվելու տվյալ պահին, կարող ենք ֆիքսել, ամրացնել, որ դղրդոց չլինի, ես երկկողմանի սկոչով էի արել, որպեսզի չերևա ու տգեղ չլինի։ Կորոնավիրուսի համար էլ եմ շատ էսքիզներ արել՝ տարբեր ձևեր եմ փորձել, ատամներն էլ վերջում եմ մտածել, որպեսզի մի քիչ էլ ուրախ լինի, ատամներն էլ որ դուրս ցցված երևան»,- ժպտալով ասում է Նարեն։ 

Նշում է, որ իր աշխատանքը մյուսներից նրանով է տարբերվում, որ հիմնական հերոսը կորոնավիրուսն է, ոչ թե մարդիկ։ 

Մրցույթին մասնակցությանն անդրադառնալիս ասում է, որ անիմացիան միշտ շատ է սիրել, ու իր նախասիրությունն այս հարցում իրեն օգնեց։

Նարեն, սկզբում Էջմիածնում ապրելով, հաճախել է կավագործության խմբակ, Օձուն տեղափոխվելուց հետո ընդունվել է Լոռիում գտնվող ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոն։ «Ընկեր Վահրադի մոտ սովորել եմ թվային նկարչություն, որն էլ ինձ օգնել է մոնտաժի համար։

Դա ավարտելուց հետո ընդունվել էի երկրորդ փուլ՝ մեխանիկա բաժնում, բայց կորոնավիրուսը խանգարեց գնամ առաջին դասիս ու հիմա անհամբերությամբ սպասում եմ»,- պատմում է Նարեն։ 

Նարեն ինչպես անիմացիայով, այնպես էլ խոսքով մարդկանց խորհուրդ է տալիս մնալ տանը, ինքն էլ նշում է, որ տնից հազվադեպ է դուրս գալիս՝ հիմնականում խանութ գնալու համար և պահպանում է հիգիենայի կանոնները։ «Կորոնավիորւսի հետ կապված կարող եմ ասել, որ բոլորը մնան տանը ու եթե մնան տանը, այս ամեն ինչը, կորոնավիրուսը կվերջանան»,- ասում է Նարեն։

Արփինե Արզումանյան

MediaLab.am