Տեսակետ. Արջի ծառայություն, կամ ինչո՞ւ էր Նիկոլ Փաշինյանը ժպտում լաչառ կնանիքի ոհմակին

Տեսակետ. Արջի ծառայություն, կամ ինչո՞ւ էր Նիկոլ Փաշինյանը ժպտում լաչառ կնանիքի ոհմակին
Տեսակետ. Արջի ծառայություն, կամ ինչո՞ւ էր Նիկոլ Փաշինյանը ժպտում լաչառ կնանիքի ոհմակին

«Խաթաբալա» ֆիլմում մի զվարճալի տեսարան կա, երբ երեք «մայեթնոց» լացող պառավներ են բերում սուտ մեռելի վրա լացելու համար:
Ինչքան զվարճալի է այդ տեսարանը, նույնքան ողբերգական է տեսնել, որ մեր օրերում դրանք իրական են դարձել, միս ու արյուն ստացել ու եկել-կանգնել են Մալաթիա-Սեբաստիա համայնքի բակերից մեկում` իբր արտահայտելու իրենց կարծիքը:

Հատուկ ուշադրություն անհրաժեշտ չէր նկատելու համար, որ այդ ոհմակը բակի բնակիչներից չէր կազմված, միգուցե կային և վերջիններս, բայց «ակտիվ» զանգվածը կարծես վատ բեմադրված հայկական սերիալից լիներ:

Կանայք պայուսակներով էին, հիմնականում բարձրագոռգոռ ճառերից հետո գնում էին հետին պլան, որ թույլ տան մյուս դերակատարներին էլ արտասանել իրենց բաժին տեքստը ու հրճվանքով նայել կողքիններին` «լավ ասեցի, չէ՞» ենթատեքստով: Ոստիկանները չմիջամտեցին, ընդհակառակը` Փաշինյանին հորդորեցին հեռանալ, որ «ժողովուրդն» ավելի չբորբոքվի:

Սրանից օրեր առաջ մեկ այլ թեկնածու` Սամվել Ալեքսանյանի մտերիմ ընկեր Ռուբեն Հայրապետյանը, ի պատասխան Փաշինյանի հետ` հեռուստաբանավեճի հնարավորությանը, ասաց, որ Նիկոլը իր կալիբրի չի, իսկ մեկ այլ հարցազրույցում, երբ խոսքը ՀԱԿ-ի թեկնածու Գայանե Առուստամյանին էր վերաբերում, ասաց, որ դա լաչառ ա երևում` Նիկոլի նման, որ «կարա թռնի-ճանկռի… ի՞նչ եմ անելու…»

Ստացվում է` Հայրապետյանը` ի դեմս Սամվել Ալեքսանյանի, ուղարկեց Փաշինյանի կալիբրի լաչառներին այդ չարաբաստիկ դեբատին, որից այդքան խուսափում են մեր գործարար պատգամավորության թեկնածուները:

Իսկ թե ինչո՞ւ են խուսափում կիսաստվածները Նիկոլի նման մանր կալիբրի ու լաչառ թեկնածուի հերուստաբանավեճի հրավերից, դժվար չէ կռահել:

Այս միջադեպը, սակայն, ունեցավ անսպասելի շրջադարձ, որը մեր «խորամանկ» կազմակերպիչները ամենևին չէին նախատեսել: Youtube կայքում հայտնված տեսանյութը ընդամենը ժամերի ընթացքում ունեցավ 12.000 դիտում և 600-ից ավելի քոմենթ, մարդիկ նողկանք, դառնություն ու հիասթափություն էին արտահայտում: Ավելին` շատերը թողել են նման մեկնաբանություններ. «Կեցցե~ Սամվել Ալեքսանյանը: Պայքարին այսքան լիցք հաղորդելու համար մի քանի հզոր հանրահավաք էր անհրաժեշտ: Պոռնիկներին նույնպես շնորհակալություն»: Շատ են նաև մարդիկ, որոնք կտրականապես փոխեցին իրենց քաղաքական կողմնորոշումները. «Հանդիսանալով թիվ 7 ընտրատարածքի ընտրող՝ որոշել էի նախքան այս դեպքը բոլորին դեմ քվեարկել, բայց լավ էլ կողմ եմ քվեարկելու, Նիկոլին էլ ընտրելու եմ…» կամ` «Ես Նիկոլին չեմ ընդունում, բայց էս վիդեոյում տեսած պառվաբոզերը ներվերս ընենց քայքայեցին, որ Բանգլադեշ ինչքան ծանոթ ունեմ` զանգելու եմ խնդրեմ, որ ընտրեն Նիկոլին»:

Այս ամենը կմնար կատակերգության ժանրում, եթե չլիներ այն չարաբաստիկ մտավախությունը, որ այս կանանց ոչ միայն վարձել են 5000 կամ ավելի դրամով, այլ նաև ստիպել են, ահաբեկել ու սպառնացել բազմազան լծակներով, որոնք ունեն մերօրյա կիսաստվածները: Ովքե՞ր են այս ամենի հիմնական մեղավորները` վարձողնե՞րը, թե՞ վարձվողները: Արդյոք բարոյականությունը դեռ տեղ ունի՞ ընտրապայքարում, թե՞ ամեն ինչ թույլատրվում է` հասնելու բաղձալի պատգամավորական մանդատին:

Վահե Ներսեսյան

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ`

© Medialab.am