«Գենդերը» դիվահար է անում մարդկանց. Նոր առաջարկությունների փաթեթը` բուռն քննադատության թիրախում

«Գենդերը» դիվահար է անում մարդկանց.  Նոր առաջարկությունների փաթեթը` բուռն քննադատության թիրախում
«Գենդերը» դիվահար է անում մարդկանց. Նոր առաջարկությունների փաթեթը` բուռն քննադատության թիրախում

Գենդեր եզրի հետ կապված ցանկացած բնույթի քննարկումները ցույց են տալիս, որ «գենդեր» եզրը Հայաստանում առանձին է «ապրում» ու ըստ կրթության փորձագետ Անահիտ Բախշյանի՝ այդ բառը դիվահար է անում մարդկանց: 

«Դրա պատճառն այն է, որ մեր ավանդական տեսակն ու բնազդը շատ խորն է արմատավորված և ոչ մի արևմուտք չի կարող այն փոխել»,- ասում է նա:

Երկու տարի տևած ուսումնասիրությունից հետո «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ն կրթական ոլորտի փորձագետներին ներկայացրեց «Գենդերային բաղադրիչի ներառումը հասարակագիտություն առարկայում» առաջարկությունների փաթեթը, ինչն արժանացավ մասնակիցների բուռն քննադատության ու լայն քննարկումների առիթ հանդիսացավ:

Դիտարկվել է «Հասարակագիտություն» առարկայի դասագրքի բովանդակությունն ու Հայաստանի հինգ տարբեր մարզերում՝ Կրթության Ազգային ինստիտուտի, նախարարության աշխատակիցների, ուսուցիչների՝ մոտ 140 մասնակիցների ներգրավվածությամբ անցկացվել են կլոր սեղաններ, որի արդյունքում էլ մշակվել է Կրթության նախարարությանը ներկայացվող առաջարկությունների փաթեթ:

ՀԿ նախագահ Աննա Նիկողոսյանն ասում է, որ Հասարակագիտություն առարկայի համար խնդիրը չափազանց սուր է ու հրատապ, քանի որ այն կոչված է ձևավորելու ապագա քաղաքացուն:

«Դասագրքերում տեղ են գտնում գենդերային կարծրատիպեր բովանդակող նյութեր և նկարներ, հաշվի չի առնվում դրանց ազդեցությունը սովորողների անհատականության ձևավորման վրա»,- ասում է նա:

Առաջարկներից մեկն այն էր, որ առարկայի շրջանակներում լինի առանձին թեմա՝ նվիրված այն հարցերին, թե ինչ է գենդերը, գենդերի և սեռի միջև տարաբերությունները, գենդերային հավասարությանը, գենդերային բռնությանը և գենդեր եզրի հետ կապված այլ հասկացություններին, որոնք կանցկացվեն առանձին դասաժամերով:

Սրան դեմ է Կրթության ազգային ինստիտուտի կրթական փորձագետ, Հասարակագիտություն դասագրքի հեղինակ Կարինե Հարությունյանը, ով ասում է, թե այդ վերաբերմունքը պետք է հավասարապես ներկայացված լինի կրթական բոլոր բաղկացուցիչներում և դրան առանձին դասաժամ նվիրելու կարիք չկա:

Աշխատանքի սոցիալական հարցերի նախարարության աշխատակից Արմինե Թաշոյանը ևս համաձայն  է այս մոտեցման հետ՝ ասելով, որ ցանկացած առարկայի  մեջ պետք է երևա գենդերային զգայությունը, և պետքը չէ այդ մասին առանձին խոսել:

«Եթե ուսուցիչը այդ գաղափարի կրողը լինի, ինքը գիտի թե ինչ միջոցներով դա կհասցնի երեխաներին,- մեկնաբանում է նա,- առանձին դասով առանձնացնել գենդերային ուսուցումը ընդունված չէ»:

Անահիտ Բախշյանը կրկին անգամ հստակեցրեց իր դիրքորոշումն այս հարցում, որ քանի դեռ Մանկավարժական համալսարանը չի պատրաստում հասարակագիտություն դասավանդող ուսուցիչ՝ դժվար է լինելու նոր ծրագրերով առաջ գնալու:

«Մեր ուսուցիչը մի մարդ է, որ երեխայից մի 24 ժամ առաջ է կարդում դասն ու դրան պատրաստ չէ. չի մարսել»,- մեկնաբանում է նա:

Բախշյանը նաև ասում է, որ կանանց և տղամարդկանց հավասարության մասին խոսելը վտանգավոր է, քանի որ տղամարդն ու կինը այն առաքելությամբ, որ աշխարհ են գալիս, արդեն հավասար չեն:

«Օրենքը սահմանում է կանանց ու տղամարդկանց հավասար հնարավորությունները, ու այդ օրենքը բավական լավ է գրված, ճիշտ կլինի օգտվել դրանից ու նոր բաներ չհնարել»,- ասում է  նա:

Ըստ Բաց հասարակություն հիմնադրամներ-Հայաստան կրթական ծրագրի համակարգող Լիլիթ Նազարյանի՝  ներկայացված փաթեթն անիրատեսական է, քանի որ փողոցում գենդեր բառի արտասանությունը հավասարազոր է հայհոյանք ասելուն:

«Ինչպե՞ս կարելի է ակնկալել, որ նախարարությունը հաշվի կնստի մի փաթեթի հետ, որտեղ ծայրից ծայր գենդեր է գրված, ու այն դեպքում, երբ նախարարը Խաչիկ Ստամբոլցյանի գրած նամակի հիման վրա կարող է դասագրքում չափորոշիչներ փոխել»,- ասում է նա:

ՄԱԿ ժողովրդավարական կառավարման ծրագրերի բաժնի աշխատակից Մարինա Մալխասյանն, այդուհանդերձ, դեմ արտահայտվեց դրան՝ ասելով, որ եթե մեր միջավայրում այս եզրույթի հետ խնդիրներ կան, ուրեմն պետք է փոխել մոտեցումները:

«Խնդրից փախնելով հարց չի լուծվի, և եթե գենդեր բառն իրենով խնդիր է առաջացնում, ուրեմն պետք է փոխել խնդրի վերաբերյալ մոտեցումը, այլ ոչ թե խնդրին չանդրադառնալ,- հակադարձում  է նա,-իսկ հավասար հնարավորությունների մասին խոսակցությունները վերջանում են այն ժամանակ, երբ կինը ծննդաբերելիս կարևորում է երեխայի սեռն ու նախապատվություն տալիս արականին»:

Մալխասյանը հակադարձում է նաև Բաշխյանին ՝ասելով, որ ինչքան էլ Մանկավարժական համալսարանը հասարակագիտության ուսուցիչ պատրաստի՝ միևնուն է. այդ ուսուցիչը այլ մշակութային արժեքների կրող է, և անհրաժեշտ է աշխատանքն սկսել մանկապարտեզներից ու դպրոցներից՝ միաժամանակ աշխատելով նաև ընտանիքների հետ:

Աննա Մուրադյան

© Medialab.am