Եթե հասարակությունն իր նպատակին չի հասել ու խաբված է, պետք է քայլ անի ու այս անգամ մերժի Նիկոլին ու իր թիմին.  Նինա Կարապետյանց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հելսինկյան ասոցիացիայի նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը 

– Տիկի՛ն Կարապետյանց, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, կկալանավորվի. դատարանը բավարարել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունից ներկայացված միջնորդությունը՝ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։ Դեպքից անցել է երեք օր, բայց Տիգրան Խաչատրյանին դեռ չի հաջողվել հայտնաբերել, ինչպես ավելի վաղ հայտնել էին ՔԿ-ից, Տիգրան Խաչատրյանը լքել է Գորիսը, և գտնվելու վայրն անհայտ է։ Ձեր դիտարկումները խնդրեմ։

– Սա շատ տրամաբանական շարունակությունն է այն ամենի, ինչի ականատեսն ենք լինում վերջին հինգ տարվա ընթացքում։ Բոլոր այն դեպքերը, երբ պետք է եղել չհայտնաբերել մարդուն կամ քրեական գործ հարուցված լինելու պայմաններում՝ չտեսնել, թե ինչպես են մարդիկ լքում Հայաստանի տարածքն ու հայտնվում հիմնականում Ռուսաստանում, այս հինգ տարվա համար շատ տրամաբանական իրադարձություններ են։ 

Եթե այս ամենը գործող իշխանությունը չի տեսնում, չի նկատում, որ կա այսպիսի միտում, ուրեմն չի տիրապետում իրավիճակին, ի վիճակի չի վերլուծություններ անելու, իսկ եթե սա իրենց գիտությամբ է արվում՝ նշանակում է, որ իրենք հանցավոր ռեժիմի անքակտելի մասն են դարձել, ու հասարակությունը պետք է գնահատական տա դրան։

– Այսինքն՝ ձեզ համար անսպասելի ոչինչ չկա՞։

– Բացարձակ, սա շատ սպասելի ու տրամաբանական իրադարձություն է․ անհրաժեշտության դեպքում քրեական գործեր են հարուցվում, մեղադրյալներին չեն գտնում, շատ-շատ են փնտրում, չեն գտնում, երևի։ Կամ՝ քրեական գործեր են հարուցվում, որոնք հայտարարվում են բուռն ծափահարություններով, որոշ ժամանակ անց՝ կարճվում, բայց դրանց մասին տոտալ լռություն է, այսինքն՝ սա այնքան ծանոթ ու կիրառված երևույթ է, որ զարմանալու ոչինչ էլ չկա կոնկրետ դեպքի մասով։ Հնարավոր չէ այլևս որևէ տարբերություն գտնել ներկայիս իշխանության ու հանցավոր ռեժիմի գործելաոճերի միջև։

– Ձեր խոսքում ասացիք, որ իրավական համակարգը կա՛մ միտումնավոր է այս ամենն անում, կա՛մ իրավիճակին չի տիրապետում, եթե իրավիճակին տիրապետեին, կոնկրետ Տիգրան Խաչատրյանին դեպքից երեք օր անց դժվա՞ր էր լինելու հայտնաբերել։

– Նախ՝ կանխարգելիչ գործողություններ տեղի կունենային, բայց անգամ այդ միջադեպի դեպքում, եթե հնարավոր չէր եղել ինչ-որ իրադարձություններ կասեցնել, այո՛, պարտադիր էր շատ արագ նրան հայտնաբերել, բայց Տիգրան Խաչատրյանի դեպքն առաջինը չէ, ուղղակի մեզ մոտ իրադարձություններն այնքան արագ են զարգանում, որ մարդիկ շատ բաներ մոռանում են։

– Տիկի՛ն Կարապետյանց, որ ասում եք՝ հանրությունն իր արձագանքը պետք է տա նմանատիպ դեպքերին, ինչպես եք պատկերացնում՝ այդ արձագանքն ինչպե՛ս պետք է դրսևորվի, իշխանությունը հետևություններ կանի՞, եթե անգամ այդ արձագանքը լինի:

– Հասարակության պատասխանը պետք է լինի արդեն հիմա այս իշխանությանը մերժելը, որովհետև «Քա՛յլ արա, մերժի՛ր Սերժին»-ը չէր վերաբերում Սերժ Սարգսյան անձին, այն վերաբերում էր գաղափարին, այս նույն համակարգին, նույն կեղծ քրեական գործեր հարուցելուն, նույն բռնությանը, յուրայինների նկատմամբ գործեր չհարուցելուն կամ հարուցել-կարճելուն: 

