Միանգամայն ողջունելի է այն, ինչ արեց Գարեգինը, եթե  խոսակցությունը պրոֆեսիոնալ խնդիրների մասին է. Բորիս Նավասարդյան 

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանը

– Պարո՛ն Նավասարդյան, ձեր գնահատականն եմ խնդրում Հայաստանի հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանի հրապարակման վերաբերյալ, որը վերաբերում է Հանրային ռադիոյի տաղավարում հունվարի 31-ին Նիկոլ Փաշինյանի տված հարցազրույցին։

– Ես այստեղ տեսնում եմ երկու բան․ միգուցե Հանրային ռադիոյի տնօրենն ունի որոշակիորեն տարբեր քաղաքական հայացքներ, քան երկրի ղեկավարությունը, ու ես այստեղ խնդիր չեմ տեսնում, պարզապես չէի ցանկանա, որ այդ քաղաքական հայացքների հայտարարումը խառնվեր պրոֆեսիոնալ հարցերին, այնպես որ, ես կկենտրոնանամ հարցի պրոֆեսիոնալ կողմին՝ առայժմ չմեկնաբանելով Գարեգին Խումարյանի քաղաքական հայացքները։ 

Ես կիսում եմ մտահոգությունը, որ կա ընդհանուր խնդիր, ոչ թե այդ մեկ լրագրողի հետ, որը վարում էր Նիկոլ Փաշինյանի հետ հարցազրույցը, թե ինչպես են անցնում Նիկոլ Փաշինյանի հարցազրույցները կամ մամուլի ասուլիսները։ Եթե խոսում ենք Հանրային հեռուստատեսությամբ ու ռադիոյով մամուլի ասուլիսների ու հարցազրույցների մասին, ապա պետք է ասենք, որ դրանք ավելի շատ մենախոսություն են, այսինքն՝ այն բազմաթիվ ու բազմազան հարցերը, որոնք կարող են լինել հասարակության մոտ, համարյա չեն հնչում, երկրի ղեկավարներն ասում են ինչ իրենց է պետք, այլ ոչ թե ծածկում են հասարակության շրջանում առկա հետաքրքրությունները կամ մտահոգությունները։ 

Նույնիսկ մամուլի ասուլիսներում, որոնք շատ դեպքերում շատ սուր են անցնում, ու վերջին մամուլի ասուլիսը նույնիսկ սկանդալային ստացվեց, ի վերջո դա էլ է մենախոսություն, քանի որ լրագրողները հնչեցնում են քաղաքական կարգախոսներ, ու, իբրև թե դրանց պատասխանելով, վարչապետն էլի ասում է այն, ինչ ուզում է ասել։ Այսինքն՝ այդ կարգախոսների հնչեցումը լուրջ խոսակցության չի տանում, ու այստեղ ես լուրջ խնդիրներ եմ տեսնում նաև լրագրողների կողմից։ 

Արդեն այն, որ դու քաղաքական ղեկավարին նետում ես քաղաքական մարտահրավեր, դա չի դառնում լրագրող-քաղաքական գործիչ երկխոսություն, դա լրիվ այլ բան է լինում, չի տարբերվում նրանից, ինչ տեղի է ունենում խորհրդարանում, երբ ընդդիմադիր պատգամավորները հարց են ուղղում պաշտոնյաներին, իսկ նրանք պատասխանում են, այսինքն՝ մամուլի ասուլիսներն ու հարցազրույցներն այլ բանի համար են։ 

Եթե Գարեգին Խումարյանի հրապարակումը դառնա առիթ, որպեսզի Հանրային հեռարձակողի մոտ առաջանան հարցեր՝ արդյոք մենք ճի՞շտ ենք ամեն ինչ անում, արդյոք մեր պետական պաշտոնյաների կամ քաղաքական առաջնորդների հարցազրույցները չե՞նք դարձնում նրանց մենախոսությունը և եթե նույնիսկ հնչեցնում ենք հարցեր, այնպիսի՞ հարցեր ենք հնչեցնում, որոնց շատ հեշտ է պատասխանել։ 

Վերջին տարիներին ես ընդամենը մեկ հարցազրույց եմ տեսել Նիկոլ Փաշինյանի հետ, որն իրոք հարցազրույց էր, դա «Ազատություն» ռադիոկայանով Հեղինե Բունիաթյանի հարցազրույցն էր, մնացած բոլոր հարցազրույցները հարցազրույց չեն: Եթե այդ պրոֆեսիոնալ խնդրի շուրջ սկսի մտածել մեր Հանրային հեռարձակողի խորհուրդը, ապա, միգուցե, ինչ-որ դրական բան կլինի Գարեգինի այս պոռթկումից, թեև, իհարկե, լուրջ կասկածներ ունեմ, որ նա շատ համախոհներ կունենա Հանրային հեռարձակողի ղեկավարության մեջ։

– Այսինքն՝ նկատի ունեք, որ լրագրողները պետք է ավելի դիպո՞ւկ հարցեր հնչեցնեն, անեն այնպես, որ վարչապետը դրանց հստակ չպատասխանելու հնարավորություն չունենա՞։

– Պետք է լինի քաղաքական բանավեճ, լրագրողը նրա համար չէ, որ քաղաքականապես բանավիճի պաշտոնյայի, մանավանդ՝ առաջին դեմքի հետ, բայց նա պետք է այնքան կոմպետենտ լինի, հասկանա, թե հասարակությունն ի՛նչ հարցեր ունի ղեկավարությանը, այնքան հետևողական լինի, որ թույլ չտա իրեն շեղել տարբեր քաղաքական մանիպուլյացիաների միջոցով: Դա հեշտ գործ չէ, բայց դա այն է, ինչ պետք է այսօր, եթե մենք խոսում ենք առաջին դեմքի ու, ընդհանրապես, բարձրաստիճան պաշտոնյաների հետ հարցազրույցների պարագայում։

– Իսկ դուք համաձա՞յն եք հնչեցված այն կարծիքներին, թե Խումարյանի այս հրապարակումը նախադեպային է, որ վերջապես պետական պաշտոն զբաղեցնող անձը համարձակվեց ընդդիմանալ վերադասին և այլն։

– Ես դրա համար ասացի, որ կցանկանայի տարբերակել այդ հոդվածի քաղաքական ու պրոֆեսիոնալ հատվածները։ Եթե դա հերթական քաղաքական բանավեճ է, թե ինչպիսին պետք է լինեն մեր երկիրը, երկրի ղեկավարությունը և այլն, ապա ես սրանից առանձնապես որևէ հետաքրքիր բան չեմ սպասում, բայց եթե դա խոսակցություն է պրոֆեսիոնալ խնդիրների մասին, որոնք առկա են Հանրային հեռուստատեսությունում ու ռադիոյում, ու եթե դա առիթ կդառնա այդ խնդիրների լուրջ քննարկման, ապա միանգամայն ողջունելի է այն, ինչ արեց Գարեգինը։

– Պարո՛ն Նավասարդյան, նկատի ունեմ այն, որ այս գրառումից հետո ոմանց մեջ ակնհայտ հույս է ծնվել, թե մարդիկ արդեն սկսում են ընդվզել օրվա իշխանության վարած քաղաքականության դեմ։ Իսկապե՞ս սա ընդվզում էր, թե՞ ազատ կամարտահայտություն։

– Դե, նորից եմ ասում՝ լրագրողի գործը չէ ընդվզել, նրա գործն է հնչեցնել այն բոլոր հարցերը, որոնք մտահոգում են հասարակությանը ու հարցազրույցը վարել այնպես, որպեսզի քաղաքական ղեկավարության ներկայացուցիչը ստիպված լինի դրանց բազմակողմանի ու անկեղծորեն պատասխանել։

– Այս հոդվածին ի՞նչ է հետևելու, ըստ ձեզ, շատերը կանխատեսում են պաշտոնանկություն, ինքնակամ պաշտոնից հրաժարում: Դուք ի՞նչ եք կարծում։

– Տարբեր սցենարներ են հնարավոր, այն, որ Հանրային ռադիոյի գործադիր տնօրենը փաստորեն որոշ չափով քաղաքականացրեց իր խոսքը, միգուցե ինչ-որ տեղ նրան պաշտպանի, որպեսզի դա չդիտարկվի որպես քաղաքական հետապնդում: Այդ առումով միգուցեև արդարացված էր ինչ-որ քաղաքական ձեռնոց նետելը, բայց նաև ես արդեն ոչ թե նկատի ունեմ Կառավարություն – Հանրային ռադիո հարաբերությունները, այլ ես այստեղ տեսնում եմ լուրջ խնդիրներ՝ ինչպիսին կլինեն հարաբերությունները Հանրային հեռարձակողի ներսում, քանի որ, ինչպես նշեցի, համոզված չեմ, որ Գարեգինը կունենա շատ համակիրներ, կամ եթե կան այդ համակիրները, ապա կունենան բավարար համարձակություն, որպեսզի նրա բարձրացրած խնդիրը՝ պրոֆեսիոնալ մասով, շեշտում եմ, կցանկանան հետապնդել։ Եթե հեռացնելու հրահանգ և այլն չլինի, աշխատանքը նման պայմաններում կարող է բավականին բարդ լինել Ռադիոյի տնօրենի համար։

– Իսկ եթե լինի՞ նման հրահանգ։

– Միանշանակ կլինի այն, որ քաղաքական հայացքների ու դրանք բաց ներկայացնելու համար մարդուն հեռացնում են աշխատանքից։

– Պարո՛ն Նավասարդյան, որ նշում եք պրոֆեսիոնալ առումով առկա խնդրի մասին, նկատի ունեք, որ հանրային միջոցներով սնվող լրատվական ընկերություններում կա ակնհայտ կախվածություն գործող իշխանությունի՞ց, թե՞ ձեզ սխալ եմ հասկանում։

– Միանշանակ այդպես է, որքան էլ ցավալի է, բայց մեզ մոտ պետական, իսկ հետո ազգային, հետո Հանրային հեռարձակողը, այսինքն՝ փոխելով իրենց կարգավիճակը՝ շատ քիչ են փոխում աշխատաձևը։ Այսինքն՝ կան անկախ լրատվամիջոցի դիմակ հագնելու ինչ-որ փորձեր, բայց այդ դիմակը բավականին արագ պատռվում է։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am