Հունվարի 17-ին Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատում Սերժ Սարգսյանի ելույթի շեշտադրումները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ արդեն իսկ տարատեսակ մեկնաբանությունների տեղիք են տվել:
Որոշ փորձագետներ հայտարարել են, թե այդպիսով Սարգսյանը կարդաց հարաբերությունների կարգավորման մահախոսականը, ոմանք էլ դեռ պահպանում են լավատեսությունը:
«Թուրքիայի հետ հարաբերությունները նույնիսկ փոքր քայլերով հարթելու մեր անկեղծ առաջարկով սկսված գործընթացն արագ խափանվեց: Իր հակասական կեցվածքով, իրարամերժ հայտարարություններով և գործընթացի անհիմն շահարկումներով Թուրքիան կործանեց այն:Թուրքիան հետ կանգնեց իր պարտավորություններից և ոչ միայն չվավերացրեց ստորագրված արձանագրությունները, այլև վերադարձավ գործընթացից առաջ որդեգրած իր հին դիրքերին»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը:
Սարգսյանը նաև հավելել է, թե այսօր Թուրքիան հավակնում է տարածաշրջանային առաջնորդության, հավակնում է վարելու այսպես կոչված «նոր օսմանականության» քաղաքականություն:
«Ֆուտբոլային դիվանագիտության» նախաձեռնող Հայաստանի նախագահը, որը գործընթացի սկզբում բավականին լավատես էր, նշել է նաև, որ Թուրքիան չի կարող հավակնել տարածաշրջանային առաջնորդության:
«Մի երկիր, որը Հայաստանի անկախացումից ի վեր տարբեր պատրվակներով փակել է մեր սահմանը և փորձում է շանտաժի ենթարկել իմ ժողովրդին, չի՛ կարող հավակնել տարածաշրջանային առաջնորդության»,- Կիպրոսում հայտարարել է նախագահը:
Սերժ Սարգսյանի այս խոսքերը Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանին հիմք են տվել հայտարարելու, որ հայ-թուրքական հարաբերություններում «ձնհալը վերջացել է»:
«Կիպրոսն այն երկիրն է, որտեղ նման գնահատականներ հնչեցնելը տեղին էր, բայց դա ոչ միայն երկրով էր պայմանավորված, այլ նաև ռեալ գնահատականով, որ հայ-թուրքական հարաբերությունները վերջացել են: Տեղին մեղադրանքներ հնչեցին Թուրքիայի հասցեին, բայց դրանք նաև ինքնագնահատական էին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հովհաննիսյանը:
Քաղաքագետների միության նախագահը հայտարարել է նաև, որ այսկերպ «ֆուտբոլային դիվանագիտությունը» վախճանվեց, և դրա մահախոսականը հնչեց Սերժ Սարգսյանի շուրթերից»:
Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը, սակայն, «Մեդիալաբի» հետ զրույցում պնդում է, թե Սերժ Սարգսյանի ելույթն ամենևին էլ դա չի նշանակում:
«Սերժ Սարգսյանի գնահատականները առկա իրավիճակի հստակ և համարժեք գնահատական էին, ես նույնիսկ կասեի` պատասխաններ: Սակայն ես այդ ելույթում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման լրիվ փակման նախանշաններ չեմ տեսնում»,- «Մեդիալաբին» ասում է Մելքոնյանը:
Թուրքագետի խոսքով` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման փուլը ընդհանրապես բավական երկարատև գործընթաց է և «չի կարող սահմանափակվել մեկ-երկու տարով», քանի որ հայ-թուրքական հակամարտությունը շատ խորն արմատներ ունի:
Մեկ այլ թուրքագետ` Ռուբեն Սաֆրաստյանն էլ կարծում է, որ Սերժ Սարգսյանի ելույթը ոչ թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ողջ գործընթացն է ավարտված համարում, այլ` միայն այս փուլը:
Բայց դա, ըստ Սաֆրաստյանի, դեռ չի նշանակում, որ վերադարձ հարաբերությունների կարգավորմանը չի լինելու:
«Այսինքն` Սերժ Սարգսյանի ելույթը զուտ փաստերի արձանագրություն էր,- «Մեդիալաբին» ասում է Ռուբեն Սաֆրաստյանը: – Եվ ես չեմ կարծում, որ Հայաստանը հրաժարվում է Թուրքիայի հետ երկխոսությունից, եթե Թուրքիան պատրաստ է դրան»:
Քրիստինե Խանումյան
© Medialab.am