Եթե հասարակությունն իր նպատակին չի հասել ու խաբված է, պետք է քայլ անի ու այս անգամ մերժի Նիկոլին ու իր թիմին, ուրիշ տրամաբանություն ես չեմ տեսնում։ Կլինի դա ընտրություններով, փողոցի տարբերակով՝ պետք է որոշի հասարակությունը, որովհետև մեկ-երկու դեպք չէ արդեն, անհաշվելի թվով դեպքեր են։

– Աղմկահարույց տեսանյութի մասով ի՞նչ կարող եք ասել, որում քաղաքացի Տիգրան Առաքելյանը պնդում է, թե իրեն խոշտանգել են Քննչական կոմիտեում՝ հենց Արգիշտի Քյարամյանի գործուն մասնակցությամբ, չնայած պատկան մարմինները «անհիմն են» համարել այդ մեղադրանքները ու հրաժարվել մեկնաբանություն ներկայացնելուց։

– Լրատվական կայքերից մեկի ուղիղ հարցին ի պատասխան՝ հանդիպե՞լ են նշված օրը Տիգրան Առաքելյանն ու Արգիշտի Քյարամյանը, ուղղակի հրաժարվել են պատասխանելուց, ինչից ելնելով ես ինձ թույլ կտամ ենթադրել, որ իսկապես հանդիպել են, այլապես կհնչեր պատասխան՝ ո՛չ, չեն հանդիպել։ 

Հաստատապես որևէ բան ասել չեմ կարող, բայց եթե մարդն առանց վնասվածքների մտնում է արդարադատության մարմնի որևէ հաստատություն ու վնասվածքներով դուրս է գալիս, ապա պատասխանատվությունը պետական մարմինների վրա է, ու ապացուցելու բեռը ևս իրենց վրա է, ոչ թե Տիգրան Առաքելյանի։ 

Տիգրան Առաքելյանն իրականում շատ փորձառու ակտիվիստ է, նա մարտի 1-ի ժամանակներից բավականին ակտիվ գործունեություն է ունեցել։ Ես կարծում եմ, որ նա պիտի որ հասկանա, թե որքան ծանր է սուտ մատնության հոդվածը, ու նման հայտարարություն անելուց առաջ գիտակցել է դրա լրջությունը և այսպիսի հայտարարություն չէր անի, եթե բավարար հիմքեր չունենար: 

Այլ խնդիր է, որ անգամ ամենաբավարար հիմքերի պայմաններում մենք տեսնում ենք, թե ոնց են գործերը կոծկվում, լռեցվում, փակվում։ Ամենավառ օրինակը հակագազի գործն էր, երբ ունեինք տեսանյութ, ու հետևողականորեն առանձին կերպարներ այդպես էլ պատասխանատվության ենթարկելու գործընթացը չեն կարողանում սկսել, և Դիլիջանի՝ բռնության ենթարկելու պատմությունն ունենք, այսինքն՝ անգամ տեսանյութ ունենալու պայմաններում չեն կարողանում արագ իրականացնել արդարադատության գործընթացները, էլ ուր մնաց փակ միջավայրում, ամենաբարձր պաշտոններ զբաղեցնող մարդկանց հնարավոր մասնակցությամբ գործընթացները ստանան իրենց ճշգրիտ իրավական գնահատականը:

Շատ քիչ հավանական եմ համարում, բայց միևնույն է, ես կարծում եմ, որ պետք է հետևողական լինել, ու եթե նման դեպք իսկապես տեղի է ունեցել, Տիգրանն էլ խիզախություն է ունեցել խոսել այդ մասին, մենք էլ պետք է փորձենք ուշադիր և հետևողական լինել, որ հնարավոր բոլոր տարբերակներով արդարությունը գոնե ինչ-որ չափով աշխատի։

– Տիկի՛ն Կարապետյանց, հաշվի առնելով կատարվող դեպքերը՝ ներկայիս արդարադատության համակարգին ի՞նչ բնորոշում կտաք։

– Համակարգը շատ մեծ քայլերով գնում է դեպի հանցավոր ռեժիմի գործիք, խաղալիք լինելու ճանապարհով, համատարած սկսել են օգտագործել հանցավոր ռեժիմին բնորոշ ամբողջ գործիքակազմը՝ իր ամբողջ պերճանքով ու թշվառությամբ։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am