Հայաստանում քովիդի 6-րդ ալիքն է, որը պայմանավորված է նոր շտամի ձևավորմամբ. Մերի Տեր-Ստեփանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների դոկտոր Մերի Տեր-Ստեփանյանը

– Տիկի՛ն Տեր-Ստեփանյան, անցած շաբաթ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1434 նոր դեպք՝ 469-ով ավելի նախորդ շաբաթվա 965 դեպքի համեմատությամբ։ Նոր դեպքերի աճն ինչո՞վ է պայմանավորված։ Եթե համեմատենք աշխարհում տիրող քովիդյան իրավիճակի հետ՝ Հայաստանում պատկերն ինչպիսի՞ն է։

– Աշխարհի տարբեր երկրներում՝ մի տեղ 6-րդ, մեկ այլ տեղ՝ 7-րդ ալիքն է, Հայաստանում 6-րդ ալիքն է, որը պայմանավորված է նոր շտամի ձևավորմամբ: Պանդեմիայի շարունակությունն է, ավարտ, ցավոք սրտի, դեռ չունենք, իսկ շտամները օմիկրոնի ենթատեսակներն են, որոնք կարողանում են որոշ չափով հաղթահարել հետպատվաստումային և հետինֆեկցիոն իմունիտետը։ Ի նպաստ մեզ՝ վարակն ընթանում է ավելի թեթև, ծանր ձևերն ու հոսպիտալացումները այդքան շատ չեն: Միջազգային միտում է, որը գրանցվում է բոլոր երկրներում, 0,2% են կազմում ծանր ձևերը։ Սա կարելի է համարել և՛ պատվաստումների արդյունքով պայմանավորված ձեռքբերում, և՛ մուտացիայի, որը տանում է դեպի շտամի ծանր ձև առաջացնելու հավանականության անկում։

– Սեպտեմբերից նոր դեպքերի ա՞ճ, թե՞ նվազում սպասենք։

– Մենք դեռևս բարձրացման փուլում ենք, եթե կորագիծը նայենք, ապա կտեսնենք, որ դեպքերը դեռ ավելանալու են․ առաջիկա 3-4 շաբաթվա ընթացքում մենք դեռ կունենանք դեպքերի աճ, հետո կլինի որոշակի կայունացում, որից հետո կդիտվի անկման միտում, դա արձանագրված է՝ հաշվի առնելով վիճակագրությունը։

– Տիկի՛ն Տեր-Ստեփանյան, ասացիք, որ օմիկրոնի ենթատեսակները կարողանում են հաղթահարել հետպատվաստումային և հետինֆեկցիոն իմունիտետը, այդ դեպքում ի՞նչ է անհրաժեշտ անել։

– Շատ կարևոր է, որ մարդիկ ստանան պատվաստման երրորդ դեղաչափը, որ մենք չունենանք բարդ համաճարակային իրավիճակ։ Կան երկրներ, որ արդեն չորրորդ դեղաչափի, այսինքն՝ երկրորդ խթանիչի ներարկում են իրականացնում, ու սա բերում է նրան, որ հոսպիտալացումները նվազում են հատկապես ռիսկի խմբերի շրջանում։

– Այսինքն՝ մեզ մո՞տ էլ պետք է նման նախաձեռնությամբ հանդես գա առողջապահության նախարարությունը։

– Շատ ցանկալի է, որովհետև մեզ մոտ բավական ժամանակ է անցել պատվաստումային ակտիվությունից: Մեզ մոտ շատ ակտիվ էին անցած տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսները, որից հետո մեր պատվաստումային ակտիվությունը նվազեց։ Հետպատվաստումային իմունիտետը իջնում է երրորդ-չորրորդ ամսից սկսած, հաշվի առնելով, որ 7-8 ամիս է անցել մեզ մոտ պատվաստումից, միանշանակ, խթանիչ դեղաչափի անհրաժեշտություն կա։

– Իսկ պարտադի՞ր է, որ երրորդ դեղաչափը լինի նույն պատվաստանյութը, որով պատվաստվել են նախորդ երկու անգամ։

– Ո՛չ, բացարձակ ո՛չ, նույնիսկ խրախուսվում է այլ պատվաստանյութով պատվաստվելը, որն ավելի կխթանի իմունիտետը։

– Որոշ սահմանափակումների կիրառման անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք Հայաստանում, տիկի՛ն Տեր-Ստեփանյան։

– Այս պահին սահմանափակումները պետք է ավելի շատ անձի մակարդակով կիրառվեն, ամեն մեկն իր տեղում փորձի կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել, որովհետև բոլորն էլ շատ լավ տիրապետում են այդ միջոցառումներին, մենք երկու տարի այդ ամենի մեջ էինք։ Ինչքան մարդիկ հետևեն կանոններին, այնքան հեշտ կհաջողվի հաղթահարել հերթական ալիքը։

– Հաշվի առնելով այդ երկու տարվա իրադարձությունները, մարդկանց վերաբերմունքը պատվաստումների նկատմամբ՝ մարդիկ ինչպե՞ս կարձագանքեն երրորդ դեղաչափի անհրաժեշտությանը, ինքնակամ կգնա՞ն, թե՞ էլի կունենանք այն իրավիճակը, ինչ անցած պատվաստումների դեպքում էր։

– Ցավոք սրտի, երևի նույն իրավիճակը կլինի։ Շատ կարևոր է 65+ -ի ցուցանիշը, որն այն ժամանակ էլ էր պասիվ, հիմա էլ, իսկ հիմնական ռիսկի խումբը շարունակում են մնալ տարեցներն ու քրոնիկ հիվանդները, որոնք շատ դժվար են գնում պատվաստման։ Մեր ժողովուրդը պետք է փոխի վերաբերմունքը պատվաստման նկատմամբ, որովհետև երբ տեսնում են, որ պատվաստվածը կա՛մ չի հիվանդանում, կա՛մ հիվանդանալու դեպքում թեթև է տանում, սա արդեն հիմք է, որ ավելի վստահ գնան խթանիչ դեղաչափ ստանալու։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am