«Պանգասիուս» ձկնատեսակի վաճառքի հետ կապված ահազանգին ընթացք է տրվել. ՍԱՏՄ. Factor

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություն կիրականացնի իրացման ցանցերում` ընթացք տալով «Պանգասիուս» ձկնատեսակի վաճառքի հետ կապված ահազանգին:

Այս մասին Factor.am-ի հետ զրույցում հայտնեց ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը: «Ահազանգին ընթացք է տրվել, վերահսկողություն կիրականացվի իրացման ցանցերում, և, ամենայն հավանականությամբ, հետագծելիությամբ, ներկրողի մոտ»,- փոխանցեց ՍԱՏՄ ներկայացուցիչը:  Գյուղատնտես Հարություն Մնացականյանը ֆեյսբուքի էջում ահազանգել էր, որ  «Պանգասիուս»-ը կրկին հայտնվել է հայկական շուկայում և վաճառվում է բավականին մատչելի գնով:

Նա գրառմանը կից նաև լուսանկար է հրապարակել: Հարություն Մնացականյանը նաև գրել է, որ այս ձկնատեսակը հիմնականում բուծում են հարավարևելյան Ասիայում՝ Վիետնամի Մեկոնգ գետում, որը հայտնի է իր անթույլատրելի աղտոտվածության մակարդակով: Գյուղատնտեսը նշել է, որ «Պանգասիուս» ձկնատեսակի ներկրումն ու օգտագործումն արգելված է Եվրոպայի և Ամերիկայի երկրների մեծամասնությունում։

Ըստ նրա՝ 2012 թվականից մեր երկրում  «Պանգասիուս» ձկնատեսակի ներկրման սահմանափակում է եղել:  «Քանի որ 10 տարուց ավելի անցել է, պատմեմ` ինչպես է կանխվել ներկրումը: Ներկրողներին ուղղակի բանավոր հորդորել են չներկրել այն, ներկրման պարագայում կմտցնեն լաբորատոր կրկնակի փորձաքննության, որից հետո տնտեսվարողը ստիպված կլինի ձկան ոչնչացման ծախսերն էլ իր վրա վերցնել»,- սոցիալական ցանցի իր էջում նշել է գյուղատնտեսը: