Առնվազն 10 մարդ է զոհվել Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով. Reuters

 Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Reuters գործակալությունը, հղում անելով անվտանգության և առողջապահության ոլորտի լիբանանյան աբյուրներին:

Գործակալությունը հայտնում է, որ Բեյրութի նավահանգստի շրջանում տեղի ունեցած հզոր պայթյունից հետո առնվազն 10 դի է տեղափոխվել հիվանդանոցներ:

Օգոստոսի 4-ին հզոր պայթյունը ցնցել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութը: Ստացվող տեղեկությունները տարբեր են, որոշ աղբյուրներում նշվում է երկրորդ պայթյունի մասին ևս: Ականատեսները տեսանկարահանել են կատարվածն ու ներկայացրել ավերածությունները, որոնք տեղի են ունեցել շրջակայքում: Առաջին պայթյունը որոտացել է քաղաքային նավահանգստում, տեղական ժամանակով երեկոյան 18:00-ից հետո: Րոպեներ անց, ըստ որոշ հրապարակումների, ավելի մեծ պայթյուն է որոտացել: Տեսանկարահանումը ֆիքսել է հարվածային ալիքը, որը ցնցել է մի քանի կիլոմետր հեռավորությամբ գտնվող շինությունները:

Լիբանանի առողջապահության նախարարությունը բոլոր հիվանդանոցներին հրահանգել է պատրաստվել վիրավորների ընդունմանը, իսկ երկրի Առողջապահության նախարարը հեռուստատեսությամբ հայտնել է, որ վիրավորների թիվը շատ մեծ է: Զոհերի վերաբերյալ հաղորդագրություն չի ստացվել: