Եթե Կոնգրեսի վարչությունը որոշեց մասնակցել ընտրություններին, ապա ցուցակը գլխավորելու պարտավորությունը ջարդվելու է իմ գլխին. Լևոն Տեր-Պետրոսյան

Մասնակցելու՞ է Հայ Ազգային կոնգրես կուսակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Այսօր ՀԱԿ համագումարում իր ելությում հարց հնչեցրեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Նրա այս հարցին արձագանքեց դահլիճը, մի քանի րոպե բացականչելով. «Այո, այո»:

«Ինչ վերաբերում է Կոնգրեսի` ընտրություններին մասնակցելու կամ չմասնակցելու վճռին, ապա համագումարից խնդրում եմ դրա իրավասությունը պատվիրակել նորընտիր վարչությանը։ Եթե վարչությունը որոշի մասնակցել ընտրություններին, ապա ինքնըստինքյան հասկանալի է, որ Կոնգրեսի ցուցակը գլխավորելու պարտավորությունը ջարդվելու է իմ գլխին», -հայտարարեց Տեր-Պետրոսյանը։

Այնուհետև առաջին նախագահը հավելեց.

«Մի ճշմարտություն կա՝ Կոնգրեսի ներկայությունը խորհրդարանում անհրաժեշտ է թեկուզ միայն այն պատճառով, որպեսզի համատարած կակաֆոնիայի (խառնաղմուկ) պայմաններում, ինչպես մեկ անգամ արդեն ասել եմ, ողջախոհության ճրագը մեր երկրում չմարի»: