«Հարվածել կռվող զինվորի թիկունքին, թե այլևս մեր վերահսկողության տակ չէ Շուշին, սա չգիտեմ թե ինչ անուն ունի». Ստյոպա Սաֆարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը

– Պարո՛ն Սաֆարյան, այսօր իրարամերժ տեղեկություններ եղան։ Մենք գիտենք, որ բանակը կռվում է Շուշիի տարածքում, սակայն Արցախի նախագահի խոսնակը հայտարարեց, որ Շուշին այլևս մեր վերահսկողության տակ չէ։ Դրան ի հակառակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Շուշիի համար մարտերը շարունակվում են։ Ի՞նչ է կատարվում։

– Այնպես չէ, որ այս պատերազմի ընթացքում մենք ունեցել ենք միայն պաշտոնական աղբյուրներ տեղի ունեցող զարգացումների մասին։ Ի վերջո, ընտանիքի անդամներ ու հարազատ տղաներ կան, ովքեր այնտեղ ծառայում են։ 

Եվ մինչև հենց այս պահն էլ զարմացած զանգեր են գալիս այնտեղից, թե՝ այս ինչե՞ր են հայտարարում։ Հարցն այն չէ, որ Ադրբեջանի հրոսակախմբերը չեն մտել Շուշի։ Դրա մասին գիտենք, արդեն քանի օր է՝ նույնիսկ պաշտոնական լրահոսը պարզ ասում է, որ Շուշիում մարտեր են ընթանում։ 

Եվ անգամ ռազմական գործիչ լինել պետք չէ՝ հասկանալու համար երկու բան։ Ճակատամարտի արդյունքների մասին հայտարարում են այն ժամանակ, երբ այդ ճակատամարտն ավարտված է։ 

Երկրորդ՝ ճակատամարտի արդյունքների մասին հայտարարում է ոչ թե քաղաքական իշխանության խոսնակը, այլ դրա մասին հայտարարում է պաշտպանության բանակի, գլխավոր շտաբի ներկայացուցիչը, երբ արդեն անդառնալիորեն կորցված է որևէ տարածք կամ քաղաք։

Եվ այս համատեքստում Արցախից ստացված այդ գրառումն ուղղակի ապշեցրեց, որը, որքան հասկանում եմ, երեկոյան փորձ է արվել շտկել Արայիկ Հարությունյանի մակարդակով։ 

Բայց բոլոր դեպքերում առավոտյան իր, այնուհետև իր խոսնակի հայտարարությունները կասկածի տեղիք են տալիս կամ իրենց ադեկվատության, կամ իրենց մտադրությունների մասին։ 

Ի վերջո, հարվածել կռվող զինվորի թիկունքին, թե այլևս մեր վերահսկողության տակ չէ Շուշին, սա չգիտեմ թե ինչ անուն ունի։

Նորից եմ կրկնում՝ հարցը ամենացավալի իրողությանը սթափ նայելու մեջ չէ։ Մենք դրան սթափ ենք նայում, բոլորս իմացել ենք, որ վերջին օրերին Շուշիի պաշտպանության գոյամարտ է ընթանում։

Արցախի իշխանությունները, որոշ ուժեր կարծես պարբերաբար փորձում են խուճապ տարածել, ի՞նչ պետք է անել։ Գուցե ճիշտ տարբերակը նրանց լռե՞լն է։

– Լավ է, իհարկե, եթե լռեն։ Արցախում պետք է ուղղակի այդ խնդիրը լուծվի։ Նրանք ուղղակի դուրս պետք է բերվեն պատերազմի մասին որևէ հայտարարություն անելու իրավասությունից։ 

Ես շատ վատ եմ ասում, բայց դատելով այս ամենից՝ նրանց հասցրած վնասը հաստատ ավելի պակաս չէ, քան ադրբեջանական բանակի արածը։ Կներեք, մենք տղաներ ունենք սահմանին կանգնած։ 

Ձեր ուղերձը իմ զարմիկներին, իմ փեսային, իմ եղբորը ո՞րն է։ Ի՞նչ էիք ուզում ասել նրանց՝ զենքը հանձնեն հետ գա՞ն։ Եթե դուք չեք մինչև վերջ կռվողը, մինչև վերջ կռվողն իրենք են, ի՞նչ է ձեր ասածը, նրանք թողնեն զենքը հետ գա՞ն։

– Արցախի և Հայաստանի իշխանությունների միջև հակասությո՞ւն կա։

– Այո՛, այդ հակասությունը վաղուց է նկատվում։ Եվ, անկեղծ ասած, այդ խնդրի լուծումը Հայաստանի իշխանությունը պետք է վաղուց տված լիներ։ Ես կարծում եմ՝ երբեք էլ ուշ չէ։ Ինձ համար ոչինչ վերջակետ չէ։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am