2022թ. առաջին կիսամյակում ՀՀ` ԵԱՏՄ երկրների հետ փոխադարձ առևտուրն աճել է 52,5 տոկոսով. Փաշինյանը` Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին:

Մինչ նիստի մեկնարկը` ԵԱՏՄ անդամ-պետությունների կառավարությունների ղեկավարները մասնակցել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կազմավորման 10-ամյակին նվիրված նամականիշերի թողարկման արարողությանը:

Վարչապետ Փաշինյանը ընդլայնված կազմով նիստին հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.

«Եվրասիական միջկառավարական խորհրդի հարգելի անդամներ,

նիստի հարգելի մասնակիցներ, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր ղրղզստանցի գործընկերներին և անձամբ Ակիլբեկ Ժապարովին ավանդական ջերմ հյուրընկալության և այսօրվա միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու համար։

Անկեղծորեն ողջունում եմ Եվրասիական տնտեսական միության անդամ և դիտորդ երկրների կառավարությունների ղեկավարներին, ինչպես նաև այսօրվա հանդիպման մասնակիցներին և հյուրերին։

Անկասկած, միջկառավարական խորհրդի նիստը լավ հնարավորություն է մի շարք առանցքային հարցերի շուրջ մտքերի փոխանակումը շարունակելու և համաշխարհային տնտեսության՝ վերջին ամիսներին աննախադեպ մասշտաբներ և խորություն ստացած մարտահրավերները նվազագույնի հասցնելու նպատակով փոխընդունելի լուծումներ մշակելու համար:

Չնայած համաշխարհային տնտեսական փոխակերպումներին և ֆինանսական համակարգերի զգալի ցնցումներին, եվրասիական ինտեգրացիայի առավելությունների շնորհիվ առևտրատնտեսական հարաբերություններում որոշակի դրական միտում է նկատվում:

Այս համատեքստում նշեմ, որ 2022 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի տնտեսությունն ապահովել է ԵԱՏՄ երկրների հետ փոխադարձ ապրանքաշրջանառության ծավալների զգալի աճ։ Այդ ժամանակահատվածում ԵԱՏՄ երկրների հետ փոխադարձ առևտուրը 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 52,5 տոկոսով և կազմել 1,7 մլրդ ԱՄՆ դոլար, ընդ որում՝ ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի արտահանումն աճել է 48,9 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 54,2 տոկոսով։

Նշեմ, որ փոխադարձ առևտրում արտահանման աճի տեմպերն ավելի բարձր են, քան հայկական արտադրանքի արտահանման աճի տեմպերը երրորդ երկրներ։ Վստահ եմ, որ հետագա համագործակցությունը ոչ պակաս արդյունավետ կլինի, այդ թվում՝ նոր նախաձեռնությունների իրականացման շնորհիվ:

Եվս մեկ հարց կա, որի վրա կցանկանայի իմ գործընկերների ուշադրությունը հրավիրել։ Վերջին ամիսներին Միության արտաքին առևտրի կառուցվածքի փոփոխությունների պատճառով մաքսատուրքերի բաշխման հարցում զգալի շեղումներ են եղել։ Ելնելով դրանից՝ անհրաժեշտ ենք համարում առաջիկայում վերադառնալ բաժնեմասերի բաշխման միասնական մեթոդաբանության հաստատման հարցի քննարկմանը։

Հարգելի գործընկերներ, որպես երեկ՝ նեղ կազմով հանդիպմանը սկսված օրակարգային առանցքային հարցերի քննարկման շարունակություն, կցանկանայի կանգ առնել մեր Միության համար արդիական որոշ ասպեկտների վրա։

Նշեմ, որ Հայաստանի Հանրապետությունը մեծ նշանակություն է տալիս Միության ներսում գազի ընդհանուր շուկայի ձևավորմանը և պատրաստ է կառուցողական երկխոսության՝ չլուծված հարցերի շուրջ կոնսենսուսի հասնելու համար։

Ապրանքների և ծառայությունների ամբողջական միասնական շուկայի հասնելու տեսանկյունից կարևոր ենք համարում տրանսպորտի և ենթակառուցվածքների ոլորտում ինտեգրացիան։ Ճիշտ մոտեցման դեպքում տրանսպորտային-լոգիստիկ ոլորտը կարող է ԵԱՏՄ-ի զարգացման հիմնական շարժիչներից մեկը և միավորման համար մրցակցային առավելություն դառնալ՝ ստեղծելով տարանցիկ փոխադրումների բարենպաստ կազմակերպչական և տնտեսական պայմաններ։