Վանաձորի ծննդատանը լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ռադիկ Հովակիմյանի եղբայրը

Օգոստոսի 19-ին Վանաձորի ծննդատանը լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում անմահացած ժամկետային զինծառայող Ռադիկ Հովակիմյանի եղբայրը: 3.400 կգ քաշով և 51 սմ հասակով փոքրիկին ծնողներն անվանել են Ռադիկ՝ հերոս եղբոր հիշատակին:

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը տիկնոջ հետ այսօր այցելել է Վանաձորի բժշկական կենտրոն՝ տեսակցելու փոքրիկին և շնորհավորելու հերոսի մայրիկին:
Նրանց ուղեկցում էին Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը և կենտրոնի տնօրեն Վահագն Մկրտչյանը:

Մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչ Արամ Ավալյանը նշել է, որ 42-ամյա ծննդկանն ու նորածինն իրենց լավ են զգում, վաղն արդեն դուրս կգրվեն հիվանդանոցից:

Հերոս եղբոր անունը կրող փոքրիկ Ռադիկին Թումանյան խոշորացված համայնքի հայրենի Մարց բնակավայրում անհամբերությամբ սպասում են նրա 18-ամյա եղբայրն ու 14-ամյա քույրը:

Հերոս Ռադիկ Հովակիմյանն անմահացել է 20 տարեկանում, նա ծառայում էր հակահրետանային վաշտում: