Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Հայաստանի ներկայացրած 6 կետանոց առաջարկներին ի պատասխան Ադրբեջանից պաշտոնական պատասխան դեռևս չի ստացվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում:
«Պաշտոնական որևէ պատասխան չենք լսել, մամուլում տարբեր շահարկումներ, արտացոլումներ կային, բայց որևէ պաշտոնական դիրքորոշման մասին ես ինքս տեղյակ չեմ»,-ասաց փոխնախարարը:
Անդրադառնալով հնարավոր բանակցություններին՝ նա ասաց, որ բանակցությունների նպատակն այն է, որ համադրվեն երկու կողմերի մոտեցումները: Իսկ, թե որքանով դա կհաջողի, կերևա բանակցությունների ընթացքից: Հնարավոր բանակցությունների կայացման օրվա վերաբերյալ որոշում ևս հայտնի չէ փոխնախարարին:
«Կա կողմերի նախնական պայմանավորվածությունը, սակայն դեռևս ամեն ինչ բանակցային փուլում է, այդ թվում` բանակցությունների սկիզբը, օրը և բոլոր այլ էլեմենտները»,-ասաց Հովհաննիսյանը:
Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ զորքերի հայելային հետքաշման վերաբերյալ առաջարկին, որից հետո նոր մեկնարկեն սահմանազատման և սահմանագծման աշխատանքները, և հարցին, թե արդյոք այդ հարցը քննարկվում է՝ նա ասաց. «Հարցը նույնպես քննարկման փուլում է, գիտեք որ քննարկումները սկսվել են, և այդ առաջարկը սեղանին է: Այդ առաջարկին մեր մի շարք միջազգային գործընկերներ հայտնել են իրենց դրական դիրքորոշումը: Բանակցությունների ընթացքում կտեսնենք, թե ինչպես կլինի»:
Մարտ ամսին Ադրբեջանը փոխանցել էր 5 կետանոց իր առաջարկները, որին ի պատասխան օրեր անց Հայաստանը փոխանցել էր առաջարկները: