20 հայ գերիների անհետացումների ու սպանությունների վերաբերյալ նոր գործեր են ներկայացվել ՄԻԵԴ

Վաշինգտոնում տեղակայված «Արդարադատության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնը» (ALC) հայտարարել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ ռազմագերիների «հարկադիր անհետացման» վերաբերյալ 16 նոր գործերի ներկայացման մասին։

Տեղեկությունը հայտնում է ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական գրասենյակը։

«Դրանք վերաբերում են թվով 20 անձանց, որոնք անհետացել են ադրբեջանական գերության մեջ։

ALC-ն, համագործակցելով Երևանում գործող «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» հետ, հիմնավոր ապացույցներ է ներկայացրել առ այն, որ այդ անձինք կալանավորվել և գերեվարվել են ադրբեջանական ուժերի կողմից 2020 թվականի արցախյան պատերազմի ժամանակ, սակայն Ադրբեջանի կողմից նրանց ներկայիս կարգավիճակի մասին լրացուցիչ տեղեկություններ չեն հրապարակվել։

Միջազգային հումանիտար իրավունքի և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի համաձայն՝ այդ անհետացումներն «հարկադիր անհետացման» միջադեպեր են, և Ադրբեջանը պարտավոր է հետաքննել ու հրապարակել այդ անձանց վերաբերյալ տեղեկությունները»,– նշված է հաղորդագրության մեջ:

Միջազգային իրավունքի համաձայն՝ «հարկադիր անհետացումը» պատերազմական շարունակական հանցագործություն է, և որպես այդպիսին՝ այն տևում է այնքան ժամանակ, քանի դեռ զոհի ճակատագրի և գտնվելու վայրի մասին հստակ տեղեկություն չի տրամադրվել։

ALC-ի հարուցված այս նոր գործերը ՄԻԵԴ-ին մղում են պարտադրելու Ադրբեջանին հետաքննել ոչ միայն այդ անձանց անհետացումները, այլև խաղաղ բնակչության վրա Ադրբեջանի համատարած հարձակումների դեպքերը:

Իրավական այս գործողությունների նպատակն է նաև ընդգծել, որ Ադրբեջանը տիրապետում է այդ անձանց մասին տեղեկություններին և մինչ այժմ չի ճանաչել նրանց գերությունը և այդ տեղեկությունները չի փոխանցել զոհերի ընտանիքներին:

«Հայկական իրավական կենտրոնը» և «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնը» նաև երկու նոր գործ են ներկայացրել Ադրբեջանի կողմից 10 հայ ռազմագերիների սպանության համար՝ համաձայն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի: ՄԻԵԴ ներկայացված անհերքելի ապացույցների համաձայն` այս 10 հայ զինվորականները ողջ և անվնաս գերի են վերցվել ադրբեջանական ուժերի կողմից։

Այնուամենայնիվ, անազատության մեջ գտնվելու ժամանակ նրանք անմարդկային խոշտանգումների և դաժան սպանության են ենթարկվել։

Հայ 10 ռազմագերիներից 9-ը գերության մեջ սպանվել են ռազմական գործողությունների դադարեցումից և 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հրադադարի մասին հայտարարությունից հետո։