Հայաստանում նախ լռեցվելու են քաղաքական մրցակիցները, ապա՝ այլախոհ քաղաքացիները․ Խաժակյանը՝ իշխանության հաջորդ քայլերի մասին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքական գործիչ Դավիթ Խաժակյանը

– Պարո՛ն Խաժակյան, Սերժ Սարգսյանի նկատմամբ նոր քրեական հետապնդում է հարուցվել, Դատախազությունը Նարեկ Կարապետյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել, Գագիկ Ծառուկյանի շուրջ ընթացող զարգացումները ևս շարունակվում են: Ինչպե՞ս եք գնահատում այս ամենը:

– Նախ թույլ տվեք ասել, որ իշխանությունն այլևս չի էլ պնդում, որ դրանք զուտ իրավական գործողություններ են, քանի որ ամբողջ քարոզարշավի ընթացքում քաղաքական հայտարարությունների տեքստով հրահանգներ էին տրվում իրավապահ մարմիններին: Հետևաբար այս մասով իշխանությունը չի էլ թաքցնում, որ ուղիղ միջամտություն ունի իրավական գործընթացներին, ընդհակառակը՝ որոշակի հպարտություն կարող ենք նկատել դրանում: 

Այն, որ իրենց քաղաքական ընդդիմախոսների, մրցակիցների նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում, այլևս փաստ է, ու դա բնորոշ է երրորդ ժամկետի գնացած բոլոր ավտորիտար ղեկավարներին, անգամ՝ նրանց, որոնք հեղափոխությամբ ու դեմոկրատիա քարոզելով են եկել իշխանության, սա վերաբերում է և՛ Սաակաշվիլուն, և՛ Լուկաշենկոյին, և՛ Էրդողանին, բոլորին, որոնց այս տարածաշրջանում կարող ենք նկատել երրորդ ժամկետի գնալիս:

– Ո՞րն է այս ամենի նպատակը:

– Նպատակը քաղաքական դաշտը մրցակիցներից առավելագույնս մաքրելն է, քանի որ, ըստ սոցիոլոգիայի, իշխանությունը աջակիցներ ավելացնել չի կարող, բնականաբար, աջակիցները ժամանակի ընթացքում պակասում են: Որպեսզի կարողանա պահպանել, պետք է արդեն մրցակիցների ձայները նվազեցնի կամ թույլ չտա նրանց այս կամ այն գործընթացին մասնակցել: 

Մեր երկիրը շատ բան էր տեսել, բայց որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ակնհայտ քաղաքականացված որոշում կայացնի ու թույլ չտա մի խմբակցության խորհրդարանում ներկայացված լինել, չէինք տեսել: Սա դժվար կլիներ իրականություն դարձնել, եթե ԿԸՀ նախագահը չլիներ այս իշխանության նախկին պատգամավոր: Այդ մեկ-երկու ժամկետի ընթացքում իշխանությունը հասցնում է բոլոր սահմանադրական մարմինները իրենով անել ու հետո դա օգտագործել քաղաքական նպատակներով: 

-Պարո՛ն Խաժակյան, այս գործընթացներին հակազդելու ի՞նչ քաղաքական կամ իրավական գործիքներ ունի ընդդիմությունը։

– Այս ամենի դեմ պայքարելու միջոցն իհարկե այս տարվա խորհրդարանական ընտրություններն էին՝ միասնական ընդդիմադիր օրակարգով պայքար մղելու տարբերակով, ընդդիմությունը սա բաց թողեց, ու հիմա բոլորս պետք է քաղենք դրա դառը պտուղները: 

– Իսկ խորհրդարան անցած ուժերը կարո՞ղ էին մանդատներից հրաժարվելով ինչ-որ բան փոխել:

– Դա շատ բան չէր փոխելու, նույնը մենք տեսանք Վրաստանի վերջին ընտրությունների ժամանակ, բայց միևնույն է՝ մանդատներ չվերցնելով ոչինչ չփոխվեց: Իշխանությունն առանձին-առանձին բոլորի հարցերը հեշտությամբ լուծում է, բայց եթե միավորվեին՝ իշխանության համար հեշտ չէր լինելու: 

-Պարո՛ն Խաժակյան, այս գործընթացը կարո՞ղ է շարունակվել նոր մեղադրանքներով ու կալանավորումներով։ Եթե իշխանությունը շարունակի նույն տեմպով, ի՞նչ քաղաքական արդյունքի կամ ռիսկերի կարող է բախվել։

– Երկրի հետոն տեսնելու համար նայեք Թուրքիային, Բելառուսին, այն թվերին, երբ իշխանությունը գնաց երրորդ ժամկետի: Հաջորդաբար նույն գործողություններն էլ տեղի են ունենալու Հայաստանում, նախ՝ քաղաքական մրցակիցներն են լռեցվելու, ապա երրորդ ժամկետին վերջ կամ չորրորդ ժամկետին մոտ՝ պարզապես այլախոհ քաղաքացիները: Հետխորհրդային պատմությունը այս առումով առնվազն 30 տարով շեղում չի տվել, բոլոր ղեկավարների երրորդ ժամկետները այդպիսին են՝ անկախ նրանից, թե ոմանք ասում են, որ մեզանում վարչապետական համակարգ է, ու այստեղ երրորդ ժամկետ հասկացություն չկա: 

-Պարո՛ն Խաժակյան, ինչո՞ւ միջազգային իրավապաշտպան կառույցները չեն արձագանքում ներհայաստանյան այս զարգացումներին։

– Որովհետև Փաշինյանը վայելում է այն բևեռի համակրանքը, որը մշտապես խոսել է մարդու իրավունքներից: Ընդ որում՝ համակրում է, ոչ թե որ Փաշինյանը համապատասխանում է դեմոկրատական չափանիշներին, այլ որովհետև Փաշինյանն իր արտաքին քաղաքականությունը վարում է այնպես, ինչպես ձեռնտու է այդ բևեռներին, բայց ոչ Հայաստանին: Վրաստանի նախկին նախագահ Սաակաշվիլուն էլ էին համակրում նրա համար, որ նա դարձավ Ռուսաստանի դեմ Արևմուտքի գործիքը: Հիմա նույնը տեղի է ունենում Փաշինյանի դեպքում: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am