Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից շրջանառության մեջ դրված «Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվող հերթական փոփոխությունը վերաբերում է երեխային կրծքով կերակրող աշխատող կանանց տրամադրվող ընդմիջումների տևողության վերանայմանը։
Այդ մասին հայտնում են Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից։
Գործող կարգավորումներով՝ երեխային կրծքով կերակրելու համար աշխատող մորը յուրաքանչյուր երեք ժամը մեկ տրամադրվում է լրացուցիչ ընդմիջում՝ նվազագույնը կես ժամ տևողությամբ։ Նախատեսվող փոփոխությամբ՝ առաջարկվում է երեխային կերակրելու համար տրամադրվող ընդմիջումները, ցանկության դեպքում, միավորել և միացնել, օրինակ՝ հանգստի և սնվելու համար նախատեսված ընդմիջմանը։
Նախատեսվում է հնարավորություն տալ նաև մինչև 1,5 տարեկան երեխա խնամող աշխատող մայրերին, իրենց ցանկությամբ, աշխատել ոչ լրիվ աշխատաժամանակի ռեժիմով։ Գործող կարգավորումների համաձայն՝ այդ ռեժիմով կարող են աշխատել մինչև 1 տարեկան երեխա խնամող մայրերը։ Հարկ է նկատի ունենալ, որ ոչ լրիվ աշխատաժամանակի ռեժիմով աշխատելու դեպքում՝ աշխատանքը վարձատրվում է փաստացի կատարվածին համապատասխան։