Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ռազմական ոստիկանությունում և բարոյահոգեբանական ապահովման վարչությունում կադրային փոփոխություններ են լինելու։
«Ըստ ամենայնի մենք փոփոխություն կունենանք, ըստ ամենայնի չէ՝ ես որոշումը կայացրել եմ արդեն, ռազմական ոստիկանությունում փոփոխություն կունենանք, բարոյահոգեբանական ապահովման վարչությունում փոփոխություն կունենանք»,- լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է Փաշինյանը։
Տեղեկացնենք, որ օգոստոսի 13-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի դին՝ հրազենային վնասվածքով։ Պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով քննություն է ընթանում։
Փաշինյանի խոսքով՝ ստեղծված իրավիճակը քննարկել է պաշտպանության նախարարի հետ, և առաջիկայում կադրային լուծումներ կլինեն այն մարմիններում, որոնք անմիջականորեն պատասխանատու են խնդրի համար։ Նա նաև նշել է, որ պետք է վերլուծել, թե ինչու մինչ այժմ գործադրված ջանքերը ցանկալի արդյունք չեն տալիս։
«Եվ նաև մանրամասն կվերլուծենք, թե ինչու էդ ուղղությամբ մեր գործադրած ջանքերը մեզ համար ցանկալի արդյունքներ չեն տալիս և հետևությունների կգանք, այո, անհատական պատասխանատվություն պետք է լինի։ Ես, իմ գնահատականը այն չէ, որ էս իրադրությունում գլխավոր շտաբի պետը և պաշտպանության նախարարը բավարար ջանքեր չեն գործադրում էդ խնդիրը լուծելու համար»,- ասել է Փաշինյանը։


















