40 մլն դրամ՝ մարզիկներին վիտամիններով և չարգելված սպորտային հավելյալ սննդով ապահովելու համար

ՀՀ կառավարության ապրիլի 1-ի նիստում հաստատվել է «ՀՀ հավաքական թիմերի մարզիկների ֆունկցիոնալ վիճակի արդյունավետության բարձրացման նպատակով վիտամինիզացիայի և չարգելված սպորտային հավելյալ սննդով ապահովում» ծրագիրը: 

Դրա իրականացման համար ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական հատկացումների շրջանակում կատարվել է վերաբաշխում և տրամադրվել 40 մլն դրամ: Գումարը հատկացվելու է մարզական ֆեդերացիաներին՝ մարզիկների ֆունկցիոնալ վիճակի արդյունավետության բարձրացման նպատակով վիտամինիզացիայի և չարգելված հավելյալ սննդով ապահովելու համար: 

Այս շրջանում մարզաձևերի հավաքական թիմերը նախապատրաստվում են Օլիմպիական խաղերի համար վարկանիշային մրցաշարերին, աշխարհի, Եվրոպայի առաջնություններին և ամռանը Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերին: Հաշվի առնելով կայուն ֆունկցիոնալ վիճակ ձեռք բերելու և նախապատրաստական ուսումնամարզական հավաքների արդյունավետության բարձրացման գործում մարզիկներին վիտամիններով և չարգելված սպորտային հավելումներով ապահովելու կարևորությունը՝ ակնկալվում է, որ ծրագրի կիրառումը կնպաստի վերոնշյալ մրցումներին հայ մարզիկների՝ բարձր արդյունքներ գրանցելուն:

Հավելենք, որ ծրագիրը կկիրառվի առնվազն մինչև այս տարեվերջ, իսկ շարունակականության վերաբերյալ որոշում կայացվելուց հետո այն կներառվի ՀՀ ԿԳՄՍ նախարարության 2022-2024 թթ. ՄԺԾԾ նախագծում՝ որպես նոր միջոցառում՝ ոլորտին տրամադրվող ընդհանուր հատկացումների շրջանակում:

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