Թշնամին մոտեցել է Սյունիքի դարպասներին, բայց իրավիճակը ծայրահեղ չէ․ ՊՆ ներկայացուցիչ

Այսօր վաղ առավոտյան Ադրբեջանի Զինված ուժերը և ահաբեկչական խմբավորումները լայնամասշատբ հարձակումներ են ձեռնարկել մի քանի ուղղություններով ռազմաճակատի հարավ-արևելքում։ Այդ մասին քիչ առաջ ճեպազրույցում հայտարարեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Նրա խոսքով, հակառակորդի հրոսակներին, չնայած թվացյալ հաջողություններին, չի հաջողվել ճեղքել հարավարևելյան առաջնագիծը։

Հադրութից հյուսիս ընկած անտառներում այսօր շարունակվել են դիվերսիոն խմբերի փնտրման և ջախջախման գործողությունները։

«Ցավոք, երեկ` ուշ երեկոյան, մարտերի ընթացքում հակառակորդին հաջողվեց գրավել Կուբաթլուն և որոշ ուղղություններով առաջանալ: Վաղը մենք ինտերակտիվ քարտեզով ավելի հստակ ցույց կտանք այդ տարածքները», -նշեց Հովհաննիսյանը։

Նրա խոսքով, Շեխեր, Ջիվանի, Ազոխ գյուղերում շարունակվում են դիվերսիոն խմբերի որոնման և ջախջախման գործողությունները։ «Թշնամին մոտեցել է Սյունիքի դարպասներին, բայց իրավիճակը ծայրահեղ չէ։ Հակառակորդը որոշ տեղերում ունեցավ հաջողություն, այո, նրանք մոտեցել են Սյունիքի դարպասներին, բայց իրավիճակը ծայրահեղ չէ: Ես հավատում եմ հայ զինվորի բազկին, խելքին, հմտությանը, տոկունությանը: Հայ զինվորն այսօր էլ, երեկ էլ, նույնիսկ եթե ինչ-որ տեղ նահանջել է, շատ տեղերում էլ փախուստի է մատնել աշխարհի առաջատար բանակների հատուկ ջոկատայիններին», -ասաց Հովհաննիսյանը։