Բայդենի վարչակազմը կշրջանցի 907-րդ լրացման կատարումը՝ հնարավոր դարձնելով Ադրբեջանին ուղղակի ռազմական օժանդակության տրամադրումը

Հեղինակ MediaLab

Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենի վարչակազմը մտադիր է շրջանցել «Ազատության աջակցման ակտի» 907-րդ լրացման կատարումը, ինչը գալիք ֆինանսական տարում հնարավորություն կտա Վաշինգտոնին ուղղակի ռազմական օժանդակություն ցուցաբերել Ադրբեջանին։ Այս մասին, «Ազատության» փոխանցմամբ, հաղորդում է ամերիկյան Hill պարբերականը՝ տեղեկացնելով, որ Սպիտակ տան այս որոշման մասին ԱՄՆ Կոնգրեսի անդամներին ապրիլի 26-ին պաշտոնապես տեղեկացրել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

Կոնգրեսականներին ուղղված պետքարտուղարի նամակում նշված է, որ 907-րդ լրացման շրջանցումն անհրաժեշտ է «ահաբեկչության դեմ պայքարում ԱՄՆ-ի կողմից ձեռնարկվող ջանքերին և ամերիկյան զինված ուժերի օպերացիոն պատրաստվածությանն աջակցելու, հակահաբեկչական պայքարում դաշնակիցներին աջակցելու, ինչպես նաև Ադրբեջանի սահմանների պաշտպանության տեսանկյունից»։ Դրա հետ մեկտեղ, Բլինքենը պնդում է, որ Վաշինգտոնի այս քայլը բացասաբար չի ազդի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերի վրա, իսկ ամերիկյան օգնությունը չի օգտագործվի «Հայաստանի դեմ հարձակողական նպատակներով»։

«Ազատության աջակցման ակտի» 907-րդ լրացումը ԱՄՆ Կոնգրեսում հաստատվել էր 1992 թվականին։ 2002 թվականից սկսած Միացյալ Նահանգների նախագահները շրջանցում են այդ լրացման կիրառումը՝ հնարավոր դարձնելով Ադրբեջանին ուղղակի ամերիկյան ռազմական օժանդակության ցուցաբերումը։