Արցախում խաղալն ավելի պարտավորեցնող ու կարևոր է, շատ մեծ ակնկալիքներ ունենք. Բաբայանը՝ Արցախում քառօրյա հյուրախաղերի ու դրա նպատակի մասին

Լուսանկարը՝ Sputnik Armenia

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հովհ.Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը

– Պարո՛ն Բաբայան, քառօրյա հյուրախաղային ծրագրով Արցախում եք. ի՞նչ խաղացանկով եք այնտեղ, ու ի՞նչ նախաձեռնություն է սա:

– Սա մեծ ծրագրի մի մասն է: Ծրագիրը կոչվում է «Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն», որն իրականացնում ենք ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ: Այս տարի արդեն եղել ենք Գեղարքունիքի, Տավուշի, Սյունիքի մարզերում: Այժմ արդեն Արցախում ենք: 

«Ոսկե ճուտիկը» ներկայացումով ենք եկել ու, ներկայացումից բացի, լինելու են նաև վարպետության դասեր, որոնք վարելու են մեր դերասան Աղասի Մելքոնյանը և հեքիաթագիր Նաիրա Եդիգարյանը: Աղասի Մելքոնյանը պատմելու և ցույց է տալու, թե ինչպես պետք է պատրաստել թղթից տիկնիկներ: 

Նաիրա Եդիգարյանը, այսպես ասած, սովորեցնելու է հեքիաթ հնարել: Վերը նշված մարզերում մեր նախկին փորձը ցույց է տվել, որ երեխաները մեծ հաճույքով են մասնակցում վարպետության դասերին, ու մեր գնալուց հետո տիկնիկային արվեստը մնում է իրենց հետ, դպրոցներում, բակերում, մանկապարտեզում, ընտանիքում շարունակում են զբաղվել տիկնիկային արվեստով:

– «Ոսկե ճուտիկը» ներկայացման ընտրությունը ինչո՞վ է պայմանավորված:

– Տարբեր տարիներին մենք Արցախ բերել ենք տարբեր ներկայացումներ՝ և՛ երեխաների, և՛ մեծահասակների համար: Նարինե Գրիգորյանի «Իմ ընտանիքը իմ ճամպրուկի մեջ է» մենաներկայացմամբ բացել ենք Շուշիի թատրոնը, Հովհ. Թումանյանի «Անխելք մարդը», «Պոչատ աղվեսը», «Սուտլիկ որսկանը»: Այս անգամ բերել ենք ներկայացում ամենափոքրիկների համար: 

«Ոսկե ճուտիկը» մի հետաքրքիր պատմություն է աղվեսի, գայլի և ճուտիկի մասին, որը ծնվում է ձվից ու սկսում է գայլին ընկալել՝ որպես իր հոր: Գայլն ընկերանում է ճուտիկի հետ, նրա մեջ արթնանում են հայրական զգացմունքներ: 

Մի խոսքով՝ սա հարազատության, բարեկամության թեմա է, որ իրական հարազատությունը շատ խոր արմատներ ունի, և պարտադիր չէ դրա համար հարազատ հայր ու զավակ լինել: Այն շատ երաժշտական, մատչելի ու պոետիկ է, կարծում եմ, որ փոքրիկները մեծ հաճույք կստանան:  

– Հյուրախաղերով լինելու եք Ստեփանակերտում, Մարտունիում և Մարտակերտում: Ինչո՞ւ հենց այս քաղաքները:

– Քանի որ պետք է երեք բնակավայրում խաղայինք, ընտրեցինք ամենամարդաշատ տեղերը:

 – Պարո՛ն Բաբայան, պատերազմից հետո սա առաջի՞ն այցելությունն է Արցախ:

– Մեր թատրոնը, ընդհանրապես, հաճախակի էր գալիս Արցախ և խաղում էր ներկայացումներ ոչ միայն մարզկենտրոններում, այլ նաև զորամասերում: Պատերազմից հետո, այո՛, սա մեր առաջին այցելությունն է, ու, կարծում եմ, որ այն միանշանակ կունենա շարունակություն: 

Մյուս այցելության համար կընտրենք ուրիշ բնակավայրեր: Մենք ոչ մի տարբերություն չենք տեսնում՝ ներկայացումներ խաղալ Երևանում, Հայաստանի մարզերում կամ Արցախում: 

Միակ տարբերությունը երևի այն է, որ այստեղ խաղալն ավելի պարտավորեցնող է ու ավելի կարևոր: Երկիրը պաշտպանվում է նաև մշակույթով, և երկրի քաղաքացին է ձևավորվում մշակույթով առաջին հերթին:

– Արցախում մարդիկ ի՞նչ տրամադրություն ու տրամադրվածություն ունեն, պարո՛ն Բաբայան:

– Մենք երեկոյան ենք հասել Արցախ, ու դժվարանում եմ ամբողջական պատկերը ներկայացնել, համենայնդեպս, քայլում ենք Ստեփանակերտով, նորմալ կյանք է ընթանում: 

Այսօր, երբ կշփվենք երեխաների հետ ներկայացման ընթացքում ու դրանից հետո, ավելի պարզ կդառնա, համենայնդեպս, մարդիկ ուրախացել են, որ եկել ենք: Այսօր երկու ներկայացում ենք խաղալու Ստեփանակերտում՝ ժամը 14:00-ին և 16:00-ին, հուսով եմ, որ որոշակի ձևով և՛ տրամադրություն կբարձրացնենք, և՛ հույս կներշնչենք: Մենք այդ հանդիպումից շատ մեծ ակնկալիքներ ունենք:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am