Ադրբեջանի ԶՈՒ-ն Սյունիք բնակավայրից 100 մ հեռավորության վրա է. Կապանի ղեկավարը ներկայացրեց իրավիճակը

Ադրբեջանի զինված ուժերը գտնվում են Հայաստանի Սյունիք բնակավայրից 100 մ հեռավորության վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Ազգային ժողովում հրավիրված աշխատանքային քննարկման ընթացքում ասաց Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը՝ ներկայացնելով մարզում և դրա շուրջ ստեղծված իրավիճակը:

«Թշնամին մեր բնակավայրերից, օրինակՍյունիք բնակավայրից գտնվում է 100 մ հեռավորության վրա, Կապան քաղաքի բնակելի հատվածից 1 կմ հեռավորության վրա: Այն բանից հետո, երբ շատ կարևոր բարձունքներ, որոնք գտնվում են Սյունիք ու Կապան համայնքի դիմաց, անցնեն Ադրբեջանի վերահսկողության ներքո, Կապան քաղաքն ու որոշ այլ բնակավայրեր կդառնան լուրջ թիրախ»,- նշեց Փարսյանը:

Նոյեմբերի 9-ին, Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ստորագրված եռակողմ հայտարարության իրագործման շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձևավորվում են նոր սահմաններ։

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը կազմակերպել է աշխատանքային քննարկում՝ «Սահմանամերձ շրջաններում ստեղծված իրավիճակի, առկա խնդիրների, լուծման ուղիների, սահմանների ճշգրտման, պահպանության եւ անվտանգության ապահովման հարցերի վերաբերյալ» թեմայով: