Վանաձորում 2 մանկապարտեզ չի վերաբացվել, մեկի գործունեությունը դադարեցվել է, քանի որ բուժքրոջ մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Սեպտեմբերի 15-ին, երբ համավարակի պատճառով տեւական դադարից հետո մանկապարտեզների գործունությունը վերսկսվեց, Վանաձորի թվով 20 մանկապարտեզներից 2-ը չվերաբացվեցին, մեկի գործունեությունն էլ դադարեցվել է նախորդ շաբաթ, քանի որ բուժքրոջ մոտ հաստատվել է կորոնավիրուս: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց Վանաձորի քաղաքապետարանի կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերով բաժնի պետ Գոռ Բադյանը:

«Պարետատան որոշման համաձայն մանկապարտեզները պետք է որոշակի տեխնիկական  ապահովվածություն ունենան՝ տաք ջուր, եռաստիճան ջրավազանային լվացում եւ այլն: Համաճարակային իրավիճակում մենք աշխատել ենք 60-70 տոկոս ծանրաբեռնվածությամբ, մեզ մոտ չեն գործել միայն տնակային 2 մանկապարտեզները, որոնք այսպես թե այնպես չեն ունեցել այդ տեխնիկական ապահովվածությունը»,- ասաց Գոռ Բադյանը՝ նշելով, որ խոսքը վերաբերում է թիվ 7 եւ թիվ 8 մանկապարտեզներին, իսկ տնակային մյուս 2 մանկապարտեզները՝ թիվ 4-ն ու թիվ 3-ը, շարունակում են գործել:

Քաղաքի մնացած մանկապարտեզներն, ըստ բաժնի պետի, բնականոն աշխատում են՝ պահպանելով պարետատան ցուցումները: Վանաձորում թիվ 10 մանկապարտեզի գործունեություն էլ դադարեցված է եղել՝ վարակակիր ծնողի պատճառով. «Մանկապարտեզը թեպետ գործում է, սակայն 0 հաճախելիություն ունեն, ծնողներն իրենք չէին բերում, նոր-նոր են սկսել բերել»:

Ներկայացնելով աշխատակիցների շրջանում վարակվածության ցուցանիշը՝ բաժնի պետը տեղեկացրեց՝ միայն մեկ՝ թիվ 31 մանկապարտեզի բուժքրոջ մոտ է նախորդ շաբաթ հաստատվել կորոնավիրուս, ինչի պատճառով մանկապարտեզի գործունեությունը դադարեցվել է»: