Անահիտ Բախշյան. Դպրոցները զմռսում են երեխաների պայծառ ուղեղները

Անահիտ Բախշյան. Դպրոցները զմռսում են երեխաների պայծառ ուղեղները
Անահիտ Բախշյան. Դպրոցները զմռսում են երեխաների պայծառ ուղեղները

Այսօր Peoplemeter ակումբում կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն, կրթության փորձագետ Անահիտ Բախշյանն անդրադարձավ կրթական համակարգի խնդիրներին եւ ասաց, որ դրանք բազմաթիվ են` կապված կրթության կազմակերպման եւ կառավարման, կրթական ծրագրերի անհամապատասխանության եւ դասագրքերի բարդության հետ. «Կառավարության ծրագրի համաձայն` առաջիկա հինգ տարում միջնակարգ կրթությունը պետք է պարտադիր լինի: Կարեւորագույն խնդիրը կրթության որակի ապահովումն է: Այն կրթությունը, որն այսօր ստանում է երեխան, հեռու է ծնողի ակնկալիքից այն առումով, որ կրթության ապահովումը միայն դպրոցի ուսերին է մնացել»:

Տիկին Բախշյանը հայտնեց, որ հիմնական դպրոցները 6-7 բալով ավարտած աշակերտները թեստավորման կենտրոնի քննությունները հանձնելիս ստանում են 4 բալ. «Թեստավորման կենտրոնի տվյալներով` մաթեմատիկա առարկայից կտրվել է դիմորդների 35, իսկ հայոց լեզվից` 25 տոկոսը: Իսկ բնագիտական առարկաների միջին գնահատականը եղել է 2,5-3 բալ: Ուրեմն` ինչու՞ խնդիրը չի վերլուծվում կրթության համար պատասխանատու տարբեր մարմինների կողմից: Պետք է հասկանալ` ծրագրե՞րն են բարդ, թե՞ այլ պատճառ կա: Նման խնդիրներից խուսափելու համար առաջարկում եմ լայն համագործակցությամբ իրար կապել կրթության նախարարությունը, գնահատման եւ թեստավորման կենտրոնը, Մանկավարժական համալսարանը եւ կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը: Այդ կառույցները պետք է խփեն նույն կետին` երեխայի որակյալ կրթությունն ապահովելու համար»:

Անահիտ Բախշյանը անհրաժեշտություն է համարում տեղական ինքնակառավարման մարմինների հետ համապատասխան համաձայնագրի ստորագրումը, ըստ որի` կրթության ազգային ինստիտուտի մասնագետները անարգել կկարողանան մուտք գործել դպրոցներ. «Այսօր մեր մասնագետները չեն կարողանում դպրոց մտնել եւ հետամուտ լինել, թե ինչ աշխատանք է իրականացնում իրենց իսկ վերապատրաստած ուսուցչուհին: Դպրոցը փակ կառույց է, եւ այնտեղ մտնելու համար պետք է թույլտվություն ստանալ մարզպետարանից կամ քաղաքապետարանից: Խնդրին լուծում տալու համար դպրոցները պետք է օգտվեն կրթության համար լիազոր կառույցի` ԿԳ նախարարության ենթակայության տակ»: Կարդալ ավելին