Ստեփանակերտում ապրիլի 23-ին ջահերով երթ կկայանա

Ստեփանակերտում ապրիլի 23-ին կկազմակերպվի ջահերով երթ: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Արցախի երիտասարդական միությունը:

Հայտարարությունում մասնավորապես, նշվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ,

Ապրիլի 23-ին ՀՅԴ Արցախի երիտասարդական միության նախաձեռնությամբ տեղի կունենա «Զարթնի՛ր, լաո՛…» կարգախոսով ավանդական ջահերով երթ, որը կմեկնարկվի Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու բակից ժամը 19:00-ին:

Մեր թշնամիների ծրագրում 1915թ-ից առ այսօր ոչինչ չի փոխվել։ Այսօր էլ Արցախի նկատմամբ կիրառվում է նույն ցեղասպան քաղաքականությունը։

Ուստի այդ քաղաքականությանը ո՛չ ասելը, ապրելու մեր ցանկությունը բոլորին լսելի դարձնելը, համազգային դիմադրողականության բարձրացումը դառնում է յուրաքանչյուր արցախցու պարտքը, այդ իսկ պատճառով կարևոր է ջահերթին հենց քո՛ մասնակցությունը»: