Պատվաստվելու համար կացության 10-օրյա ցենզ մտցնելը շատերին կստիպի հրաժարվել Հայաստան գալու մտքից. Հովսեփ Խուրշուդյան

«Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Իրանցիներին պատվաստելը սուբսիդավորելով՝ պետությունը իրականում դրա տասնապատիկի չափով (ու դա նվազագույնն եմ ասում) սուբսիդավորում է մեր զբոսաշրջային ոլորտը սպասարկող հսատատություններին՝ հյուրանոցներից, ռուստորաններից մինչեւ տրանսպորտ:

Սա կոչվում է առողջապահական տուրիզմ: Անգամ նրանց՝ Երեւանում 2-3 օր մնալու դեպքում ասածս ճիշտ է:
Դեռ կարելի է հասկանալ այն, որ պոլիկլինիկաները այլեւս նրանց չեն սպասարկի՝ որպեսզի հերթեր չգոյանան մեր քաղաքացիներին սպասարկելու հարցում: Սակայն պատվաստվելու համար Հայաստանում կացության 10-օրյա ցենզ մտցնելը շատերին կստիպի հրաժարվել Հայաստան գալու մտքից: Սա սխալ ու անհեռատես որոշում է: Մարդիկ որ 10 ժամ ծախսում են Երեւան հասնելու համար՝ հաստատ նույն օրը ետ չեն վերադառնում, 2-3 օր մնում են՝ հաճելին օգտակարի հետ համատեղելու համար:


ՀՀ կառավարություն, հորդորում եմ հանել այդ 10-օրյա ցենզի գաղափարը: Պետք չէ վանել հարեւաններին: Հայաստանի համար այս շահավետ մոտեցումը նաեւ որպես բարեսիրություն է ընկալվում Իրանում եւ մեծացնում մեր երկրի վարկը մեզ համար այդքան կարեւոր ակդ երկրի բնակչության շրջանում: 10-ին պատվաստում ենք, բայց հազարներն են դրա մասին իմանում, որոնց մեծ մասը, ամեն դեպքում, երբեւէ Հայաստան չեն էլ գալու, բայց տպավորությունը մնալու է»։