Քվեաթերթիկների շուրջ 99 տոկոսի հաշվարկից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը զգալի առավելությամբ առաջատար է։ Նախնական արդյունքներով՝ խորհրդարան են անցնում երեք քաղաքական ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիրը», Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը և Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը։
Նախնական տվյալներով՝ «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 49.82 տոկոս կամ 715,704 ձայն, «Ուժեղ Հայաստանը»՝ 23.33 տոկոս կամ 335,144 ձայն, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 9.95 տոկոս կամ 142,952 ձայն։ Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է 3.97 տոկոս կամ 57,042 ձայն և, նախնական արդյունքներով, չի հաղթահարում խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ 4 տոկոսի շեմը։
ԿԸՀ տվյալներով՝ ժամը 20։00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել էր 1,476,597 քաղաքացի կամ ընտրողների 58.97 տոկոսը։ Սա զգալիորեն բարձր ցուցանիշ է, քան 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններին, երբ մասնակցությունը կազմել էր շուրջ 49.4 տոկոս։
Մինչ ընտրատեղամասերում կամփոփվեին բոլոր տվյալները, Փաշինյանը հայտարարել է, թե «Քաղաքացիական պայմանագիրը» 2021 թվականի համեմատ ավելի մեծ թվով քաղաքացիների քվե է ստացել։ «Ուզում եմ ընդգծել, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2021 թվականի համեմատ ստացել է Հայաստանի Հանրապետության ավելի մեծ թվով քաղաքացիների ձայնը, ավելի մեծ թվով քաղաքացիների վստահության քվեն», – հայտարարել է Փաշինյանը։
Փաշինյանն ընտրության արդյունքները որակել է որպես «պատմական հաղթանակ»։ «Սա պատմական հաղթանակ է, որը միանշանակ ապահովելու է Հայաստանի Հանրապետության հարատևությունը, զարգացումը, և, իհարկե, մենք ունենալու ենք տևական և ինստիտուցիոնալ խաղաղություն», – հայտարարել է նա՝ հավելելով, թե ՔՊ-ն ունի սեփական հաշվարկները։ «Գիտե՞ք, մենք բոլոր ընտրական տեղամասերում ունենք վստահված անձինք, և ունենք արձանագրությունները, և մենք մեր սեփական հաշվարկներն ենք անում»:
Փաշինյանի հայտարարությանը արձագանքել է «Հայաստան» դաշինքը՝ նշելով, որ հաղթանակի մասին հայտարարության պահին ԿԸՀ-ն դեռ չէր ամփոփել ընտրատեղամասերի արդյունքների մեծ մասը։ Դաշինքի գնահատմամբ՝ վերջնական արդյունքների բացակայության պայմաններում Փաշինյանի հայտարարությունները «իր հաղթանակի» և միանձնյա իշխանություն ձևավորելու վերաբերյալ «վերածվում են իշխանության յուրացման, ԿԸՀ-ն փոխարինելու և նրա գործունեության նկատմամբ կոպիտ միջամտություն իրականացնելու հանցավոր քայլի»։
«Առանց վերջնական արդյունքների՝ դատական համակարգին և պետական ատյաններին հրահանգավորելու և սպառնալու փոխարեն, գործող վարչախումբը դեռ պետք է իրավական պատասխան տա այս ընթացքում արձանագրված բոլոր ընտրախախտումների, վարչական ռեսուրսի կոպիտ կիրառման և քաղաքացիների կամարտահայտման վրա գործադրված բռնաճնշումների համար», – նշված է դաշինքի հայտարարության մեջ։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը գիշերը ևս հանդես է եկել հայտարարությամբ՝ հունիսի 7-ին անցկացված խորհրդարանական ընտրությունները որակելով «խայտառակ»։ Տնային կալանքի տակ գտնվող ռուսաստանաբնակ գործարարը հայտարարել է, որ քարոզարշավի ընթացքում իր թիմակիցները ենթարկվել են հալածանքների և բռնությունների։
«Դուք բոլորդ այս մեկ ամսում տեսաք՝ ինչ հալածանքների էինք մենք ենթարկվում, ինչ բռնությունների էինք մենք ենթարկվում: Մեզանից, մեր թիմակիցներից մոտ 75 հոգի այսօր կալանավորված են, 700-ից ավել մարդ ձերբակալվել են, և այս մարդիկ նույնիսկ չհանգստանալով՝ որոշեցին ընտրությունների օրը անհասկանալի գործերով զբաղվել: Նույնիսկ աշխարհի պատմության մեջ չի եղել դեպք, երբ հաշվարկի ժամանակ ընդհատում են ու ասում են՝ «առավոտյան 9-ին կներկայացնենք արդյունքները», – հայտարարել է Կարապետյանը։

















