Նամակ եմ գրել Եվրոպական խորհրդարանի բոլոր պատգամավորներին՝ բարձրաձայնելով Բաքվում հայ գերիների և պատանդների նկատմամբ իրականացվող կեղծ դատավարությունների մասին. Դավիթ Սանասարյան-

ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հայրենակիցնե՛ր,
Այսօր, որպես «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ, նամակ եմ գրել Եվրոպական խորհրդարանի բոլոր պատգամավորների էլեկտրոնային հասցեներին՝ բարձրաձայնելով Բաքվում հայ գերիների և պատանդների նկատմամբ իրականացվող կեղծ դատավարությունների և անմարդկային վերաբերմունքի մասին։

Մասնավորապես, ներկայացրել եմ Ռուբեն Վարդանյանի վիճակը, ով արդեն 23 օր հացադուլի մեջ է և գտնվում է կյանքի համար վտանգավոր փուլում, սակայն Ադրբեջանի ռազմական դատարանը մերժել է նրա դատավարությունը հետաձգելու բոլոր 5 միջնորդությունները՝ ստիպելով նրան մասնակցել կեղծ դատավարությանը։

Բացի այդ, ներկայացրել եմ, որ առնվազն 23 հայեր ապօրինի պահվում են Բաքվում՝ ենթարկվելով ամենօրյա խոշտանգումների, նվաստացման և ճնշումների։ Նրանք ադրբեջանական ռեժիմի ձեռքում դարձել են գործիք, ինչը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է։


Ադրբեջանի այս գործողությունները ոչ միայն արդարադատության բացահայտ խախտում են, այլև հանցագործություն մարդկության դեմ։ Հորդորել եմ Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին ձեռնարկել գործուն քայլեր՝ ներառյալ Ադրբեջանի ղեկավարության նկատմամբ նպատակային պատժամիջոցների կիրառումը՝ այս անմարդկային վերաբերմունքը դադարեցնելու համար։

Այսօր Եվրոպական խորհրդարանում քննարկվելու է Բաքվի կազմակերպած շինծու դատավարությունների հարցը։ Միջազգային լռությունն ու անգործությունը միայն խրախուսում են բռնապետական ռեժիմի անպատժելիությունը։
Կոչ եմ արել եվրոպացի գործընկերներին ցուցաբերել արդարության և մարդու իրավունքների պաշտպանության հստակ դիրքորոշում»։